Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իմփիչմենթը ձախողվեց. ինչ շահեց Դոնալդ Թրամփը. BBC

Փետրվար 06,2020 12:06

ԱՄՆ Սենատը արդարացրեց երկրի նախագահ Դոնալդ Թրամփին. այսպիսով` երկրի պատմության մեջ արդեն երրորդ անգամ ձախողվեց գործող նախագահին իշխանությունից զրկելու փորձը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, 48 սենատոր կողմ է քվեարկել, որպեսզի Թրամփը մեղավոր ճանաչվի լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար, իսկ 52 սենատոր անմեղ է ճանաչել ԱՄՆ գործող նախագահին: Որպեսզի Թրամփին իմփիչմենթ հայտարարվեր, նրա հակառակորդները պետք է հավաքեին ձայների 2/3-ը: Այս հոդվածով իմփիչմենթին կողմ են քվեարկել սենատի բոլոր դեմոկրատները և մեկ հանրապետական:

Ինչ վերաբերում է երկրորդ մեղադրանքին՝ Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելուն, 47 սենատորներ մեղավոր են ճանաչել Թրամփին, իսկ 53-ը՝ դեմ են քվեարկել իմփիչմենթին:

Ի՞նչ շահեց Թրամփը

Դեմոկրատները չէին կասկածում, որ ԱՄՆ նախագահը սենատում քվեարկությունից հետո աղմկահարույց կերպով հայտարարելու է իր հաղթանակի մասին: Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին, մեկնաբանելով սենատում քվեարկության հավանական ելքը, բազմիցս հայտարարել է, որ դա ոչ մի նշանակություն չունի: Նրա կարծիքով՝ Դոնալդ Թրամփը ամեն դեպքում կմտնի պատմության մեջ որպես ԱՄՆ երրորդ նախագահ, որին իմփիչմենթ է հայտարարվել:

Քաղաքագետները վստահ են, որ սենատի քվեարկության արդյունքները Թրամփը կօգտագործի ընտրարշավում: Սթոնի Բրուք համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ջոնաթան Սանդերսը չի բացառում, որ իմփիչմենթի փորձը նոր ձայներ կբերի Թրամփին: «Նա որպես հաղթանակ կներկայացնի այս ամենը, իսկ նրա կողմնակիցները ևս մեկ անգամ կհամոզվեն, որ քվեարկում են իսկական հերոսի համար, որը մարտահրավեր նետեց Վաշինգտոնի իսթեբլիշմենթին:»

Հարվարդի համալսարանի Կառավարական դպրոցի հիմնադիր Մարվին Քալբը կարծում է, որ սենատի որոշումը Թրամփի համար հիմք կհանդիսանա առ այն, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել: «Այնպես որ օտարերկրյա պետությունների առաջնորդները պետք է պատրաստ լինեն, որ ԱՄՆ նախագահը մշտապես կդիմի իրենց տարբեր խնդրանքներով, ինչպես Զելինսկիի դեպքում: Իսկ եթե Թրամփը հաղթի 2020թ. նոյեմբերի ընտրություններում, ապա Կոնգրեսը գրեթե լծակներ չի ունենա նրա գործողությունները վերահսկելու համար. նա արդեն իսկ հաղթահարել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարդ քաղաքական փորձությունը և կկարծի, որ կարող է անել, ինչ ցանկանա»:

Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս Ռիչարդ Ֆրոլիկը չի բացառում, որ սենատում լսումների ժամանակ Թրամփի փաստաբանական թիմի գործողությունները կարող են շատ վտանգավոր նախադեպ ստեղծել: «Սպիտակ տունն ամիսներ շարունակ հրաժարվում էր օրենսդիրներին ներկայացնել փաստաթղթեր, որոնք նրանք պահանջում էին, և արգելում էր վկաներին ցուցմունք տալ: Բայց Թրամփը որևէ պատիժ չկրեց, և սենատն արդարացրեց նրան: Այս ամենից հետո վարչակազմում կարող է կարծիք ստեղծվել, որ Կապիտոլիումի շենքում համաձայն են, որ պետության ղեկավարն իրավունք ունի մերժել Կոնգրեսի ցանկացած պահանջ, իսկ օրենսդիրները կկորցնեն գործադիր գործող իշխանության գործողությունները վերահսկելու հնարավորությունը»:

Միևնույն ժամանակ Վաշինգտոնում միևնույն ժամանակ չեն բացառում, որ իմիփիչմենթի փորձը դեմոկրատների պայքարի գլխավոր դրվագը չէ: Այժմ Կոնգրեսի մի քանի կոմիտեներ շարունակում են սեփական հետաքննությունը ԱՄՆ նախագահի նկատմամբ: Թրամփի դեմ քրեական և քաղաքացիական հայցեր կան Նյու Յորքի և Լոս Անջելեսի դատախազություններում:

Հիշեցնենք, որ Թրամփի շուրջ աղմկահարույց այս պատմությունը սկիզբ էր առել դեռ 2019թ.՝ Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո: Դեմոկրատները պնդում էին, որ ԱՄՆ նախագահը չարաշահել է լիազորություններն ու պահանջել, որ Կիևը հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ, ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենի և նրա որդու դեմ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829