Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Օրինագծով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը

Փետրվար 05,2020 17:38

Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում այսօր հրապարակվել է օրենքի նախագիծ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և անդամների պաշտոնավարումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը

Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

  1. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը եւ ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն եւ ուժի մեջ մտնեն մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը:»:

Հոդված 2.  Սահմանադրության սույն փոփոխությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԴ ներսում եւ դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական որակների համար:

ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների եւ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում:

ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաեւ ՍԴ-ն ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ.

ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015թ.-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների եւ մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջեւ էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները մինչեւ 65 տարեկանը լրանալը: Այլ խոսքով, ավելի պատկերավոր իրավիճակը ներկայացնելու համար, օրինակ ՍԴ մի անդամը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996թ.-ից մինչեւ 2029թ.-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով:

Սույն փոփոխության նպատակը ՀՀ Սահմանադրական դատարանի (այսուհետ ՍԴ) կազմի սահմանադրականության եւ դրա նկատմամբ հանրության եւ իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը եւ 2015թ.-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության (այսուհետ Սահմանադրություն) 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձեւավորումն է:

Հաջորդ խնդիրը ՍԴ դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտն է, որում ՍԴ-ն ունի ուղղակի պատասխանատվության իր բաժինը՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունքի եւ ժողովրդի կողմից իր իշխանությունն ընտրելու երաշխիքների շարունակական անտեսման պատճառով հօգուտ օրվա իշխանության: Սա կործանարար ազդեցություն է ունեցել քաղաքացիների եւ հանրային իշխանության մարմինների կողմից ՍԴ նկատմամբ ունեցած վստահությունը կորցնելու հարցում, ինչն անթույլատրելի վիճակ է սահմանադրական արդարադատության մարմնի համար: Իրողություն է, որ ՍԴ-ն այս պահին իր անդամների կազմով ամենացածր հեղինակություն վայելող հանրային իշխանության մարմիններից է եւ այդ հեղինակության վերականգնումն անհնար է նույն կազմի պահպանման դեպքում:

7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը, որպես վերջին 20 տարիների ընթացքում ազատ ընտրության իրավունքի բոլոր երաշխիքների եւ Սահմանադրության 2-րդ հոդվածի անշեղորեն պահպանմամբ ձեւավորված ժողովրդավարական առաջնային մանդատով օժտված բարձրագույն մարմին, որն ունի Սահմանադրության փոփոխություն կատարելու լիազորություն, այսպիսով նպատակ ունի վերջնական եւ հիմնարար լուծում տալ ՍԴ-ի 2015թ.-ի Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով ձեւավորման խնդրին:

Նախագծի համահեղինակները 37-ն են՝ Վահագն Հովակիմյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Փամբուխչյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Կոնջորյանը, Վահե Ղալումյանը, Նարեկ Մկրտչյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Մարիա Կարապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, Արման Եղոյանը, Հովիկ Աղազարյանը, Արգիշտի Մեխակյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Տիգրան Ուլիխանյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Բեղլոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մաթեւոս Ասատրյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը և Սոս Ավետիսյանը:

Հարցով հիմնական զեկուցողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է, և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին խնդրում են օրինագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829