Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի այդ «ы» օպերացիան կամ ինչպես եղավ, որ ՀՀԿ-ականները Գագիկ Հարությունյանի ծննդյան օրը «փոխեցին». ԱԺ-ում բացում են «Թովմասյանի խաղաքարտերը»

Փետրվար 06,2020 14:14

ՀՀ սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագծի առաջին ընթերցման օրակարգով ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել: Նախագիծը ներկայացնելիս` «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախ անդրադարձավ ստեղծված իրավիճակի նախապատմությանը. «2013-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին, այդ ժամանակ Հրայր Թովմասյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը: Նա ի պաշտոնե ընդգրկվեց այդ հանձնաժողովի կազմում: Հանրային ընկալմամբ, 2015-ի սահմանադրության նախագծի հեղինակը համարվում է Հրայր Թովմասյանը:

Հետագայում, երբ այդ փաստաթուղթը եկավ խորհրդարան, Հրայր Թովմասյանը տեղափոխվեց խորհրդարան, արդեն խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում, այսինքն, ինքը տեղափոխվեց խորհրդարան, որպեսզի այդ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքում որեւէ խոչընդոտ, խնդիրներ չառաջանան եւ, ի վերջո, 2015-ի դեկտեմբերի 6-ին մենք ունեցանք նոր խմբագրությամբ Սահմանադրություն:

2017-ին, երբ արդեն Հրայր Թովմասյանը ստանձնեց պատգամավորի լիազորությունները եւ միեւնույն ժամանակ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, օրենսդրական փոփոխությունների մի զգալի մասը, բխեցնելով սահմանադրությունից, նա արդեն հասցրել էր անել:

Բայց գործընթացի հանգուցալուծումը պիտի լիներ 2018-ին, որը պիտի մատնացույց աներ Հրայր Թովմասյանի այդ «ы» օպերացիայի բուն նպատակը: Ինչու «ы», ինչպես հայտնի ֆիլմում են ասում, որ ոչ ոք գլխի չընկնի, մինչեւ այն պահը,երբ Հրայր Թովմասյանը խաղաքարտերը կբացեր, իսկ դա ՍԴ նախագահ կարգվելն էր:

Բայց մի խոչընդոտ եղավ. պարզվեց՝ Գագիկ Հարությունյանի ծննդյան օրը հնարավոր չէր փոխել: Այդ ժամանակ՝ մարտի սկզբին Գագիկ Հարությունյանը դեռեւս գործող ՍԴ նախագահ էր, իսկ իր լիազորություններն ավարտվում էին մարտի 23-ին: Դե մարդու ծնունդը հնարավոր չէր փոխել, հո զոռով չես կարող փոխել: Բայց այնպես եղավ, որ ծնունդի օրը փոխեցին: Գագիկ Հարությունյանը 20 օր առաջ վաղաժամ հրաժարվեց ՍԴ նախագահի պաշտոնից:

Այստեղ առանցքայինը կայանում է նրանում, որ Գագիկ Հարությունյանը ոչ թե ՍԴ անդամի պաշտոնից հրաժարվեց, այլ՝ հատուկ հրաժարվեց միայն ՍԴ նախագահի պաշտոնից: Այդ ժամանակ պատճառաբանվեց, թե քանի որ ԲԴԽ նախագահ ընտրվել, երկու պաշտոնը համատեղելու խնդիր չառաջանա, բայց իրականում այդ անհամատեղելիությունը մնում էր, որովհետեւ նա շարունակում էր պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր: Այդ խնդիրը չէր լուծվում: Եվ եթե Հարությունյանը հրաժարվեր դատավորի պաշտոնից, այդ ընթացակարգը դատավորի պաշտոնից հրաժարվելու էլի հնարավորություն չէր տա, որպեսզի Հրայր Թովմասյանը հնարավորինս շուտ դառնա ՍԴ նախագահ:

Իսկ ի՞նչ տեղի կունենար, եթե, ասենք, գնային առանց հափշտակության, առանց աճպարարության, գրությունները այս կողմ, այն կողմ տանելու, ուղղակի սպասեին, որ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվեր մարտի 23-ին, նոր դրանից հետո Հրայր Թովմասյանն իր երազանքն իրականացներ, դառնար ՍԴ նախագահ: Խնդիրն այն է, որ այդ ժամանակ վերջին քառօրյան ավարտվում էր հենց մարտի 23-24-ին, հաջորդ քառօրյան, որի ժամանակ կարող էին Հրայր Թովմասյանին կարգել ՍԴ նախագահ, սկսում էր ապրիլի 10-ից, իսկ ապրիլի 9-ին ուժի մեջ էր մտնում սահմանադրության նոր խմբագրության 7-րդ գլուխը եւ այդ դեպքում արդեն ուղղակի Հրայր Թովմասյանը, եթե նույնիսկ դառնում էր ՍԴ նախագահ, նա դառնում էր 6 տարի ժամկետով, ոչ թե մինչեւ 65 տարին լրանալը: Այսինքն, այդ ամբողջ աճպարարության նպատակը, որպեսզի Սահմանադրության 7-րդ գլուխը նպատակ տային, այն Սահմանադրության, որն իրենք էին գրել»:

Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, թե ՀՀԿ-ականներն ինչպես էին գովերգում Սահմանադրության նախագիծը, ասում էին, որ ՍԴ նախագահը 6 տարով է լինելու, ռոտացիա կլինի, ՍԴ նախագահ կնշանակեն ՍԴ դատավորները, մինչդեռ ամեն ինչ այլ կերպ էին դասավորել. «Այս ամենը իրենք իրենց գործողություններով փաստացի ի չիք դարձրեցին»:

Վահագն Հովակիմյանն անդրադարձավ նաեւ գործող ՍԴ-ի լեգիտիմությանը, այդ մասին՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829