Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դավաճան կոչվելու գնահատականներից թող վախենան նրանք, որոնք դավաճանեցին հեղափոխության գաղափարներին». Արթուր Վանեցյան

Փետրվար 06,2020 09:15

«Բոլոր այն մարդիկ, որոնք կարողանում են մի քանի քայլ առաջ տեսնել ու հասկանալ, հասկանում են, թե ինչ է կատարվում այսօր մեր երկրում: Չբարձրաձայնել դրա մասին, կլիներ սխալ, հատկապես մի մարդու կողմից, որը տարիուկես զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը և վերջին քսան տարին աշխատել է ԱԱԾ-ում»,-տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով հիշեցմանը՝ իր հրաժարականի տեքստում խոսում էր վտանգների մասին, ի՞նչ վտանգների մասին է խոսքը: Նա նշեց, որ ստացվող տեղեկությունների վերլուծությունը հանգեցրել է նրան, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ-ում, դեռ սկսել է հինգ-վեց ամիս առաջ. «Ես կանխատեսել էի, որ հետևանքները ՀՀ-ի համար լինելու են ոչ բարենպաստ: Այսօր այդ վտանգներն ի հայտ են գալիս: Որպես օրինակ բերենք եվրոպական կառույցների վերջին երկու կոշտ գնահատականները ՀՀ նկատմամբ»:

Խոսելով իր և Նիկոլ Փաշինյանի միջև եղած տարաձայնությունների մասին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ դրանք եղել են քաղաքացու, հասարակության և պետության ընկալումների հետ կապված. «Նիկոլ Փաշինյանին հրաժարականիցս առաջ, առավել ևս հետո, ոչինչ պարտք չեմ, ես կատարել եմ իմ աշխատանքը, արել եմ ամեն ինչ, որ հեղափոխության ժամանակ տրված խոստումները հասարակությանը իրականան: Ես չեմ ափսոսել իմ՝ հրաժարական ներկայացնելու համար, այլ ափսոսում եմ նրա համար, որ մենք չենք կարողացել արդարացնել բազմահազարանոց մարդկանց հույսերը»:

Արդյոք չի՞ վախենում դավաճան կոչվելուց, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Դավաճան կոչվելու գնահատականներից թող վախենան նրանք, որոնք դավաճանեն հեղափոխության գաղափարներին: Թող դավաճան պիտակավորումից վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրայինից: Թող դավաճան պիտակավորումից վախենան նրանք, որոնք շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են և ասելու, թե չենք հասկացել ինչ ենք անում»: «Առավոտի» հարցին՝ անուններ կտա՞ք, Արթուր Վանեցյանն ասաց՝ անուններ չեմ տա, բայց խոսքը վերաբերում է այն շրջանակին, որն այսօր իշխանության մեջ է:

Հարցին՝ ովքե՞ր էին տվել հանձնարարություն պլանավորել և իրականացնել «տուշոնկա» շոուն և Ռոբերտ Քոչարյանի կալանքի օպերացիան, Արթուր Վանեցյանը պատասխանեց, թե չի կիսում այդ գնահատականը և պարզաբանեց. «ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և բացահայտել կոնկրետ հանցագործություններ: Թե հետագայում ինչ գնահատականներ տրվեցին այդ ամենին, դրա պատասխանատուն ես չեմ: Այն, ինչ ներկայացված է ԱԱԾ տարածած տեսանյութի մեջ, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Քննությունն իրականացվում է ՀՔԾ-ում: Այսօր ընթանում է դատաքննություն, և բոլոր ապացույցները հանրությանը դառնալու են հասանելի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829