Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանի սահմանադրականության ոդիսականը

Փետրվար 06,2020 14:30

2015թ. ՀՀ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը միանշանակ չընդունվեց ինչպես Հայաստանի քաղաքական համակարգի, այնպես էլ հասարակության լայն շերտերի կողմից։

Գերիշխում էր այն համոզմունքը, որ նախ Հայաստանի քաղաքական համակարգը, կուսակցական համակարգի անկատարության պատճառով պատրաստ չէր անցնել խորհրդարանական կառավարման համակարգի եւ, բացի այդ, այս փոփոխությունները կատարվել էին գործող իշխանությունների երկարաձգման համար անհրաժեշտ սահմանադրա-իրավական հիմքեր ապահովելու նպատակով։

Չխորանալով նշված փաստարկների հիմնավորվածության մեջ, հարկ ենք համարում արձանագրել, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո (նաեւ դրանց արդյունքում) Հայաստանում տեղի ունեցան դրամատիկ քաղաքական իրադարձություններ, ինչը հանգեցրեց ձեւավորված եւ տասնամյակների ընթացքում արմատացած քաղաքական համակարգի եւ էլիտայի արմատական փոփոխության։

2018թ. ապրիլից ուժի մեջ մտան ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հիմնական դրույթները, որոնց կենսագործման հիմնական բեռն ու պատասխանատվությունն ընկավ Հայաստանի «հեղափոխական» իշխանության ուսերին։

Ցավով պետք է արձանագրել, որ խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններն ու հնարավորությունները Հայաստանի նոր իշխանության կողմից ոչ միայն չօգտագործվեցին ըստ նպատակի, այլ վերածվեցին մեկ անձի բացարձակ իշխանության հաստատման գործիքների, ինչի արդյունքում խեղվեցին իրավական պետության եւ իրավունքի գերակայության հիմնարար ինստիտուտներն ու արժեքները, այլասերվեցին ժողովրդավարական իդեալներն ու կառուցակարգերը, մասնավորապես՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը, զսպումների եւ հակակշիռների համակարգը, Սահմանադրության դրույթների պաշտպանության եւ երաշխավորման մեխանիզմները, քաղաքական գործընթացների նկատմամբ իրավական վերահսկողության գործուն եւ արդյունավետ ընթացակարգերը։

Նշված խնդիրները Հայաստանի հասարակական եւ քաղաքական որոշ շրջանակներում արմատավորեցին այն համոզմունքը, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է կառավարման սխալ եւ ոչ կենսունակ համակարգով եւ կրկին հանրային դիսկուրս բերեցին նախկին՝ կիսանախագահական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտությունը։

Այս հարցում Հայաստանի հեղափոխակարգ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ավելի հեռուն գնացին՝ շրջանառության մեջ դնելով ամբողջական նախագահական կառավարման անցնելու անհրաժեշտության հարցը։

Այս գործընթացների կուլմինացիան դարձավ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրակարգը եւ սկսվեց մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման աշխատանքները։

Կասկածից վեր է, որ պետության քաղաքական օրակարգի ձեւավորման առաջնային մանդատը պատկանում է օրվա իշխանությանը, իսկ այդ իշխանության ամրությունն ու կենսունակությունը որոշվում է հանրային եւ քաղաքական օրակարգ բերված հարցերի եւ խնդիրների լրջությամբ, հիմնավորվածությամբ եւ գերակա հռչակված ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ։

Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու իշխանական նախաձեռնությունը, մեր խորին համոզմամբ, վերջին օրակարգային հարցն է, որ Հայաստանի իշխանությունը ի զորու է առաջարկել երկրի քաղաքական եւ հասարակական համակարգին, ինչի ձախողման պարագայում ճգնաժամի մեջ կհայտնվի ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ Հայաստանի ամբողջ պետական եւ սահմանադրական կառավարման համակարգը։

Մի հետաքրքիր օրինաչափություն է նկատվում այդ հարցում վերջին 30 տարվա ընթացքում։ ՀՀ գործող Սահմանադրությունը ընդունվել եւ փոփոխվել է օրվա իշխանությունների քաղաքական եւ կլանային շահերի եւ հետաքրքրությունների բավարարման շրջանակներում` շրջանցելով կենսական կարեւորություն ունեցող ազգային եւ պետական շահը: Այս հանգամանքը, որքան էլ որ անընդունելի է, այնքան էլ օրինաչափ է երիտասարդ եւ պետականության կայացած ավանդույթներ չունեցող քաղաքական ու հասարակական համակարգի համար: Ցավոք սրտի, այսօր նույնպես մենք ականատես ենք դառնում նման իրողության, սակայն արդեն «Նոր Հայաստանի» նոր իշխանության կողմից։

Ուշադիր լինելու պարագայում կարելի է նկատել եւս մեկ օրինաչափություն եւ ընդհանրություն Սահմանադրական փոփոխությունների 2013թ. եւ այսօրվա նախաձեռնությունների միջեւ: Մասնավորապես, նախկին իշխանությունը, նախաձեռնելով Սահմանադրական բարեփոխումներ եւ ձեւավորելով  հանձնաժողով, չներկայացրեց իր տեսլականը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ՝ թողնելով հայեցակարգի մշակումն ու առաջարկությունների ներկայացումը մասնագիտական հանձնաժողովին։ Այս փաստը որոշակի տարակուսանք առաջացրեց քաղաքական ուժերի եւ մասնագիտական հանրույթի շրջանում, քանզի եթե իշխանությունը չի պատկերացնում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության ծավալն ու սահմանները, առկա խնդիրների շրջանակը, դրանց լուծումների իրենց ունեցած առաջարկությունները, ապա ինչի՞ համար է առհասարակ անհրաժեշտ նախաձեռնել Սահմանադրության մեջ փոփոխություններ։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունն ուներ հստակ պատկերացում եւ որոշում Սահմանադրական փոփոխությունների շրջանակի եւ խորության վերաբերյալ, սակայն չէր ցանկանում իր վրա վերցնել այն հրապարակելու քաղաքական պատասխանատվությունը՝ թողնելով այն հասարակության մեջ որոշակի հեղինակություն վայելող մասնագետներին։

Իշխանության այս գործելաոճը մեր հասարակությունը չընդունեց, չհասկացավ, ընդվզեց 2018թ.-ին, բայց երբեք չէր կարող պատկերացնել, որ իր իսկ ձեռքերով իշխանության բերած քաղաքական ուժը կգործի նույն մեթոդով, որով գործում էր իրենց կողմից մերժված նախկին իշխանությունը։

Այսօր նույնպես իշխանությունը ձեւավորում է մասնագիտական հանձնաժողով` առանց նախօրոք հրապարակելու  սահմանադրական փոփոխությունների իր հայեցակարգը, ծառացած խնդիրների շրջանակն ու լուծումների փաթեթը: Դատելով ձեւավորված օրինաչափություններից, արդեն կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է պետության կառավարման համակարգի զգալի փոփոխության մասին, իսկ դրա պատասխանատվությունը նորից կդրվի մասնագիտական հանձնաժողովի վրա։

Այս գործելաոճը բացարձակ անընդունելի է եւ կարող է գեներացնել դժգոհության նոր ալիք, սակայն երկրորդ այսպիսի ցնցում Հայաստանը, թերեւս, չի վերապրի, հատկապես՝ հաշվի առնելով հասարակության ներսում խնամքով ներդրված ատելության եւ թշնամության դետոնատորների եւ պայթուցիկների քանակն ու հզորությունը։

Հետեւաբար, անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ ՀՀ Սահմանադրությունը քաղաքական նեղ շահեր արտահայտող եւ կլանային հետաքրքրություններ բավարարող փաստաթղթից հասարակության եւ քաղաքական համակարգի բացարձակ վստահությունն ու հարգանքը վայելող հանրային փոխհամաձայնության փաստաթղթի վերածելու համար, եւ Հայաստանի պատմության մեջ նախադեպ ստեղծել, որ Սահմանադրություն մշակելն ու փոփոխելը չլինի միայն իշխանության մենաշնորհն ու բացառիկ իրավասությունը։

Սահմանադրությունը չափազանց կարեւոր փաստաթուղթ է, այն ամբողջապես իշխանությանը վստահելու համար, իսկ մեր խորին համոզմամբ, մեր հասարակությունն ու քաղաքական համակարգը պետք է ունենան ընտրության հնարավորություն։ Ստեղծված իրավիճակում պետք է գործուն քայլեր ձեռնարկել ՀՀ Սահմանադրության այլընտրանքային նախագծի մշակման ուղղությամբ, հետեւաբար մասնագիտական-պրոֆեսիոնալ հանրույթին հորդորում եմ մտածել եւ քննարկել Սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային փաթեթ նախապատրաստելու եւ Հայաստանի քաղաքական համակարգին եւ քաղաքացիներին իրենց ապագայի ընտրության հնարավորություն ընձեռելու համար։

Խորապես գիտակցում ենք այս նախաձեռնության ամբողջ պատասխանատվությունն ու սպասվող գործընթացի կարեւորությունը, սակայն դա է միակ ճանապարհը ներքին համերաշխության եւ փոխհամաձայնության մթնոլորտի ձեւավորման եւ Հայաստանի զարգացման կայուն հուն տեղափոխելու համար։

Լինելով պետականակենտրոն քաղաքական ուժ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը չի կարող անմասն լինել Հայաստանի ապագայի համար կենսական եւ անվտանգային ահռելի նշանակություն ու կարեւորություն ներկայացնող այս գործընթացի նկատմամբ: Կուսակցությունն առաջիկայում կնախաձեռնի խորհրդակցություններ մասնագիտական հանրույթի հետ` այլընտրանքային հանձնախումբ ձեւավորելու հնարավորությունները քննարկելու համար:

Բացի այդ, կուսակցությունն  առաջիկայում կհրապարակի ՀՀ Սահմանադրական փոփոխությունների քաղաքական իր հայեցակարգը՝ մասնագետներին եւ քաղաքական ուժերին հնարավորություն տալով ամբողջական պատկերացում կազմել եւ իրենց դիրքորոշումը ներկայացնել նախաձեռնության վերաբերյալ։

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829