Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր սկսվեց ու կարճ ժամանակ անց հետաձգվեց իր մեկ տարեկան դստերը կիսաշրջազգեստով խեղդամահ անելու ու աղբանոցը նետելու կասկածանքով մեղադրվող 20-ամյա Անի Մինասյանի դատավարությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ամսին կատարված սպանությունը ցնցել էր ողջ հանրապետությունը․ Գյումրիում ամենուր այս թեման էր շոշափվում, քաղաքը տևական ժամանակ ուշքի չէր գալիս։
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Անի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. օգոստոսի 30-ին,ժ.22:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար մանկահասակ դստերը` 16.09.2018թ. ծնված Գ.Ալեքսանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր փաստացի բնակության վայրի բնակարանում կպչուն ժապավենով կապել է վերջինիս ձեռքերը և ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո նրան բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում` Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղներից մեկի մեջ, ինչի հետևանքով վերջինս մահացել է»:
Կարդացեք նաև
Դատական նիստը սկսելուն պես Անի Մինասյանի շահերը ներկայացնող հանրային պաշտպան Ժորա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց այն կես ժամով ընդմիջելու, որպեսզի ծանոթանա գործին որպես ապացույց կցված դատագենետիկական փորձաքննության եզրակացությանը։
Ընդմիջումից հետո պաշտպանը դարձյալ միջնորդություն ներկայացրեց նիստը հետաձգելու, որպեսզի պաշտպանական մարտավարություն ընտրի։
Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը՝ դատական հաջորդ նիստը նշանակելով մարտի 3-ին։
Ի դեպ, ամբաստանյալը իր առարկությունները հայտնեց իրեն տեսալուսանկարելու ու անձնական տվյալներ հրապարակելու կապակցությամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ