ԲԿՄԱ- ֆուտբոլային թիմի տնօրեն Գագիկ Աղբալյանը Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաների հետ հանդիպումից առաջ մի փոքր հուզված էր:
«Այսօրվա հանդիպումը հոգեբանական առումով ավելի շատ մեզ է պետք: Այս հանդիպմանը շատ երկար ենք սպասել: Բացի այն, որ երեխաների հետ շփվելը շատ հաճելի է, մենք նրանցից սովորում ենք, թե ինչպես պետք է պայքարել դժվարությունների դեմ, ինչպես պետք է եւ հնարավոր է հաղթել: Ակցիան մեկնարկել է երեկ, երբ մեր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան քաղցկեղի դեմ պայքարող մարդկանց աջակցությամբ: Այսօր այն շարունակվում է երեխաների հետ շփվելով: Եկել ենք նրանց հետ մի քիչ գնդակով խաղալու, խոսելու իրենց երազանքների մասին, ասելու, որ իրենց օրինակով մենք էլ ենք սովորում»:
ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Aravot.am-ի հետ զրույցում հավելեց. «Քաղցկեղը դատավճիռ չէ կարգախոսը շատ ճիշտ է: Երեխաների հետ կխոսենք իրենց երազանքների, ցանկությունների մասին, կփորձենք մեր խորհուրդներով հնարավորինս օգտակար լինել: Նրանց դատարկ ձեռքով հյուր չենք եկել: Բերել ենք փոքրիկ նվերներ՝ ֆուտբոլի գնդակ, մարզաշապիկ, տիկնիկներ, տարբեր խաղալիքներ: Վստահ եմ, որ շփումը օգտակար կլինի երկուստեք»:
Կարդացեք նաև
Արդեն հանդիպումից հետո Գագիկ Աղբալյանն ասաց. «Շփումն ստացվեց հետաքրքիր: Խոսեցինք ֆուտբոլից՝ աղջիկների ֆուտբոլից, ինչի մասին երեխաներից շատերը չգիտեին: Ամեն բան անցավ սովորական: Զրուցեցինք ֆուտբոլի, սպորտի եւ կյանքի մասին:
Ֆուտբոլը կյանքի մի մասն է, ֆուտբոլիստները ՀՀ քաղաքացիներ են: Ուզում ենք ցույց տալ մեր ներկայությունը հանրային կարեւոր հարցերում, ցույց տալ, որ մենք անտարբեր չենք այն մարդկանց հանդեպ, որոնք այս կենտրոնում իրենց կյանքի շատ առանձնահատուկ ժամանակահատվածն են անցնում: Ես հասկացա, որ այդ դժվարությունները տրված են փոքրիկներին, որպեսզի իրենք ցույց տան իրենց հաղթելու կամքը: Նրանց մեջ ապագա բժիշկներն են, ապագա մարզիկները, ապագա չեմպիոնները, որեւէ առաքելություն կրողները: Մի խոսքով, այս երեխաները Հայաստանի ապագա քաղաքացիներն են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ