Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, բայց երբեք չեմ հրապարակի». Արթուր Վանեցյան

Փետրվար 06,2020 09:30

Տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ հանդիպմանը խնդրեցին փակագծեր բացել՝ ինչպե՞ս է աշխատել ԱԱԾ-ն, ի՞նչ հարաբերություն է ունեցել վարչապետի ու կառավարության հետ, ի՞նչ հանձնարարականներ են իջեցվել, այդ թվում անօրինական, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «20 տարվա օպեր աշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը երբեք չի պատմի իր անձնական և աշխատանքային զրույցների մասին վարչապետի հետ: Բայց, այնուամենայնիվ նշեմ, որ բազմիցս վարչապետը հրապարակայնորեն տվել է մեզ այնպիսի հանձնարարականներ, որոնք ուղղակի կատարման ենթակա չեն: Կառավարության նիստին ասում էր՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները: Հանձնարարում եմ ԱԱԾ-ին տեղորոշել սևազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում: Ի՞նչ սևազգեստ, ի՞նչ զինված մարդիկ: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ կան հորինված կերպարներ, որոնք իբր ահաբեկում են ժողովրդին: Նման ցածր մակարդակի է իջեցվում իրավապահ համակարգի գործունեությունը: Ծիծաղում են՝ մարդուն բերման են ենթարկում, և նա դուրս է գալիս ու ծիծաղել: Խորհրդային միության տարիներին ռուսերեն ասում էին՝ 15 «սուտկա» տվեցին՝ ով խելոք չէր պահում: Հիմա ով իշխանությանը դեմ է խոսում, խելոք չի պահում, թող 15 «սուտկա» տան, գոնե կասենք՝ մի օրենք են ընդունել: Ի՞նչ է նշանակում՝ մարդը ամբողջ օրը ոստիկանության դիմաց կանգնում է, գնում, հասնում է տուն, թևերը ոլորում են, բերում ոստիկանություն, կես ժամ հետո բաց թողնում»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ Ձեր նկատմամբ նման քայլեր ևս կկատարվեն, Արթուր Վանեցյանն ի պատասխան հայտնեց, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե գաղտնալսման գործով որպես վկա հարցաքննվելու, նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում է ցուցմունք տվել:

«Առավոտի» հարցին՝ երբ վարչապետը Ձեր կարծիքով՝ անհեթեթ հրամաններ էր տալիս, Դուք ի՞նչ էիք ասում՝ есть, հա՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Եթե ասեի есть, մինչև այսօր կշարունակեի մնալ ԱԱԾ տնօրեն, կլինեի բոլորի կողմից սիրված Վանեցյանը, ֆեյսբուքի թիվ մեկ սիրված հերոսը և չէի գնա… ես իմ ողջ ծառայության ընթացքում որևէ անօրինական հրաման չեմ կատարել: Թե ինչպես չեմ կատարել և շարունակել եմ պաշտոնավարել, այդ հարցի հասցեատերը ես չեմ. խնդրում եմ այդ հարցով դիմեք Նիկոլ Փաշինյանին»:

Արթուր Վանեցյանն ասաց, որ իր ազատման առաջին դիմումը եղել է գաղտնալսումից անմիջապես հետո, հետո ընթացքում և այս վերջինը:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կոնկրետ հանձնարարականներ եղե՞լ են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանի, Միքայել Մինասյանի վերաբերյալ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Հանձնարարականը եղել է հետևյալը՝ անկախ նախկինում և ներկայումս զբաղեցրած դիրքից, բոլոր նրանք, որոնք ՀՀ օրենքները խախտել են, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ես ի պաշտոնե կատարել եմ իմ վրա դրված խնդիրները և տեղյակ եք, թե քանի մարդ է ենթարկվել քրեական պատասխանատվության»:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչներին աջակցել է, Արթուր Վանեցյանը հիշեցրեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի դեպքը ու մանրամասնեց. «Իմ հրաժարականից հետո քանի՞ հոգի է նախկին իշխանություններից, այսպես ասած, թալանչիներից, ենթարկվել քրեական պատասխանատվության և քանի՞ լումա գումար է վերադարձվել, այսպես կոչված, թալանված փողերից: Եթե մեկ դեպք կհիշեցնեք, ես ներողություն կխնդրեմ: Այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Միհրանի Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված և կարճված քր գործ՝ օֆշորի հայտնի գործը: Քրեական գործի վերաբացելու եղանակն է այն, որ երևան եկած նոր հանգամանքներ պետք է լինեն և գլխավոր դատախազը տա թույլտվություն: ԱԱԾ-ն գրել է պաշտոնական գրություն գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերաբացել Միհրան Պողոսյանի գործը: Ինչ- ինչ պատճառներով, որը համոզված եմ վաղը կբերեն այդ պատճառաբանությունը, թե ինչու իրենք չհամաձայնեցին, որ գործը վերաբացվի, վերադարձվել է մեզ: Այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից: Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ տեղեկացրեց, որ մեկնի և ինչո՞ւ քրեական գործը չվերաբացվեց և ինչո՞ւ գլխավոր դատախազը չմտավ ԱԺ նրան զրկելու անձեռնմխելիությունից: Դրա մասին գիտի վարչապետը. հետևանքների մասին դատեք ինքներդ»:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ ծանոթության, նրա դեմ հանձնարարության և նրա հետ կատարվողի մասին Արթուր Վանեցյանն ասաց. «Հանձնարարականներ եղել են բոլորի նկատմամբ: Արդեն իսկ իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք չեն հանդուրժելու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ լինելու հանգամանքը: Հրայր Թովմասյանի հետ ծանոթացել եմ ՀՖՖ նախագահ դառնալուց հետո, քանի որ նրա որդին խաղում էր 14 տարեկանների հավաքականում, տաղանդավոր երեխա է, և Հրայր Թովմասյանը հաճախ էր գալիս խաղերին մասնակցելու, որտեղ էլ ծանոթացել ենք: Այն զարգացումները, որ եղան ՍԴ շուրջ վերջին շրջանում, ես չէի կարող ուղղակի լինել մասնակից նման զարգացումների: Ինձ ուղիղ հանձնարարական չի եղել: Իմ՝ հրաժարական ներկայացնելու հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնությունը և ես հնչեցրել եմ կանգառի սթափեցնող կոչը»:

Հարցին՝ կա՞ ինչ-որ բան, որ կարող եք հրապարակել, որից Նիկոլ Փաշինյանը կարող է վախենալ, խնդիրներ ունենալ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես երբևիցե չեմ հրապարակի մի բան կամ մամուլի լեզվով ասեմ՝ «սլիվ» անենք մամուլ, հետո այդտեղից վերցնենք, սարքենք իրականություն: Միշտ պայքարել եմ սլիվների դեմ, պետական գաղտնիքի պահպանման համար, պետական գաղտնիք, անձնական կյանքին վերաբերող տվյալներ ինձնից ոչ ոք չսպասի: Եթե ասեմ՝ չգիտեմ ինչ-որ տվյալներ, ուղղակի ինձ անլուրջ մարդու տեղ կդնեք: Ես չեմ ասում միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ես ընդհանրապես եմ ասում: Այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի, բայց ես դա երբեք չեմ հրապարակի: Նրանք, որոնք մտահոգված են, որ Արթուր Վանեցյանը մեծ ինֆորմացիայի է տիրապետում, նրան պետք է մեկուսացնել, այդ բոլորին խորհուրդ եմ տալիս, թե պետական գաղտնիքի պահպանման մասին մտածում եք, երկու-երեք ամիս առաջ լրատվամիջոցներից մեկում նախկին մի պաշտոնյա երկու- երեք պետական գաղտնիքի հրապարակում է արել, ինչո՞ւ մինչև այժմ պատասխանատվության չի ենթարկվում: Նրա՝ անմեղսունակ լինելու մասին բժշկական փաստաթղթեր չկան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Հաղթական ապստամբությունը կամ հեղաշրջումը բնորոշվում է որպես հեղափոխություն, իսկ եթե այն պարտվում է՝ բնորոշվում է որպես բունտ. սա քաղաքագիտական աքսիոմա է, որ ընդունես, թե չընդունես, մնում է ուժի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829