Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուտով մենք կարգելենք նաեւ ծխախոտի մասին մտածելը». Թունյանի արձագանքը՝ ծխելու սահմանափակումների մասին օրենքի քննարկմանը

Փետրվար 05,2020 18:02

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կառավարության աղմկահարույց նախագիծը՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցված վնասների նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենսդրական փաթեթը:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք արվել են այս ընթացքում: Նա ասաց, որ նախագիծը խմբագրվել է, ծխախոտի օգտագործման արգելքը կիսափակ տարածքներում հանվել է, հիմա արգելքը դրված է միայն փակ տարածքների համար: Ծխախոտներ ցուցափեղկերում դնելը, ցուցադրությունն արգելվում է, սակայն առաջարկ է եղել, որ օդանավակայանների անմաքս առեւտրի կետերի համար դա բացառություն լինի, առաջարկն ընդունվել է: Սոցիալական գովազդներում եւ տեղեկատվական արշավներում ծխախոտի տուփի ցուցադրումը չէր արգելվում: Երկրորդ ընթերցմամբ արդեն առողջապահության նախարարությունն առաջարկում է, որ անգամ այդպիսի սոցիալական գովազդների ժամանակ արգելվի տուփի ցուցադրումը, որովհետեւ ամեն դեպքում դա կարող է գաղթակղել ու դրդել ծխելու: Խոսքը նաեւ միջմարզային, երթուղային ավտոբուսներում տեղադրված գովազդների մասին է:

Պատգամավորները հետաքրքրվեցին՝ ֆիլմերում որ ծխում են, ո՞նց եք արգելելու, կամ լավ, հեռուստաեթերում, արտաքին գովազդում ծխախոտի ցուցադրությունն արգելեցիք, բա ֆեյսբուքում, այլ սոցցանցերում, youtube-ում ո՞նց եք վերահսկելու:

Նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ բնականաբար, այդ տիրույթում վերահսկելի չէ, ֆեյսբուքում կարող է նույնիսկ զենք գովազդեն կամ պոռնոգրաֆիա, իսկ եթերում այն ֆիլմերում, որտեղ ծխում են, ցուցադրվում է այդ տեսարանը, պետք է սկզբում եւ վերջում անպայման նշվի, որ ծխելը վնասում է առողջությանը, պարզապես հեղինակային ֆիլմերում չենք կարող փոփոխություն անել:

Իմքայլական Գեւորգ Պապոյանն առաջարկեց, որ գոնե հայկական այն ֆիլմերում, որոնք նոր են նկարահանվում, արգելեն ծխելու տեսարանների նկարահանումը: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առարկեց՝ ասենք, ես եմ, սիրելի ֆիլմ ունեմ, որտեղ հերոսը կես ժամ ծխում է ֆիլմում, ինչպե՞ս արգելեն ցուցադրումը: Իսկ եթե նոր նկարահանվող ֆիլմերի վրա այդ արգելքը լինի, անհավասար պայմաններ կստեղծվեն:

Իմքայլական Ծովինար Վարդանյանը զարմացավ Պապոյանի առաջարկից. «Գոյություն ունի ստեղծագործություն, մենք չենք կարող արգելել, ասենք, նկարչին, որ յուղաներկով իր կտավի վրա ծխախոտ չնկարի կամ արգելել, որ հանկարծ ծխող մարդ չպատկերի: Նույնը ֆիլմերին է վերաբերում, դա արդեն գրաքննության կվերածվի»:

Պապոյանն էլ օրինակ բերեց. «Եթե դուք բոլոր ճանապարհները փակում եք, ի՞նչ երաշխիք կա, որ հեռուստասերիալների թիվ մեկ հովանավորը չի դառնա ծխախոտային ինդուստրիան»:

Արսեն Թորոսյանը համաձայնեց. «Միանշանակ, հիմա էլ է այդպես, հոլիվուդյան ֆիլմերում մեքենաների, ծխախոտների պատկերումը պատահական չի, դրա համար վճարում են»: Ուստի առաջարկեց, որ զգուշացնող տեքստեր լինեն գոնե: Առայժմ օրենքում նախատեսվում է արգելք միայն երեխաների համար ցուցադրվող ֆիլմերի վրա:

Բաբկեն Թունյանն արձագանքեց. «Մեր քննարկման էվոլյուցիան որ նայում եմ, ինձ թվում է, շուտով մենք կարգելենք նաեւ ծխախոտի մասին մտածելը: Չնայած չենք կարող վերահսկել, բայց թող լինի, հետո կմտածենք ոնց ենք դրա տակից դուրս գալու»: Նա նաեւ հեգնեց, որ առողջությանը վնասելու պատճառաբանությամբ կարելի է շատ բան արգելել, օրինակ, գարեջուրը:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829