Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

Փետրվար 05,2020 21:33

ՈՒիլյամ Շեքսպիր․ «Համլետ»

«Իմ Քայլը» խմբակցությունն ԱԺ է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է փոխել Սահմանադրության 213 հոդվածը , որով «Մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։

․․․Իսկ մենք կարծում էինք, թե Սահմանադրությունն արդեն վաղուց, 2018թ․ ուժի մեջ է։ Ա՜յ քեզ բան։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա սույն նախագծի հիմնավորումն ուղղակի տարակուսանք է հարուցում։ Երբեք չլինելով պետական պաշտոնյա, այդ թվում պատգամավոր, այնուամենայնիվ բազմիցս եմ առնչվել ինչպես օրենքների, այնպես էլ օրենքների նախագծերի հետ, սակայն այսպիսի սիրողական, հանրահավաքային կամ առնվազն ԱԺ ամբիոնից ելույթային հիմնավորում առաջին անգամ եմ տեսնում (ընդգծումներն իմն են) ․

-ՍԴ ներսում եւ դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական որակների համար:

Սույն փոփոխության նպատակը ՀՀ Սահմանադրական դատարանի (այսուհետ ՍԴ) կազմի սահմանադրականության եւ դրա նկատմամբ հանրության եւ իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը եւ 2015թ.-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության (այսուհետ Սահմանադրություն) 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձեւավորումն է:

Հաջորդ խնդիրը ՍԴ դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտն է, որում ՍԴ-ն ունի ուղղակի պատասխանատվության իր բաժինը՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունքի եւ ժողովրդի կողմից իր իշխանությունն ընտրելու երաշխիքների շարունակական անտեսման պատճառով հօգուտ օրվա իշխանության: Սա կործանարար ազդեցություն է ունեցել քաղաքացիների եւ հանրային իշխանության մարմինների կողմից ՍԴ նկատմամբ ունեցած վստահությունը կորցնելու հարցում, ինչն անթույլատրելի վիճակ է սահմանադրական արդարադատության մարմնի համար: Իրողություն է, որ ՍԴ-ն այս պահին իր անդամների կազմով ամենացածր հեղինակություն վայելող հանրային իշխանության մարմիններից է եւ այդ հեղինակության վերականգնումն անհնար է նույն կազմի պահպանման դեպքում:

7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը, որպես վերջին 20 տարիների ընթացքում ազատ ընտրության իրավունքի բոլոր երաշխիքների եւ Սահմանադրության 2-րդ հոդվածի անշեղորեն պահպանմամբ ձեւավորված ժողովրդավարական առաջնային մանդատով օժտված բարձրագույն մարմին, որն ունի Սահմանադրության փոփոխություն կատարելու լիազորություն, այսպիսով` նպատակ ունի վերջնական եւ հիմնարար լուծում տալ ՍԴ-ի 2015թ.-ի Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով ձեւավորման խնդրին: (մեջբերման ավարտը)

Այդպես էլ, հարգարժան իմքայլականներն ու նրանց սատարող փորձագետները գոնե մեկ «լրջագույն» փաստարկ չբերեցին «Սահմանադրական Դատարանի շուրջ առկա ճգնաժամի» վերաբերյալ։ Արդ, ի՞նչ որոշում է կայացրել ՍԴ-ն, որը խախտել է ՀՀ ինքնիշխանությունը։ Եթե խոսքը վերաբերում է նախորդ տարիների ընտրություններին, ապա բարի եղեք լուծարել նաև բոլոր, շեշտում եմ՝ բոլոր իրավապահ մարմիններն ու աշխատանքից ազատել բոլոր նրանց աշխատողներին։ Չէ՞ որ առաջին հերթին հենց նրանց օժանդակությամբ, կամ առնվազն անգործության հետևանք են եղել ընտրակեղծիքները։ Իսկ 1995թ․ սկսած բոլոր ընտրական հանձնաժողովներն ու դրանց անդամնե՞րը։ Չէ, որ 1995թ․ ընտրական հանձնաժողովի փոխնախագահ, թիվ մեկ կեղծարարն այժմ ձեր, նույնպես թիվ մեկ իրավական խորհրդատուն է։ Արդյոք, վերը բերված բոլոր կառույցներն ու դերակատարները նույնպե՞ս չեն գործել «հօգուտ օրվա իշխանության» և նույնպե՞ս «կործանարար ազդեցություն» չեն ունեցել։

Իմքայլականներն իսկապե՞ս չգիտեն, որ «առաջնային մանդատ» ունեցող օրենսդիր, նաև գործադիր իշխանություններն իրավունք չունեն միջամտելու ՍԴ-ի գործունեությանը։ Ի դեպ, որքան էլ նրանց համար զարմանալի թվա, հակառակը՝ ՍԴ-ն իրավունք ունի վերահսկել , ինչպես նաև չեղարկել «առաջնային մանդատով» օժտված խորհրդարանի հակաիրավական օրենքները։ Սա է ժողովրադավարության ժամանակակից հասկացությունը։

Հասկացանք, տիկնայք և պարոնայք, ձեր «Սիրելի առաջնորդ»-ն ամեն գնով ցանկանում է ոչնչացնել իրեն չենթարկվող միակ մնացած պետական կառույցը։ Այդ նպատակին հասնելու համար նա, իրեն ենթակա ուժային կառույցներով, նաև ձեր աջակցությամբ դիմեց բոլոր միջոցներին, սակայն, առայժմ անհաջող։

Հարգելիներս, եթե դուք իսկապես անկեղծ լինեք, ապա օրենքի «հիմնավորումը» մոտավորապես այսպես կշարադրեիք․

-Այո, մեր Սիրելի Առաջնորդին են այժմ ենթարկվում և նրա հանձնարարությունները կատարում, նախկին ռեժիմից ժառանգված Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀԿԾ-ն, ՔԿ-ն, Դատախազությունը, համարյա բոլոր դատավորները , և միայն ՍԴ-ն է որ համառորեն նրան չի ենթարկվում։ Այսպես շարունակվել այլևս հնարավոր չէ։

Ի դեպ, հիմնավորման մեջ բացակայում է, նույն 2015թ․ ինչպես նաև (1995, 2005թթ․) սահմանադրական հանրաքվեի կեղծված լինելու հանգամանքը։ Հա, մոռացել էի, չէ՞ որ այդ սահմանադրությունն այժմ «բարուն» է ծառայում։

Եվ վերջապես, «Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ», դիմել հակասահմանադրական քայլի՞, այս այսպես կոչված «օրենքով» հասնել բաղձալի նպատակին, թե՞ նույն բաղձալի նպատակին հասնելու համար հայտարարել․

– Հայաստանում այլևս չեն գործում «նախկին, կոռումպացված ռեժիմի» կողմից ընդունված սահմանադրությունը, օրենքները, կառույցները։ Բոլոր կառույցները ձևավորվում և գործում են Սիրելի Առաջնորդի հրամանագրերով և հրահանգներով։ Իսկ ով «տեղը չբերեց»․․․

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829