Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեւորգ Կոստանյանը երեւի պետք է հասկանա, որ իր հայտարարություն ասեմ, թե ինչը, իրավաբանորեն անհեթեթ է»

Փետրվար 06,2020 15:00

Հովհաննես Իգիթյանը Մարտի 1-ի գործի բացահայտման ընթացքից գոհ չէ, բայց գտնում է, որ պատճառը Ռոբերտ Քոչարյանի «վարձու բանակի» օգտագործած հնարքներն են:

Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող, հետախուզվողներից մեկը՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը իշխանություններին բաց առաջարկ էր արել՝ պարտավորվելով վաղը եւեթ վերադառնալ Հայաստան եւ հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին՝ պայմանով, որ վարչապետի մոտ եւ իր մասնակցությամբ հրապարակային քննարկում կազմակերպվի ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՔԾ պետի եւ Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների, դեսպանների ու միջազգային փորձագետների ներկայությամբ:

«Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը հարցին՝ այս առաջարկը իշխանությունների համար ընդունելի՞ է՝ պատասխանեց. «Երեւի ինքը, որպես իրավաբան, պետք է հասկանա, որ իր հայտարարություն ասեմ, թե ինչը, իրավաբանորեն անհեթեթ է: Այսինքն, հիմա իրեն կանչում են հարցաքննության, ինքը համարում է, որ չպետք է գա, պետք է մնա Ռուսաստանում: Պետք է հաշվի առնենք, որ ինքը գործով հրավիրված է, վերջ, այստեղ որեւէ բան խոսելու չկա»:

Դիտարկմանը, որ Գեւորգ Կոստանյանը գտնում է, որ մեղադրանքը շինծու է, իրավական դաշտից դուրս է ու քանի որ իշխանությունը թափանցիկ գործելաոճ է ընդունել, հանրությունն իրավունք ունի իմանալ այն բոլոր հարցադրումները, որոնք բաց կհնչեցվեն՝ Հովհաննես Իգիթյանն արձագանքեց. «Մի ձեւ կա իմանալու՝ ինքը պետք է գա եւ հարցերին պատասխանի, վերջ: Այլ հարց կամ այդպիսի հեռակա հայտարարություններ որեւէ երկրի որեւէ պրակտիկայում չկա»:

Հարցրեցինք՝ Մարտի 1-ը հանրային մեծ հնչեղություն ունեցող, ցավոտ գործերից է, հաշվի առնելով, որ Կոստանյանի տրամադրած տեղեկությունները կարող են օգնել գործի բացահայտմանը՝ զուտ այդ հանգամանքից ելնելով հնարավոր չէ՞ նրա հետ գնալ «գործարքի»՝ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, քննիչն ինչպես կորոշի, այդպես էլ կանի, բայց մի բան հստակ է՝ եթե նա բան ունի ասելու, ապա պետք է գա եւ ասի, այլ ձեւ հնարավոր չէ: Բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն ձեւով տեղեկություն կամ մասնաբաժին ունեն, կամ հանցակից են, անպայման պետք է գան եւ պետք է օգնեն պետությանը՝ այդ էջը փակեն, այլ կերպ հնարավոր չէ»:

Ըստ պարոն Իգիթյանի, Մարտի 1-ի գործը բացահայտելու համար պետք է դատաքննություն սկսվի Ռոբերտ Քոչարյանի եւ մի քանի անձանց գործով. «Մի քանի փաստով կան մեղադրանքներ, այդ մեղադրանքները կամ պետք է հաստատվեն, կամ հակառակը, հերքեն: Այդ դեպքում մենք կհասկանանք, թե ով Մարտի 1-ի ժամանակ ինչ է արել, ինչ հրաման է տվել, ում է տվել եւ ինչու, օրինակ, ոստիկանները հետագայում ներգրավված էին շինծու գործեր սարքելու մեջ: Գիտենք, որ պատահական փողոցից ոստիկանները գալիս էին եւ ցուցմունքով ասում էին, որ այս մարդն ինձ խփել է ու այդ հոդվածով տասնյակ մարդկանց են դատապարտել, նստել են մարդիկ 3,5 տարի: Վերջերս էլ մի ոստիկան բացահայտ հայտարարություն է արել, որ ինքը, օրինակ, առանց որեւէ բանի, չէր էլ ճանաչում, իրեն ասել են, որ գնա… դուք, որպես լրագրող կարող եք գնալ եւ գտնել այդ մարդուն ու ասեք՝ պարոն ոստիկան, իսկ ո՞վ է ձեզ ասել: Ես իրավունք չունեմ որեւէ ձեւով քննչական գործընթացներին մասնակցել, նույնիսկ այդ ոստիկանին, եթե տեսնեմ, իրավունք չունեմ հարցաքննեմ, թե ո՞վ է ձեզ ասել ցուցմունք տաք մի մարդու դեմ, որը ձեր պատճառով 5 տարի, 7 տարի անհիմն ձեւով նստել է»:

Հարցին՝ 2 տարի է անցել, ինչ դուք իշխանություն եք, ունեք լծակներ ու կարող էիք բացահայտել Մարտի 1-ի գործը, դուք այս բացահայտման ընթացքից գո՞հ եք՝ Հովհաննես Իգիթյանը  պատասխանեց. «Իհարկե, գոհ չեմ: Ես չեմ կարծում, որ դուք այդ հարցի պատասխանը չունեք: Դուք տեսնում եք, որ բոլոր հնարքներն օգտագործելով՝ այդ մեծ բանակը, Ռոբերտ Քոչարյանի վարձու բանակը անընդհատ օգտագործելով բոլոր պրոցեդուրային հարցերը, հարցը տեղափոխում է այլ ատյան, ուղարկում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը, իմ կարծիքով, անհիմն ձեւով վարույթ է ընդունում մի գործ, որն առաջին ատյանի վարույթում է գտնվում, քննում է, այստեղ էլ ամիսներ են անցնում: Ինձ թվում է, որ պաշտպանության այսպիսի մարտավարությունը ուղղակի ձգելու, ձգելու համար է՝ հույս ունենալով, որ կձգեն մի քանի տարի, մի որոշ ժամանակ, մինչեւ իրավիճակը կփոխվի: Բայց մի ձեւ կա գործը բացահայտելու, դա բաց, թափանցիկ, բոլորի համար հասկանալի դատավարությունն է առաջին ատյանի, որտեղ հանրությունը կլսի եւ հարցը, եւ հարցի պատասխանը, կեղծիքը ճշտից տարբերակելու հնարավորություն կունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829