Վրաստան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Ախալքալաքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է տեղի հայության հետ: «Ուզում ենք, որ դուք զգաք Հայաստանի Հանրապետության շունչը, զգաք, որ հայրենիքում ձեր մասին մտածում են, հիշում են և շահագրգռված են, որ դուք լինեք Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, օգտվեք բոլոր իրավունքներից, որը ժողովրդավարական Վրաստանը ընձեռում է իր քաղաքացիներին, և ձեր կապը Հայաստանի հետ ամուր պահեք»,-նշեց Գլխավոր հանձնակատարը: Զարեհ Սինանյանն ընդգծեց նաև, որ վրացի գործընկերների հետ հարաբերությունները գնալով սերտանում են, և այդ համագործակցությունը հիմնված է անկեղծության և ազնվության վրա: Այնուհետ հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի ձևաչափով: Հարցերը վերաբերում էին կրթական, սոցիալ-տնտեսական, իրավական ոլորտներին: Հատկապես կարևորվեց սփյուռքահայ ուսանողների համար հայաստանյան համալսարաններում հայագիտական ուղղություններով անվճար տեղերի ավելացման հարցը: Հանձնակատարը նշեց, որ այժմ հայագիտական ֆակուլտետներում սփյուռքից անվճար հիմունքներով ուսանելու հնարավորություն տրվում է 70 ուսանողի, սակայն այս թիվը բավականին քիչ է: Զարեհ Սինանյանը ներկայացրեց նաև գրասենյակի ծրագրերը, գործունեության ուղղությունները, համոզմունք հայտնեց, որ վիրահայության հետ կապը լինելու է մշտական և ավելի է սերտանալու:
Հանդիպումից բացի՝ Գլխավոր հանձնակատարն այցելեց նաև «Jnews» լրատվական կայքի խմբագրություն, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նստավայր, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, «Ջավախքի աջակցություն» հիմնադրամ:
Այնուհետ Զարեհ Սինանյանն ուղևորվեց Նինոծմինդա և հանդիպեց տեղի հայության հետ, ամփոփեց Վրաստան այցի արդյունքները: Հանդիպման մասնակիցները հնչեցրին իրենց հուզող հարցերը, որոնք դարձյալ առնչվում էին կրթական, մշակութային թեմաներին, երկքաղաքացիությանը և այլն:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար