«Ես գիտեմ, որ ԵԱՀԿ եւ ԵՄ երկրների դեսպանները եղել են այստեղ, հանդիպել ԱԺ նախագահի հետ: Ենթադրում եմ, որ ԱԺ նախագահը ներկայացրել է, թե ինչ են ուզում անել: Փորձել են դեսպաններին համոզել, որ ամեն ինչ նորմալ է, բայց նման հանդիպումների ժամանակ դեսպանները լսում են, որովհետեւ պետության ներքին գործն է: Բայց դեսպանները զեկուցում են իրենց մայրաքաղաքներին, որտեղից երկիրը ստանում է ազդակները, որոնք ստանում են նման խախտումների եւ սխալ գործընթաց սկսելու պարագայում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, որ միջազգային կառույցները դժգոհ են Սահմանադրական դատարանին առնչվող «Իմ քայլի» օրինագծից, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ՍԴ-ն շրջանցող աղմկոտ օրինագծի հետկանչմանը, Էդմոն Մարուքյանը հետեւյալ շեշտադրումներն արեց. «Օրինագիծը մի քանի անգամ հետաձգվեց: Պատկերացնո՞ւմ եք՝ որքա՞ն կարելի է նման կարեւոր գործընթացն անլրջացնել եւ լինել անորոշ, չիմանալ, թե ինչ ես ուզում անել: Պատկերացրեք, թե որքան խնդրահարույց է այդ փաթեթը, որ որքան շտկում են՝ էլի շտկելու տեղ կա: Որքան էլ շտկեն, այն չի կարող շտկվել, որովհետեւ էությունը հակասահմանադրական է: Իրենք էլ են հասկանում, որ շատ խնդրահարույց փաթեթ են բերել»:
Մարուքյանն «Իմ քայլի» օրենսդրական փաթեթը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Քաղաքական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրության այն հոդվածը, որն ուզում է փոխել, կարող է փոխել խորհրդարանում, բայց երկրորդ ընթերցման փաստաթղթեր չեն ներկայացրել: Ինչո՞ւ, որպեսզի առաջին ընթերցումից հետո տապալեն նախագիծը, որ գնա հանրաքվեի: Եթե այդ փոփոխությունը կարող է անել խորհրդարանը, ինչո՞ւ եք ժողովրդին տանում ընտրատեղամասեր: Ինչո՞ւ է պետք մինչեւ մայիս ունենալ քարոզարշավ եւ մի հոդված փոփոխելու համար ժողովրդին տանել ընտրատեղամասեր: ՍԴ եզրակացությունը երկու պարագայում էլ պետք է: Երկու դեպքում էլ ապօրինի է, բայց ինչո՞ւ ԱԺ-ում չեն ընդունում, այլ տանում են հանրաքվեի»:
Էդմոն Մարուքյանը կրկնեց իշխանությանն ուղղված հարցադրումը. «Ինչո՞ւ եք քաղաքացիներին ուզում տանել ընտրատեղամասեր: Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ նախկին իշխանության ներկայացուցիչներին քարոզարշավի մասնակցելու հնարավորություն տալիս, ինչո՞ւ եք նրանց հնարավորություն տալիս բանտերից եւ ազատության մեջ եղած ժամանակ դառնալ քարոզիչներ: Մեկը մտածե՞լ է սրա մասին: Այս իշխանությունն անդադար իր ոտքի վրա կրակելով է զբաղված: Երբ ասում ենք, որ ոտքին կրակել պետք չէ, չեն հասկանում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ