Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ, նա երբևիցե ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից. Արթուր Վանեցյան

Փետրվար 06,2020 10:53

Տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին խոսելով, ուղղում մտցրեց, որ խոսքը մարտի 1-ի գործի բացահայտման մասին է և նշեց, որ առաջնահերթությունը պետք է տրվի տասը սպանված մարդկանց սպանությունների բացահայտմանը, և հարց է՝ արդյոք այսօրվա քննությունը նպաստո՞ւմ է դրան, թե՞ ոչ: Այնուհետև պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ: Այս հայտարարությունից հետո լինելու են տարբեր մեկնաբանություններ: Ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ, և նա երբևիցե իր որևէ քայլով ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից: Ճիշտ կլիներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա կթուլացներ հասարակական որոշ շրջաններում լարվածությունը և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը»:

Իր և Նիկոլ Փաշինյանի ծանոթության մասին ևս մեկ անգամ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ճանաչել է իր ընկերոջ՝ Ալեն Սիմոնյանի միջոցով. «Մենք իրար հետ ծանոթացել ենք նրա միջոցով, մի քանի անգամ շփվել ենք, ինչպես վերջերս Ալեն Սիմոնյանը պատմեց, ինքն է ներկայացրել իմ թեկնածությունը Նիկոլ Փաշինյանին: 2018-ին ես եղել եմ ԱԱԾ գործող սպա, և գործող սպայի աշխատանքի գործառույթներից չի բխում մասնակցություն ունենալ որևէ քաղաքական գործընթացի»:

Հարցին՝ Իջևանում ծառահատումների ժամանակ իր ցուցաբերած ակտիվությունը կարո՞ղ է օգտագործվել որպես իր դեմ կոմպրոմատ, նա պատասխանեց. «Եթե ես չգնայի Իջևան, կարող էինք ունենալ բախումներ ոստիկանական ուժերի ու քաղաքացիների միջև, քանի որ որոշվել է այս երկրում, որ ճանապարհ փակելու, բողոքելու և բողոքի ձայն բարձրացնելու հարցում կա մենաշնորհ, և դրանից օգտվում են ոմանք: Ով խախտում է, պետք է շատ կոշտ արձագանքի արժանանա: Դա է եղել պատճառը, որ գնացել եմ Իջևան: Ինձ վրա կոմպրոմատներ լինել չեն կարող, քանի որ չեմ արել մի բան, որից կարող եմ ամաչել»:

Արթուր Վանեցյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց նաև Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և այլոց հետ իր կապերի մասին. «Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին անձամբ չեմ ճանաչում: Միքայել Մինասյանին ճանաչում եմ շատ վաղուց, քանի որ բոլոր նրանք, որոնք ծնվել են Երևանում ու գնացել են դպրոց, շփվել են իրար հետ: Այո, նրան ճանաչում եմ, ընկերներ չենք եղել, ունեցել ենք նորմալ շփումներ: Վերջին անգամ նրան հանդիպել եմ ԱԱԾ-ում՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և հանձնարարությամբ: Հանձնարարության բովանդակության մասին գիտեն երեք հոգի, ես և ևս երկու հոգի, որոնք այսօր իմ քաղաքական թիմից չեն: Մնացած հարցերով խնդրում եմ դիմեք նրանց: Ռամզան Քադիրովի հետ ունեցել եմ շփումներ, որոնց մասին պատմել չեմ ուզում, որպեսզի չվտանգեմ այն հնարավոր ծրագրերը, որոնք պետք է իրականանան մեր երկրում մեր երկրի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829