Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը դարձավ այդ մեքենաների աղբանոցը»

Փետրվար 06,2020 14:00

«Հայաստան ներմուծված մեծ քանակությամբ ավտոմեքենաների գերակշիռ մասը օգտագործված, կոտրտված մեքենաներ են ու Հայաստանն այսպիսի մեքենաներն իրացնելու շուկա է դարձել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը: ԱՄՆ-ից Հայաստան ներկրված ավտոմեքենաների մեծ մասն, ըստ Սահակյանի, այն աստիճանի ջարդված են, որ հենց ԱՄՆ-ում արգելված է դրանք վերանորոգել ու շահագործել. «Ու դրանք մեզ են վաճառել: Բոլորին էլ պետք է աղբանոց, Հայաստանը դարձավ այդ մեքենաների աղբանոցը: Հայաստանը երկրորդական շուկայի սպառող է»:

Այս ավտոմեքենաների, հատկապես «MINIVEN» մեքենաները գնում էին Ղազախստանի քաղաքացիները:

Մինչեւ 2020 թվականը ՀՀ քաղաքացիները մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ ներկրեցին 3-րդ երկրներից: Ղազախստանի քաղաքացիները Հայաստանում ժամանակավոր հաշվառվում էին, ձեռք էին բերում 3-րդ երկրից ներմուծված ավտոմեքենա, ստանում հայկական պետհամարանիշ ու այդ համարներով իրենց երկրում վաճառում մեքենան: Իսկ որպեսզի իրենց երկրի պետհամարանիշով հաշվառեն տվյալ մեքենան, պետք է բարձր մաքսատուրք վճարեն: Մինչդեռ Հայաստանում 2015 թվականից 5 տարով արտոնյալ ժամկետ էր, ԵԱՏՄ բարձր մաքսատուրքերը հետաձգվել էին: Այս տարի այլեւս չկան այդ արտոնությունները: Ղազախստանի կառավարությունը  հայտարարել է՝ հայկական կամ ղրղըզական պետհամարանիշերով ավտոմեքենաները, որոնք գտնվում են երկրի տարածքում մեկ տարուց ավելի եւ գրանցված չեն՝ դուրս կհանվեն երկրից: Բանն այն է, որ այս երկրի իրավապահները վստահեցրել են՝ արտասահմանյան պետհամարանիշերով ավտոմեքենաներով կատարված հանցագործությունների թվի աճ կա: Ղազախստանում ավտոներկրողները ցույցեր են անում:

Արդյոք Ղազախստանի քաղաքացիները տեղյակ չէին Մաքսային միության այս կարգավորումներից, որ հիմա նման խնդրի առաջ են կանգնել, այս հարցին ի պատասխան Սահակյանն ասաց. «Շատ լավ էլ տեղյակ են եղել, բայց գիտեք,  աշխատանք չեղած պայմաններում բիզնեսի ձեւ են մտածել, օգտվել են այն ճանապարհից, որը օրենքը չի նախատեսել: Հետո կառավարությունը գլխի է ընկել, թե մարդիկ ինչ շրջանցման ուղիներ են գտել ու դրանք փակել են: Սա սխալ է, երբեք օրենքը չպիտի հետադարձ ուժ ունենա ի վնաս քաղաքացու»:

Հիմա հայ ավտոներկրողները խնդրի առաջ են. նրանցից շատերն իրենց ունեցվածքը գրավ են դրել, մի քանի տասնյակ ավտոմեքենա ներկրել այն հույսով, որ ղազախստանցիներին կվաճառեն եւ ում բախտը բերել է՝ անցյալ տարի վաճառել է, մեծ մասը չի կարողանում վաճառել:

«Ես կառավարությանը մեղադրում եմ, որ գոնե իր քաղաքացիներին չի բացատրել, թե ինչ խնդրի են բախվելու, ոչ մի բացատրական աշխատանք չի տարվել: Առաջին հերթին մեղավոր է ներկրողը, բայց այդ դեպքում կառավարությունն ինչի՞ համար է: Միայն տույժ-տուգանք կիրառելո՞ւ: Կառավարությունը պետք է օգներ, եթե բիզնեսը սխալ է անում ու առանց հասկանալու շարունակում է՝ պետք է գոնե զգուշացներ, որ վաղը մյուս օրը Ղազախստանն այդ մեքենաների դեմն առնելու է, այդքան գումարի ներդրում մի արեք»:

Կարծիք կա, որ այդ չվաճառվող մեքենաները հայերը նորից հետ կտանեն Վրաստան, այնտեղ հիմա ուկրաինացիք են աշխուժացել ու ավտոմեքենաներ են այնտեղից գնում: Սահակյանը չի կիսում այս կարծիքը. «Ուկրաինան ոչ մի խնդիր չունի ուղիղ ԱՄՆ-ից կամ ԵՄ-ից որեւէ ապրանք ներկրելու, ինչո՞ւ պետք է ուղիղ ճանապարհը թողնի, գնա Վրաստանից գնի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829