Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի նորահայտ ամրոցների ցուցադրումը ՀՀ Ազգային ժողովում

Փետրվար 06,2020 12:00

Օրերս ՀՀ Ազգային ժողովը իր ճեմասրահը տրամադրել էր Արցախի ազատագրած տարածքների նորահայտ ամրոցների հետազոտական խմբի եռամյա աշխատանքների ցուցադրությանը: ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտնականները ցուցադրության են ներկայացրել մ.թ.ա. երկրորդ հազարամյակից մինչեւ ուշ միջնադար ընդգրկող 30 ամրոցներին նվիրված պաստառներ՝ լուսանկարներով, հանույթներով, ամրոցների մասին մանրամասն տեղեկություններով: Այս աշխատանքները հովանավորում է ԳԱԱ Հայագիտական ուսումնասիրությունների հիմնադրամը:


Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը իր շնորհավորական խոսքն ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանը: Պատգամավորը բարձր գնահատեց գիտահետազոտական խմբի աշխատանքը նոր ամրոցների հայտնաբերման ու այն գիտական աշխարհին ու հանրությանը ներկայացնելու գործում:

Ապա ելույթ ունեցավ հետազոտական խմբի անդամ, արձակագիր, հրապարակախոս, «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը: Նա ասաց, որ ցուցադրությունը Ազգային ժողովում են կազմակերպել, որպեսզի խորհրդարանի պատգամավորներն ավելի խորությամբ ընկալեն Արցախի ազատագրված տարածքների խնդիրները, նրանց հայկականության խորը արմատները, քանի որ այն նոր է Հայաստանի պատմությունում: Նա նշեց, որ եթե պատերազմում տարած հաղթանակը, պապական հողերի ազատագրումը գործի կեսն է, ապա մյուս կեսը դրանց լիարժեք բնակեցումն է, որը շարունակվում է թերությամբ իրականացվել:

Հյուրերից ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Կառլեն Ավետիսյանը, որը բարձր գնահատեց հետազոտական խմբի անդամներ Բակուր Կարապետյանի եւ Գագիկ Սարգսյանի կատարած հայրենանվեր աշխատանքը, ինչպես եւ դրանք հանրությանը ներկայացնելու մղումը: Պարոն Ավետիսյանը հայտնեց, որ օգտագործելով առիթը՝ ԱՀ նախագահի հանձնարարությամբ գրական, գիտական ու մշակութային ակտիվ գործունեության համար Բակուր Կարապետյանին է հանձնում Արցախի կառավարական բարձր պարգեւը՝ Վաչական Բարեպաշտ թագավոր մեդալը:

Իր ելույթում Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի խմբագիր Զոհրաբ Ըրքոյանը, որը զգալի ներդրում ունի հետազոտական խմբի աշխատանքներում, պատմեց այն դժվարությունների մասին, որոնք հաղթահարում է հետազոտախան խումբը:

Ապա ներկաների համար ցուցադրվեց Բակուր Կարապետյանի եւ ռեժիսոր ցի «Ճեղքված եկեղեցու ճիչը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Քաշաթաղի շրջանի Վարազգոմեր հինավուրց գյուղատեղիում հայտնաբերած 9-րդ դարի կիսակործան կենտրոնագմբեթ եկեղեցու մասին, հանրությանն առաջարկում միջոցներ գտնել վերականգնելու այն:

Ցուցահանդեսին եկած հյուրերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ ԱԺ եկած ԶԼՄ-ների նեկայացուցիչները անտարբեր էին ցուցահանդեսի նկատմամբ, հրաժարվեցին լուսաբանել այն, նախապատվություն տալով ԱԺ խմբակցության ղեկավար տիկին Մակունցի հայտարարությանը:

Թվում է, որ գիտության եւ մշակույթի բնագավառում նոր ցուցադրության լուսաբանումը կարող էր զգալի վարկ բերել Ազգային ժողովին, մանավանդ, որ դրա կազմակերպմանը իր նշանակալի ներդրումն է ունեցել ԱԺ աշխատակազմը:

Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829