Բազմիցս ենք անդրադարձել պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությանը: Ցույց ենք տվել առկա խնդիրները, դրանց շարունակվող բնույթն ու խնդրահարույց նոր դրսևորումները: Իսկ լուծումների իմիտացիաներին և դրանց վերաբերյալ ականջահաճո խոստումներին հակադրել ենք առարկայական հիմնադրույթներ: Առաջարկել ենք այս ոլորտի բարեփոխումների համար իրականում անհրաժեշտ քայլերն ու դրանց առաջնահերթությունները՝ մասնագիտական օբյեկտիվ հենքի վրա:
Թեման շարունակում է արդիական մնալ: Պաշտոնական վերջին կցկտուր տեղեկություններով պարզ է դառնում, որ կառավարման համակարգի կառուցվածքի խնդրահարույց փոփոխություններից, բարձրաստիճանների աննախադեպ բնույթի և խնդրահարույց պարգևատրումներից հետո՝ գործող իշխանություններն արդեն ձեռնամուխ են լինում պետական ծառայության հաստիքների զանգվածային կրճատումներին: Դեռևս թաքուն՝ նոր թափ է առնում «օպտիմալացումը»:
Միանգամից հարկ է նկատել՝ իշխանափոխությունից հետո կառուցվածքային այդ փոփոխությունները, առանց անհրաժեշտ լուծումների պետական գործառույթները մասնավորին պատվիրակելու փորձարկումները, բարձրաստիճաններին ամեն ամիս պարգևատրելը, պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումները, ի վերջո՝ աշխատատեղերի փաստացի կրճատումները ինքնին չէին կարող համարվել համակարգային օպտիմալացում և իրականում չեն հանգեցրել պետական համակարգի արդյունավետության բարձրացմանը:
Նորից պետք է հիշեցնել՝ օպտիմալացման գործընթացները միագործոն չեն և համակարգային առումով սխալ է դրանց հանգուցալուծումը անսահման պոպուլիզմով և ընդհանրական տպավորություններով: Օրինակ՝ «համակարգն ուռճացված է, պիտի կրճատվի»: Ակնհայտ է, որ այս մոտեցմամբ և ավելորդ շտապողականությամբ, օբյեկտիվորեն առաջ են գալու համակարգային՝ չլուծված ավելի շատ խնդիրներ:
Կարդացեք նաև
Պետական հատվածի աշխատատեղերի կրճատումը տրամաբանորեն պետք է ածանցվի օպտիմալացման հիմնական գործընթացներից և ինքնաբերաբար պետք է հանդիսանա վերջին փուլը:
Նախ պետք է հստակ ու չափելի ուրվագծվեն երկրի հետագա զարգացման ծրագիրը և պետության դրական պարտավորությունները՝ պետության կարգավորիչ ու մասնակցային դերակատարումը հանրային կյանքում:
Հետո անհրաժեշտ է սահմանել պետական համակարգի գործառույթների համալիր շրջանակը, դրանց բովանդակային մանրամասն նկարագրերը: Դրան համապատասխան՝ նոր հնարավոր կլինի ձևավորել պետական կառավարման համակարգի ամբողջական կառուցվածքը:
Միայն հիմնարար այս քայլերի արդյունքները կարող են բավարար լինել՝ մշակելու գործող համակարգը նորին փոխարկելու արդյունավետ մոդելը: Հենց այս մոդելը կարող է լիարժեք ներառել պետական տարբեր մարմինների միջև և դրանց ներսում պետական ռեսուրսների վերաբաշխումն ու նախատեսվող գործառույթների հետ արդյունավետ հավասարակշռումը: Վերջինս, բնականաբար, պետք է հիմնված լինի խորքային վերլուծությունների, իրատեսական հաշվարկների ու կանխատեսումների վրա: Այսպիսով` տեսանելի կդառնան պետական այն ռեսուրսները, այդ թվում՝ աշխատատեղերը, որոնք անխուսափելիորեն ենթակա են վերաբաշխման կամ կրճատման:
Ցավոք նորից արձանագրում ենք, որ վերը նշված նվազագույն անհրաժեշտ քայլերն արված չեն և գործող իշխանություններն առանցքային այս գործընթացներում «կառքը ձիերից առաջ է դրել»:
Պակաս կարևոր չէ նաև առարկայական այն հանգամանքը, որ օպտիմալացման արդյունավետությունն ուղղակի պահանջում է հաստիքների կրճատման դեպքում աշխատանքը շարունակող մասնագետների մրցակցային, արդար ընտրություն: Նախապատվությունը պետք է տալ հանրային ծառայողի մասնագիտական և մարդկային որակներին, օբյեկտիվ գնահատված մասնագիտական ունակությունների համապատասխանությանը զբաղեցվող պաշտոնին, այլ ոչ թե՝ կուսակցական պատկանելությանը կամ «խնամի-ծանոթ-բարեկամ» կապերին:
Այս կարևոր և բարդ գործընթացները յուրաքանչյուր դեպքում որոշում կայացնողներից անշեղորեն պահանջում են այն գիտակցումը, որ հանրային ծառայողի պրոֆեսիոնալիզմը կուսակցական պատկանելիություն չունի, ազգակցական, բարեկամական կապեր չի ճանաչում:
Սակայն իշխանափոխությունից հետո վարվող կադրային քաղաքականությունը ևս փաստում է հակառակի մասին՝ իրականում այդ գիտակցումն այդպես էլ չկա:
Մյուս կողմից՝ չպետք է որևէ կերպ ընդհանրացվեն և թերագնահատվեն պետական հատվածի աշխատատեղերի կրճատման ուղղակի և էական սոցիալական հետևանքները: Այս գործընթացներում անհրաժեշտ է ունենալ սոցիալական իրական բաղադրիչ: Պետք է ցուցաբերվի զբաղվածության ապահովման անհատական մոտեցում՝ աշխատանքը կորցնելու ռիսկ ունեցող անձանց նկատմամբ: Իրականում անտեսված է նաև այս բաղադրիչը:
Հույսը միշտ կա …
Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող