Ս.թ. հունվար ամսվա ընթացքում «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խմբի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի և «Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ պատգամավորների մասնակցությամբ, տարբեր ձևաչափերով, կայացել են մի շարք հանդիպումներ։ Դրանց ընթացքում նախարարությունը և կոմիտեն հավաստիացրել են, որ շենքի տարածքում իրականացվելու են միայն ներքին քանդման և շինարարական աղբի հեռացման աշխատանքներ։ Այդ հանդիպումների ընթացքում գործադիրի ներկայացուցիչները խոստացել են նաև, որ նոր ճարտարապետական նախագծի մրցույթ կհայտարարվի, իսկ հետագա բոլոր գործողություններում հաշվի կառնվեն շենքի ամբողջական տեսքի պահպանման և կարգավիճակի հարցերը, բոլոր աշխատանքների ընթացքում կապահովվեն հանրային իրազեկման ընթացակարգերը:
Այդուհանդերձ, ակնհայտ է, որ բանակցություններին զուգընթաց դեկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում արդեն քանդվել է շենքի տանիքը երիզող քիվապատը (պարապետը), որ արտաքին ճարտարապետության կարևոր տարր է: Այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ հենց այն նույն նախագծով, որի խնդրահարույց լինելու մասին բարձրաձայնել են թե՛ գործադիրի և օրենսդիրի ներկայացուցիչները, թե՛ նախաձեռնող խմբի անդամները (տե՛ս լուսանկարները)։ Քննարկումներ չկան նոր ճարտարապետական լուծումների մրցույթի անցկացման վերաբերյալ, ինչպես նաև առ այսօր տեղի չի ունեցել հանրային իրազեկման որևէ միջոցառում։
Գնահատելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության երկխոսության պատրաստակամությունը, «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խումբը, այնուամենայնիվ, արձանագրում է.
– հետհեղափոխական Հայաստանում օրենքի խախտմամբ տեղի է ունենում հանրապետական նշանակության հուշարձանի մասնակի քանդում՝ հակառակ նախկինում արված հայտարարությունների.
– ցավոք սրտի, քաղաքային պլանավորման ու ժառանգության պահպանության ոլորտներում շարունակում է գերիշխել նախկին իշխանությանը հատուկ անտարբեր գործելաոճը.
– հանրային և մասնագիտական դաշտի հետ տարվող երկխոսությունը թողնում է իմիտացիայի տպավորություն և չի բավարարում Երևանի զարգացման ու ժառանգության պահպանության խնդիրներով մտահոգ քաղաքացիներին և մասնագետներին։
Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք անմիջապես դադարեցնել Հայպետհրատի շենքի տարածքում ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ իրականացվող աշխատանքներն ու ամենասեղմ ժամկետներում սկսել մասնագիտական քննարկում՝ ապահովելով հանրային և մասնագիտական երկխոսության պատշաճ պայմաններ։
Շենքում աշխատանքների դադարեցման մեր պահանջը անտեսելու պարագայում նախաձեռնող խումբը ստիպված կլինի դիմել պայքարի այլ միջոցների և մեթոդների:
«Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խումբ