Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից` վերջ տալ քաղաքական իշխանության հակաօրինական գործողություններին». ՀՅԴ

Փետրվար 05,2020 20:12

Անհերքելի փաստ է, որ Հայաստանի զարգացումը պայմանավորված է ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետության գոյությամբ: Ցանկացած քաղաքական իշխանության կողմից այս կարգավիճակին հակառակ գործելը հանգեցնում է հանրապետության գոյության դադարմանը:

Վերջին շրջանում օրվա քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել պետական իշխանության ինքնուրույն ճյուղ հանդիսացող դատական իշխանության յուրացմանը:

Չբավարարվելով հակաօրինական բազմաթիվ նախաձեռնություններով, անտեսելով հայաստանյան և միջազգային հանրության կողմից արված զգուշացումները, արհամարհելով Հայաստանի միջազգային վարկը՝ օրվա քաղաքական իշխանության կողմից նախաձեռնվել է երկրում սահմանադրականությունը ոչնչացնող գործընթաց: Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության պատգամավորների կողմից շրջանառության մեջ են դրվել օրինագծեր, որոնցով փորձ է արվում ոչ միայն յուրացնել սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորությունները, այլ նաև տապալել երկրի սահմանադրական կարգը: Այս անպատասխանատու և անհաշվենկատ ընթացքը սպառնում է հայոց պետականությանը: Լրջանալու, սթափվելու և իրավունքի գերակայության համաժողովրդական ցանկություններն իրականացնելու փոխարեն օրվա քաղաքական իշխանությունը ցուցաբերում է անհավասարակշիռ վարքագիծ, որն օժտված է առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներով և քրեորեն պատժելի է:

Պահանջում ենք քաղաքական իշխանությունից և նրա ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանից` վերջ տալ քաղաքական իշխանության հակաօրինական գործողություններին՝ մնալով գործադիր իշխանության լիազորությունների շրջանակում, զերծ պահել օրենսդիր իշխանության քաղաքական մեծամասնությանը լիազորությունների չարաշահումից, ջանքեր գործադրել՝ լուծելու երկրի առջև օրեցօր ահագնացող մարտահրավերները:

Կոչ ենք անում Հանրապետության նախագահին՝ չսատարել այս հակաօրինական նախաձեռնություններին և հետևել իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահպանմանը:
Դիմում ենք ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այս կործանարար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը:

Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829