Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը շրջանառության մեջ է դրել մի շարք նախագծեր, որոնցով փորձ է արվում տապալել երկրի սահմանադրական կարգը. «Ազգային օրակարգ»

Փետրվար 06,2020 11:51

Հանուն սահմանադրության

Գործող քաղաքական իշխանությունն անցած տարվանից սկսած նախաձեռնել է Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումների բազմամակարդակ գործընթաց՝ նպատակ ունենալով իր կամքը պարտադրել սահմանադրականության ապահովման բացառիկ իրավասություն ունեցող այս պետական մարմնին: Այս նպատակով գործադրվել են քաղաքական հայտարարությունները, կարգապահական պատասխանատվություն կիրառելու մասին միջնորդություն, քրեական գործերի հարուցում, տարատեսակ քննչական գործողություններ, հայտնի «Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու մասին օրենք», սակայն դրանք չհասան իրենց նպատակին։

Այժմ, այս գործընթացը ստացել է իր ծայրահեղ դրսևորումը՝ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունը շրջանառության մեջ է դրել մի շարք սահմանադրական օրենքների փոփոխության, և «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծեր, որով ուղղակիորեն փորձ է արվում տապալել երկրի սահմանադրական կարգը՝ զրկելով Սահմանադրական դատարանը իր մի շարք առանցքային լիազորությունից և կամայականորեն դադարեցնելով գործող դատավորների պաշտոնավարումը։

Սահմանադրական դատարանի՝ քաղաքական իշխանությունների փոփոխության դեպքում շարունակականության ապահովման սկզբունքն ուղղակիորեն բխում է սահմանադրականության էությունից և պետք է պահպանվի որպես ժողովրդավարական կարևոր ձեռք բերում: Իշխանությունների կողմից սա փոխելուն ուղղված ցանկացած գործողություն մարտահրավեր է իրավունքի գերակայությանը և իշխանություններ բաժանման և հավասարակշռման սկզբունքներին, և մեծագույն վտանգներ է ստեղծում մեր երկրի ապագա զարգացման համար: Այն Հայաստանի Հանրապետությունը դնում է ժողովրդավարական երկրների ընտանիքից ինքնամեկուսացնելու վտանգի տակ, ինչն էլ իր հերթին հղի է արտաքին քաղաքականության լրջագույն մարտահրավերներով և ներքաղաքական ապակայունացմամբ:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը պահանջում է գործող իշխանություններից՝ դադարեցնել այս արկածախնդրությունը և գործել երկրի հիմնական օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։ Միևնույն ժամանակ, կոչ ենք անում երկրի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին և անհատ քաղաքացիներին՝ միաբանվել և միահամուռ դիմադրել Սահմանադրական կարգի տապալման այս արկածախնդիր փորձին:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829