Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա թող մնա իրենց խղճին»

Փետրվար 06,2020 12:30

Բալետի պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը՝ օպերային թատրոնից իր հեռացման ու գալիք ծրագրերի մասին:

– 2016թ. աշնանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ձեր «Հրաժեշտ բեմին» խորագրով երեկոն՝ մասնակցությամբ թատրոնի ձեր ճանաչված գործընկերների ու Երեւանի պարարվեստի քոլեջի սաների: Ըստ էության դա ձեր վեջին բեմելն էր, ինչից հետո արվեստագետների շրջանում սկսվեց ու մինչ օրս շարունակվում են խոսակցությունները ձեր անակնկալ հեռանալու առիթով: Նույնիսկ որոշ արվեստագետներ փաստում են, թե հայաստանյան բոլոր ժամանակների թատերարվեստում միակն եք, որ ինքնակամ հեռացաք թատրոնից: Իսկ ընդհանրապես ասում են, որ ինչ-ինչ պատճառ կամ պատճառներ են եղել նման որոշման համար, քանի որ դուք հիմա էլ հիանալի մարզավիճակում եք: Տարիներ անց գուցե բարձրաձայնե՞ք բեմից հեռանալու պատճառը:

– Կարծում էի հրավիրել եք հարցազրույցի՝ ծննդյանս հոբելյանի առիթով, որն օրերս նշեցի «Մարիոթում»՝ ընտանիքիս, մտերիմներիս հետ: Խոստովանեմ, որ վերջիններս էլ բեմից հեռանալու իմ հանկարծակի որոշման բուն պատճառը մինչ օրս էլ չգիտեն, նույնիսկ շատերը կարծում են, թե պատճառը Բեյրութի Համազգային պարի դպրոցի հրավերն էր, մինչդեռ  նման առիթներ բազմիցս եմ ունեցել Եվրոպայից ու Ամերիկայից: Պարզապես դա համընկավ: Ձեր հարցը միանշանակ հաճելի չէ ինձ համար, այդուհանդերձ, առանց մանրամասնելու, գոնե մտերիմներիս, արվեստիս երկրպագուների հետաքրքրասիրությունը բավարարելու համար ասեմ՝ օպերային տնօրենն ինձ խնդրեց, կրկնում եմ՝ խնդրեց, դիմում գրել ու ազատվել աշխատանքից: Փաստորեն, ես թատրոնից հեռացա իմ դիմումի համաձայն:

Ժակլին Սարխոշյանի ընտանիքը

– Ձեր ծննդյան հոբելյանի առիթով ընդունեք «Առավոտի» եւ մեր ընթերցողների շնորհավորանքը: Լիբանանում ձեր մանկավարժական եւ որպես խորեոգրաֆի գործունեությանը մենք մեկ-երկու անգամ անդրադարձել ենք, երբ ժամանել եք Երեւան: Իսկ ինչո՞ւ հոբելյանական երեկոն չնշեցիք թատրոնում, հենց ձեր խորեոգրաֆիայով Էդուարդ Համբարձումյանի «Երազը» ներկայացմամբ, մանավանդ որ՝ այն, եթե չենք սխալվում, 2012-13-ից խաղացանկում է:

– Հոբելյանս նշեցի հայրենիքում, առաջնորդվելով հայտնի երգի խոսքերով՝ «այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ»: Հիանալի գաղափար տվեցիք, դարձյալ հայտնի երգի խոսքերով պատասխանեմ, թեեւ այնտեղ ասվում է՝ «ցավոք, ծննդյան օրը տարվա ընթացքում մեկ անգամ է», բայց այդ մեկ անգամը կարող է լինել տարվա ցանկացած օր, ընդ որում, այս տարին հոբելյանական է նաեւ «Երազը» բեմադրությանս երաժշտության հեղինակի՝ Էդուարդ Համբարձումյանի համար (ժպտում է):

– Ձեր թույլտվությամբ տեղափոխվենք Բեյրութ: Նախ նշենք, որ վերջերս տեղի «Ազդակ» պարբերականը ձեր ծննդյան հոբելյանի առիթով ընդարձակ հոդված էր տպագրել, որտեղ նշվում էր Ամանորի շեմին ձեր խորեոգրաֆիայով ու սաների մասնակցությամբ Չայկովսկու «Շչելկունչիկ» ներկայացման պրեմիերայի հաջողության մասին: Բայց ինչպես հայտնի է, անցյալ տարվա աշնանից Բեյրութում անհանգիստ իրավիճակ է՝ բողոքի ցույցեր եւ այլն:

– Դա այդպես է, բայց պատկերացնո՞ւմ եք, նման իրավիճակում բեմադրության եւ դեկորները, եւ  զգեստները իրականացրինք իսկապես բարձր մակարդակով, անշուշտ, շնորհիվ Համազգային պարի դպրոցի տնօրինության աջակցության: Ի դեպ,  ներկայացումներին ներկա էին ոչ միայն հայկական, այլեւ արաբական ու ֆրանսիական դպրոցների սաներ: Բեյրութում գործունեությանս ընթացքում իրականացրել եմ իսկապես բազմաթիվ մանկական ներկայացումներ, այդ թվում՝ Պրոկոֆեւի «Մոխրոտը», «Հազար ու մի գիշերներից» «Ալի Բաբան ու ավազակները», «Կախարդական լամպը» եւ «Ճամփորդությունը»…, անցյալ տարի Թումանյանի ծննդյան հոբելյանի առիթով «Մի կաթիլ մեղրը»… Իրականացրել եմ նաեւ հանրահայտ «Մաուգլին» ու «Չիպոլինոն»: Այս ամենը ամուսնուս՝ պարուսույց Կարեն Մակինյանի հետ:

– Երբեւէ չե՞ք մտածել Երեւանում հիմնել մանկական բալետի թատրոն, մանավանդ որ, 2018թ. մեզ հետ հարցազրույցում նշել էիք, որ ձեր պայմանագիրը վերջանում է 2020թ. ամռանը:

– Մտածել եմ, բայց ոչ թե մանկական բալետի, այլ մանկական պարի թատրոնի մասին: Այդ առիթով, քանի որ դեռեւս մեկ-երկու օր Երեւանում եմ, կփորձեմ հանդիպումներ ունենալ, քննարկել ոլորտի կառավարիչների հետ: Տեսեք՝ Լիբանանում իմ բեմադրություններում ներգրավված է  շուրջ 400 սան: Հիշում եմ, որ ես ու իմ հասակակիցները դեռեւս 8 տարեկանից մասնակցել ենք Երեւանի օպերային թատրոնի մանկական ներկայացումներին՝ «Շչելկունչիկ», «Չոփչոփիկը», «Ճպուռն ու մրջյունը» եւ այլն, իսկ ինչո՞ւ Երեւանն էլ չունենա  մանկական պարի թատրոն, որի խաղացանկում իրենց տեղը կգտնեն մեր հեքիաթասացների ու ժամանակակից մանկագիրների  ստեղծագործությունները, անշուշտ, մերօրյա կոմպոզիտորների երաժշտությամբ:

– Ժամանակին երեւանյան «Սպարտակի» բեմադրական աշխատանքների ժամանակ Յուրի Գրիգորովիչը մեզ հետ զրույցում ասել էր, որ ձեր դեմքը երբեմն հիշեցնում է Մայա Պլիսեցկայային, որը իր մահկանացուն կնքեց կյանքի 90-րդ տարում՝ այդպես էլ չթողնելով բեմը: Աշխարհահռչակ պարուհին մահկանացուն կնքելուց առաջ հրապարակել էր իր  կյանքի 15 սկզբունքները, որոնց նա միշտ հավատարիմ է մնացել: Ծանո՞թ եք դրանց: Եթե այո, ապա համամի՞տ եք բոլոր 15-ին:

– Ծանոթ եմ եւ կիսում եմ իմ կուռքի բոլոր սկզբունքներն առանց բացառության: Այդուհանդերձ, մեկը կառանձնացնեի: Մայա Միխայլովնան գրել է. «Ապագա սերունդ, մի խորհուրդ տամ՝ մինչեւ վերջին պահն էլ մի հաշտվիր, անգամ այն ժամանակ, երբ կռվում ես, կրակի տակ ես, շեփոր փչիր, թմբուկ զարկիր, մինչեւ վերջին պահը պայքարիր: Հաղթանակներս հենց դրանով են պայմանավորված»: Չգիտեմ ինչու, ներքին համոզմունք ունեմ, որ ձեր այս հարցի ենթատեքստում դարձյալ թատրոնից իմ հեռանալու փաստն է:  Չգիտեմ՝ լիովին կբավարարեմ, թե ոչ, ընդամենը մեկ խոսք կասեմ. դա թող մնա իրենց խղճին:

– Անդրադառնալով ծննդյան հոբելյանին,  ձեր թույլտվությամբ նշենք, որ այն դեռեւս 45-ն է եւ Հայաստանում դուք՝ պարարվեստի ոլորտի գործիչներդ, թոշակի եք անցնում ընդհանուր հիմունքներով, այսինքն՝ ստացվում է, որ բեմին հրաժեշտ տալուց հետո շատերը երկար տարիներ մնում են կամ կմնան առանց ապրուստի միջոցի…

– Այդ առիթով նշեմ, որ, օրինակ՝ Գերմանիայում, կարճատեւ բեմական կյանք ունեցող  արվեստագետին պետությունը նյութապես օժանդակում է երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու նպատակով, իհարկե՝ պայմանով, որ նոր մասնագիտությամբ որոշակի ժամանակ պետք է աշխատի իր երկրում:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829