Հեղափոխությունից հաշված օրեր անց պաշտոնանկ արվեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենը։ Մայիս ամսին՝ բուհերի ընդունելության քննությունների նախօրյակին, ԳԹԿ տնօրենին պաշտոնանկ անելն այնքան էլ խելամիտ որոշում չէր։ Բայց հաշվի առնելով երկրում տիրող էյֆորիան՝ ինչ-որ կերպ այդ քայլը հասկանալի էր։ Հասկանալի չէ, թե ինչո՞ւ մինչև հիմա՝ հեղափոխությունից շուրջ 2 տարի անց, ԳԹԿ-ն չունի տնօրեն։ Իսկ ԳԹԿ-ն Հայաստանի կրթության համակարգի կարևորագույն օղակներից է, որը ոչ միայն քննություններ կազմակերպող օղակ է, այլև գնահատման քաղաքականություն մշակող և իրականացնող։ Գաղտնիք չէ, որ հենց գնահատման որակից է կախված կրթության համակարգի գործունեությունը։ Սովորաբար մարդիկ սովորեցնում և սովորում են այն, ինչը գնահատվում է, քննությունների ժամանակ ստուգվում։
ԳԹԿ-ի «լավ մարզավիճակը» կարևոր է նաև այն առումով. որ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշում ընդունեց 2021 թվականին PISA միջազգային ստուգատեսին մասնակցելու մասին։ Այդ ստուգատեսին պատշաճ մասնակցելու համար կարևոր է, որ ԳԹԿ-ն նախնական աշխատանքներ կատարի դպրոցների հետ, որպեսզի դպրոցները պատրաստ լինեն, և Հայաստանի արդյունքները չլինեն շատ ցածր։ Այս պահին դեռևս պարզ չէ, արդյո՞ք Հայաստանը կմասնակցի այդ ստուգատեսին։ Համենայնդեպս, դպրոցներում տեղյակ էլ չեն նման ստուգատեսի, դրա ժամանակ տրվող առաջադրանքների մասին։
Ընտրված տնօրեն չունի նաև Մանկավարժահոգեբանական աջակցության հանրապետական կենտրոնը։ Այս կառույցի դերը նույնպես շատ կարևոր է, քանի որ կենտրոնը համընդհանուր ներառականության անցնելու գործընթացում առանցքային դեր ունի։
Կառավարման ոլորտի ձախողում կարելի է համարել նաև Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) լուծարման գործընթացը։ Դեռևս 2018թ. հուլիսին ԿԱԻ աշխատակիցները տեղեկացվեցին, որ ինստիտուտը լուծարվելու է: Շուրջ մեկ տարի անորոշության մեջ գործելուց հետո, վերջապես 2019թ. ամռանն ինստիտուտը լուծարվեց։ Բայց առ այսօր ինստիտուտի փոխարեն ոչինչ չի ձևավորվել։ Այս անթույլատրելի հապաղումը բավական թանկ է նստելու մեր կրթական համակարգի վրա։ Ճիշտ կլիներ ոչ թե լուծարել ինստիտուտը, այլ՝ այն բարեփոխել նոր խնդիրներ դնելով, կադրային փոփոխություններ իրականացնելով։ Մյուս տարբերակն այն էր, որ պետք է նախապատրաստվեր նոր կառույցի ստեղծումը, հետո նոր լուծարվեր գործողը, որպեսզի դատարկություն չառաջանա: Ընդ որում, այս ամենն արվեց այն փուլում, երբ մշակվում է Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, և աջակցող բովանդակային կառույց ունենալն անհրաժեշտություն է։ Այս պահին դեռևս անորոշ է, թե երբ կստեղծվի այդ կառույցը։ Բայց պարզ է, որ զրոյից ստեղծվող ցանկացած կառույցի համար ժամանակ է պետք լիարժեք գործունեություն ծավալելու համար։
Կարդացեք նաև
Այսպիսով, բովանդակության, գնահատման և ներառական կրթության համար պատասխանատու երեք կառույցներ տեւական ժամանակ աշխատում են անորոշության մեջ, իսկ բովանդակության համար պատասխանատու կառույց այս պահին չունենք, ինչն անթույլատրելի է։
Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում