«Ինքը, որ իմ գյուղում ման է եկել, իմ գյուղի տղա է եղել, ոչ մեկ չի իմացել, որ ինքը Շմայսի տղան է եղել: Ուսանող տղա էր, մինչեւ էդ՝ դպրոցում, նորմալ, խելոք, ընկերական շրջապատ, բոլոր տղերքի հետ հավասարը հավասարի հետ: Ես մի հատ վատ բան չեմ լսել, զարմանում եմ հիմա, որ ասում են չաստ է նայել, սենց բան է արել, բա էդ տղեն կարա՞ր էնտեղ նման բան աներ, չա՞ստ նայեր, ինչի իր դուխը էդքան հելե՞լ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Այգեկ համայնքի ղեկավար Վարուժան Աբրահամյանը՝ անդրադառնալով իրենց համայնքի բնակիչ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանին առաջադրված մեղադրանքին, կալանավորմանը:
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Ավելի ուշ Դավիթ Մովսիսյանը կալանավորվեց, իսկ մյուս զինծառայողների կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան:
Aravot.am-ը մահացած զինվորի եղբոր՝ Վարազդատ Ավագյանից հետաքրքրվեց, թե պարզել են արդյոք ինչ խնդիրներ է եղբայրը ունեցել կալանավորված զինծառայողի հետ, վերջինս պատասխանեց, որ ամեն ինչ նորմալ է ու այդ հարցերով իրեն չդիմենք: Հայթաղ համայնքի ղեկավար Մերուժան Մուրադյանը, որտեղից էր մահացած զինծառայողը, մեզ հետ զրույցում ասաց, որ Ավագյանները հանգստացել են, որ գործով կալանավորված կա եւ որ քննությունը չի ընթանում ինքնասպանության վարկածով:
Իսկ գործով կալանավորված Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը չցանկացավ մեկնաբանել լուրերը, որ դեպքից առաջ իր պաշտպանյալի ու մահացած զինվորի միջեւ խոսակցություն, «ռազբորկա է» եղել, ասաց՝ նախաքննության մանրամասներ չի կարող հրապարակել:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է լուրերին, որ իր պաշտպանյալը չաստ նայող էր, ասաց, որ լրատվամիջոցներում տեղ գտած նման նյութերը, իրավական հիմնավորումներ չունենալով, անարժանահավատ են: Նա նաեւ հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Չի ընդունում մեղադրանքը, մեղադրանքն ամբողջությամբ ապօրինի է, ապօրինի է նաեւ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու որոշումը: Համապատասխան ընթացակարգով մենք այդ որոշումը կբողոքարկենք: Զոհված զինծառայող Ավագյանի հետ իմ պաշտպանյալը, որպես նույն ստորաբաժանման զինծառայող, եղել է նորմալ մարդկային հարաբերությունների մեջ, ոչ մի արտառոց իրավիճակ չի եղել» :
Գոռ Գեւորգյանը, անդրադառնալով ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե կատարվածը ինքնասպանություն չէ, ասաց, «Հետաքրքիր է, որ նախարարն իրեն վերագրել է մի բան, որի իրավասությունը չուներ, որովհետեւ այդ հարցի պատասխանը կարող էր տալ փորձաքննության եզրակացությունը» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ