Լրահոս
Օրվա լրահոսը

«10 օրվա համար եղեւնիները բերել, մի հատ զնգուլակ են կախել ու նետել են աղբը». Ալեն Սիմոնյանի նախագիծը՝ Ամանորին արգելելու եղեւնիների ներմուծումն ու վաճառքը

Փետրվար 05,2020 18:12

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր ժամային գոտիների հետ կապված փոփոխություն կատարել. «Ժամերը չփոխելու պատճառով, մենք մոտ 50 րոպե ավելի հոսանք ենք օգտագործում: Առաջարկում էի ժամերի փոփոխություն կատարել, 50 րոպեի հարցը լուծել»,- հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց նա:

Ալեն Սիմոնյանը խնդիրն ուսումնասիրելիս իմացել է, որ մի քանի այլ խնդիր կունենանք, եթե իր հեղինակած նախագիծն ընդունվի. «Դրա փոխարեն մենք մի ժամով ավելի կարող ենք գնալ դեպի Ասիա, կտարանջատվեինք ԵԱՏՄ գործընկերներից ժամային գոտիով, ինչպես նաեւ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից եւս մեկ ժամով»: Ուստի ԱԺ փոխնախագահը որոշել է հետ կանչել նախագիծը:

Մեկ այլ նախագծով էլ Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանափակել հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը ու փոփոխություն անել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում: Նա նպատակ ունի նվազեցնել այն «սպանդը», որը տիրում է Ամանորի օրերին, երբ մի քանի օրերի համար ծառեր են կտրում, մի մասը վաճառում են, մի մասն էլ տոներից հետո թափում: Պատգամավորն առաջարկում է, որ չկտրած արմատով եղեւնիներ ու սոճիներ լինեն տանը՝ ծաղկամանների մեջ, որ գոնե տոներից հետո դրանք տնկվեն, ոչ թե թափեն:

Իմքայլական Հռիփսիմե Գրիգորյանը հարցրեց՝ ճյուղերի վաճառքը չի արգելվում, հնարավոր չի՞ ճյուղերը շատ կտրեն ու ավելի վնաս տան՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք նախ մշակույթ ձեւավորել, եղեւնին առաջին անհրաժեշտության բան չի, որ եթե ընտանիքը տանը այդ տարի բնական եղեւնի չունեցավ՝ վերջ»:

«Իմ քայլից» Ծովինար Վարդանյանն առաջարկեց եղեւնիների հատելն արգելել, ոչ թե ներկրումը: Սիմոնյանն էլ պատասխանեց, որ այսպես թե այնպես՝ արգելված է. «Բերում են 100 հատ ծառ, դրան ճանապարհին ավելանում է եւս 2 մեքենա Հայաստանում հատված ծառ ու որպես ներկրված ծառ վաճառում են»:

Ալեն Սիմոնյանը որոշ ցուցանիշներ հրապարակեց. «2017-ին երրորդ երկրից բերվել է 188 հատ եւ 11 հազար կգ, 2018-ին՝ 65 հազար 500 կգ ծառ են բերել, 2019-ին թիվը նորից նվազել է՝ 22 հազար կգ: Այս ծառերը սաղ աղբ են դառել, բերել են մեր երկիր: 10 օրվա համար բերել, մի հատ զնգուլակ են կախել ու նետել են աղբը»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն առաջարկեց օրենքի թերությունները շտկելու համար այն հետաձգելու խնդիրը լուծելու այլ տարբերակ մշակել: Ալեն Սիմոնյանը համաձայնեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829