Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում մահացությունների թիվը շարունակում է մտահոգիչ մնալ. ՀՔԱՎ

Փետրվար 05,2020 18:09

2019 թվականին ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին․ տեղեկանք

2020 թվականի հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ֆեյսբուք»-ի իր էջում կարծիք էր հայտնել, որ «2019 թ. ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որ 2010 թվականից ներկայացնում է ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տարեկան տեղեկանքներ, անդրադարձ է արել վարչապետի նշած «պատմական մինիմում»-ին: Տեղեկանքում հստակ ներկայացված է 2010-2019 թթ.-ի զինված ուժերում մահացությունների թվական պատկերը: Ըստ այդմ՝ 2019 թ.-ի համեմատ ավելի քիչ մահացություններ գրանցվել են նաև 2011, 2013, 2014 թվականներին:

Հիշեցնենք՝ տարեկան տեղեկանքների նյութերը հավաքագրվում են զանգվածային լրատվամիջոցներից, պաշտոնական աղբյուրներից, ինչպես նաև պաշտոնական կառույցներից՝ ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն և ՀՀ քննչական կոմիտե,  տարածված տեղեկություններից:

2019 թվականին ՀՀ և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի մասին տվյալները հավաքագրվել են ՀՀ զինդատախազությունից՝ 49 դեպք, ՀՀ ՊՆ-ից՝  47 դեպք: Դրանցում ներառված չէ  2019 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԱՀ/ԼՂ ՊԲ-ում մահացած զինծառայողների թիվը: Ինչ վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեին, որպես 3-րդ պաշտոնական աղբյուր, վերջինիս տվյալներով 2019 թ․-ին ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է զինծառայողի մահվան 28 դեպք։ Ուշագրավ է, որ  Քննչական կոմիտեն հայտնել է 1 զինծառայողի անուն, որի մասին վերոնշյալ 2 պաշտոնական աղբյուրները տվյալներ չեն տրամադրել։

Ստացվում է, որ բացի զինդատախազության տրամադրած 49 դեպքից՝ կա ավտովթարից մահացության ևս 1 դեպք, որն, ըստ էության, մյուս 2 կառույցների կողմից չի հաշվառվել, իսկ քննչականն արձանագրել է այն:

Համադրելով ՀՀ զինդատախազության և ՀՀ քննչական կոմիտեի տվյալները՝ ՀՔԱՎ գրասենյակն իր տեղեկանքում արձանագրել է, որ 2019 թ. ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում ընդհանուր թվով գրանցվել է 50 զինծառայողի մահվան դեպք։

Ուշագրավ է, որ մինչ պաշտոնական պարզաբանումները՝ մենք ոչ պաշտոնական հրապարակային աղբյուրներից տեղեկացել ենք ընդամենը 34 դեպքի մասին։

Վերոնշյալ 50 դեպքերից 16-ը ավտովթարի հետևանք են, 13-ը՝ առողջական խնդիրների, 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 5-ը՝ սպանության, 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 2-ը՝ դժբախտ պատահարի: Հավելենք, որ ՀՀ զինդատախազության տրամադրած մահացության 49 և քննչական կոմիտեի ևս 1 դեպքը դասակարգված են՝ ըստ զինծառայության հետ կապված և չկապված լինելու:

Ավտովթարի հետևանք 16 դեպքերից 1-ը կապ ունի զինծառայության հետ, 15-ը՝ ոչ: 15-ից 1-ի մասին հայտնել է միայն ՀՀ քննչական կոմիտեն, առողջական խնդիրների հետևանք 13 դեպքերից 1-ը կապ ունի զինծառայության հետ, 12-ը՝ ոչ, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու 10 դեպքերից 7-ն են կապ ունեցել զինծառայության հետ, 3-ը՝ ոչ, սպանության 5 և հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպքերն էլ կապ են ունեցել զինծառայության հետ։

Տանելով համեմատականներ՝ ՀՔԱՎ գրասենյակը նկատում է, որ 2018 թ.-ին գրանցվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 17-ը ավտովթարի, 13-ը՝ առողջական խնդիրների, 11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 7-ը՝ դժբախտ պատահարի, 5-ը՝ սպանության, 2-ը՝ թռիչքի կանոնների խախտման, 1-ը՝ ականի պայթյունի հետևանքով:

2019 թ. հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել են 4, ոչ մարտական պայմաններում՝ մահացել 46 զինծառայող: Ոչ մարտական պայմաններում մահացությունների թվաքանակում, ինչպես և նախորդ տարի, մեծ են ավտովթարի (15), առողջական խնդիրների հետևանքով (13), ինչպես նաև ինքնասպանություն որակված դեպքերը (10):

2018 թ․-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացել է 7,  ոչ մարտական պահմաններում՝ 56 զինծառայող։  Համապատասխանաբար՝ 2018 թ.-ին ոչ մարտական պայմաններում մահացությունների թվաքանակում մեծ են ավտովթարի հետևանքով (17), առողջական խնդիրներից մահացությունները (13) և ինքնասպանություն որակված դեպքերը (11):

Այսպիսով` ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ և՛ 2018, և՛ 2019 թվականներին ոչ մարտական պայմաններում մահացությունների հիմնական պատճառները եղել և մնում են ավտովթարները, առողջական խնդիրներն ու ինքնասպանություն որակված դեպքերը: Մենք վերստին մտահոգություն ենք հայտնում, որ ՀՀ զինված ուժերում շարունակում են չլուծված մնալ ավտոտեխնիկայի սպասարկման և շահագործման պահանջների ոչ պատշաճ ապահովումը, բուժհետազոտության, սպասարկման և օգնության տրամադրումը, զինվորական կարգապահության ոչ պատշաճ ապահովումը:

Հարկ ենք համարում նշել, որ 2018 թ.-ի համեմատ 2019 թ.-ին ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում մահացությունների թիվը որոշակի նվազում է արձանագրել. այսպես 3-ով կամ 43 %-ով նվազել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանք մահվան դեպքերը, 1-ով կամ 9 %-ով՝ ավտովթարից մահվան դեպքերը, 1-ով  կամ 10 %-ով՝ ինքնասպանության հետևանք մահացության դեպքերը, 5-ով կամ 71 %-ով՝ դժբախտ պատահարի հետևանք դեպքերը։ Առողջական խնդիրների և սպանությունների, այդ թվում՝ դիտավորյալ և զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով մահացությունների թիվը մնում է անփոփոխ:

Դասակարգելով մահվան դեպքերը՝ ըստ զինծառայության հետ կապված լինել- չլինելու, պաշտոնական աղբյուրները տարբեր կերպ են մեկնաբանում այն: Համաձայն ՀՔԱՎ գրասենյակին ՀՀ զինդատախազության տրամադրած տեղեկության՝ «…հաշվի են առնվում իրադրությունը, դեպքի կոնկրետ հանգամանքները և մահվան պատճառի առնչությունը ծառայողական պարտականությունների կատարման հետ», Քննչական կոմիտեի պարզաբանմամբ էլ՝ «…յուրաքանչյուր դեպքով վարույթն իրականացնող քննիչի կողմից դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ ուսումնասիրության և քննության արդյունքում հաստատված փաստական տվյալների հիման վրա է միայն հետևություն արվում՝  որքանո՞վ  է մահվան դեպքը կապ ունեցել կամ չունեցել զինծառայության հետ»։

ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում արձանագրված  մահվան 50 դեպքերից 30-ը,  ՀՀ զինդատախազության և ՀՀ քննչական կոմիտեի տվյալների համադրությամբ, համարվում են ծառայության հետ կապ չունեցող: Դրանցից 15-ը ավտովթարի հետևանք են, 12-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու։ Սրան զուգահեռ՝ ՀՀ ՊՆ-ն և  Զինդատախազությունը այդ 50 դեպքերից 20-ն է համարել է զինծառայության հետ կապ ունեցող: Դրանցից 7-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 5-ը՝ սպանության, 2-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը՝ ավտովթարի, 1-ը՝ առողջական խնդիրների հետևանք են։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինված ուժերում մահացության դեպքերը տարբերակում է ըստ 2 մեծ ենթախմբերի՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով և ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի: Մեր կարծիքով՝ անկախ  հանգամանքից՝ զինծառայողը զինծառայության վայրում է մահացել, թե՝ ոչ, մենք այն դիտարկում ենք զինուժի կորուստ, քանի որ բոլոր զինծառայողներն ընդգրկված են զինուժի թվաքանակում: Ավելին՝ այն դեպքերը, երբ զինծառայողը մահանում է ավտովթարի կամ, ինչպես որոշ դեպքերում է նշվում, ինքնասպանություն գործելու միջոցով՝ տանը, դրանք ևս համարում ենք զինուժի մարդկային կորուստ, քանի որ միայն նախաքննությունը կարող է վերջնական եզրակացություն տալ՝ արդյո՞ք զինծառայությունից դուրս մահվան դեպքը պայմանավորված է զինծառայությանն առնչվող հանգամանքներով, թե՝ ոչ:

Այսպիսով` զինուժում մահվան դեպքերը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաշվարկում է զինծառայության իրականացման մեջ հաշվառված լինելու հանգամանքով, և բազմիցս արձանագրված մահվան դեպքերի մասին չհայտնելու որևէ պատճառաբանություն մեզ համար ընդունելի չէ:

Տեղեկանքում ներկայացրել ենք  նաև 2019 թ.-ին զինծառայողների մահացության հրապարակված և չհրապարակված դեպքերը: Այսպես՝ միայն առցանց հարթակներից տեղեկացել ենք 2019 թ. ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում արձանագրված մահվան միայն 34 դեպքի մասին, որից 12-ը՝ ավտովթարի, 9-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 5-ը՝ սպանության, 4-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների, 1-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով։ 34 դեպքից 19-ի առաջնային աղբյուրը եղել են պաշտոնական աղբյուրները կամ պաշտոնյաների՝ սոցիալական կայքերում տարածած տեղեկությունները: 9 դեպքում դրանք հաստատվել են պաշտոնյայի կողմից՝ ԶԼՄ հետ զրույցում, 6 դեպքում՝ միայն ԶԼՄ կողմից, որից 2 դեպքում ԶԼՄ-ն հղում է արել ՀՀ դատախազության պատասխան գրությանը: 16 դեպքի մասին տեղեկություն, ընդհանրապես, չի տարածվել ո´չ պաշտոնական աղբյուրներով, ո´չ էլ ԶԼՄ-ներով։ ՀՔԱՎ գրասենյակը դրանց մասին տեղեկացել է ՀՀ զինդատախազության պատասխան գրություններից։

Ըստ առկա տվյալների՝ 50 զինծառայողներից 15-ը պարտադիր ժամկետային զինծառայողներ են, 19-ը՝ պայմանագրային, 4-ը` սպա,  5-ը՝ ենթասպա, 7 դեպքում չի նշվում զինծառայողի ծառայության տեսակը կամ կոչումը։ Մահացության 50 դեպքերից 35-ը տեղի է ունեցել ՀՀ, 14-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 1 դեպքում տարածքը հայտնի չէ:  Համեմատության համար նշենք, որ 2018 թ.-ի մահվան դեպքերից 30-ը գրանցվել են ՀՀ, 23-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 10 դեպքում չի նշվել դեպքի վայրը։

Ակնհայտ է, որ թե՛ 2018 թ-ին, թե՛ 2019 թ-ին զինծառայողների մահվան դեպքերն առավելապես ՀՀ տարածքում են տեղի ունեցել:

ՀՔԱ Վանաձորի  գրասենյակն ուսումնասիրել է նաև Ադրբեջանի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների վիճակագրությունը: Համաձայն դրա՝ 2019 թ․-ի ընթացքում 2018 թ․–ի համեմատ նվազել են թե՛ հրադադարի ռեժիմի խախտումների թիվը (205-ով), թե՛ կրակոցների թիվը (ավելի քան 16.400-ով), թե՛ դրանց հետևանքով մահացությունների թիվը՝ 3-ով:

Հիշեցնենք, որ 2018 թ. սեպտեմբերին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել հայ-ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։ Թեև այդ  պայմանավորվածությունը միշտ չէ, որ պահպանվել է, այդուհանդերձ, դրանից հետո հրադադարի ռեժիմի հետևանքով մահվան դեպքերը նվազել են, մասնավորապես՝ 2018 թ.-ի հոկտեմբերից մինչև 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ը գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման 10.010 դեպք, արձակվել է 98.600 կրակոց, որի արդյունքում մահացել 4 զինծառայող։

Տարեկան տեղեկանքում ՀՔԱՎ գրասենյակը նաև մանրամասն անդրադարձել է 2019 թ. զինծառայողների մահվան փաստերով հարուցված քրեական գործերին: 2019 թ.-ի մահացության 50 դեպքերից  38-ի փաստով հարուցվել են քրեական գործեր՝ տարբեր  հոդվածներով: Նշված 38  գործերից 24-ը  նախաքննության,  7 –ը՝ դատաքննության փուլում են, 5 զինծառայողի գործով վարույթները հետագայում կարճվել են՝ տարբեր պատճառներով, 2 գործով էլ  կասեցվել ՝ անհաղթահարելի ուժ գործելու հիմքով: 9  դեպքով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով, 3  փաստերով իրականացված վարույթների ընթացքի մասին հայտնի չէ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829