Փետրվարի 5-ին նիստ է գումարել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:
Նիստին հրավիրված էին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը եւ Ամուլսարի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:
Հնէաբանները տեղեկացրել են, որ Ամուլսարի՝ 30 հազար քառակուսի տարածքում գտնվել են 480 պատմամշակութային արժեքներ, որոնցից 81-ը գտնվում է անմիջապես Ամուլսարի ազդեցության գոտում: Նշվել է, որ ուսումնասիրվել է 46-ը, որոնց վերաբերյալ նյութերը ներկայացվել են Մշակույթի նախարարություն: Մասնագետները տեղեկացրել են, որ պատմամշակութային հուշարձանները դեռեւս վկայագրված չեն եւ այդ պատճառով դրանք ներկայացված չեն միջազգային կառույցներին` որպես միջազգային պատմամշակութային արժեքներ: Առ այս պահը նաեւ չկա մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը` արդյո՞ք Ամուլսարի շահագործումը չի վնասելու մեր մշակութային ժառանգությանը:
Քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ կան դժվարություններ իրավական կարգավորման առումով: Հանձնաժողովը դիմելու է Կառավարությանը հայտնաբերված արժեքները վկայագրելու, հուշարձանի կարգավիճակ ստանալու հարցով, որպեսզի հնարավորություն լինի դրանք ներկայացնել միջազգային կառույցներին եւ պարզել, թե Հայաստանն ինչ պարտավորություններ ունի միջազգային կոնվենցիաների առումով: Սերգեյ Բագրատյանը նշել է, որ մի շարք միջազգային կոնվենցիաներով, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է որեւէ հանքավայր շահագործել, եթե այդ տարածքում կան պատմամշակութային արժեքներ:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով