Նախորդ տարվա վերջին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում, ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ։ Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել «Վաղարշ եւ որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանը՝ ժողովրդին հայտնի Ոսկու Վաղարշ մականունով՝ «Ոսկու շուկա»-ի սեփականատերը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Աբրահամյանը ԱԱԾ-ին հայտնել է, որ իր ընկերությունը Բեգյարյանին կաշառք է տվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գնաց հրապարակման հետքերով՝ հասկանալու համար, թե ինչ կաշառքի մասին է խոսքը։ Եվ, ահա, տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Բեգլարյանը իր՝ քաղաքապետ աշխատած տարիներին մի խումբ գործարարների, որոնց մեջ եղել է նաեւ Վաղարշ Աբրահամյանը, հորդորել է Երեւան քաղաքի դպրոցներից մեկը նորոգել, մյուսին՝ մանկապարտեզի նորոգումն է բաժին հասել, մեկ այլ գործարար տոնածառ է գնել եւ այլն։ Ասել է թե՝ Երեւան քաղաքի համար այս կամ այն աշխատանքն են իրականացրել։ Եվ, ահա, Վաղարշ Աբրահամյանը, որը, ըստ տեղեկությունների, «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակա հրապարակի համար տոնածառ է գնել՝ իր զարդարանքներով, որոշել է հետհեղափոխական Հայաստանում բողոքել իրավապահներին, որպեսզի Երեւանի նախկին քաղաքապետին պատժեն։ Ի դեպ, հայտնի դարձավ, որ գումարը այն տոնածառի, որ Վաղարշ Աբրահամյանը գնել է, չի տվել Երեւանի քաղաքապետարանին, այլ փոխանցել է այն ընկերությանը, որից գնել է այդ տոնածառը։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կաշառքի պատմություն է։ Նա հայտնեց, որ ժամանակին իր շատ գործարար ընկերների է խնդրել Երեւանի համար այս կամ այն աշխատանքը իրականացնել. «Բոլորը սիրով արել են։ Եղել են մարդիկ, որ դա արել են դժկամությամբ, բայց մեկ է, արել են։ Իմ խնդիրը եղել է քաղաքը կառուցելը եւ ամեն ինչ անելը մեր Երեւան քաղաքի համար, ինչին եւ հասել եմ։ Մարդիկ մանկապարտեզ են նորոգել, դպրոցներ են նորոգել, գույք են գնել քաղաքի համար, ու դա համարել կաշառք, ծիծաղելի է։ Եթե այդպես լինի, ապա իմ ընկեր Սամվել Կարապետյանը պետք է գնա բողոքի, որ ես իրեն ասել եմ, որ այս կամ այն համայնքի համար տոնածառ գնի կամ որեւէ ծրագիր իրականացնի, կամ Սամվել Ալեքսանյանը գնա բողոքի, որ իրեն ասել եմ՝ Մալաթիա վարչական շրջանի համար տոնածառ գնի, որը մինչեւ հիմա դրվում է ամեն տարի։ Կամ հազար գործ են արել մարդիկ քաղաքի համար։ Հիմա պետք է բոլորը գնան կաշառքի մասին բողոք ներկայացնե՞ն. սա աբսուրդ է»:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում