ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հեղինակել է հոդված. «Նոր վերաբաշխումներ կարագի շուկայո՞ւմ. ՏՄՊՊՀ–ն թաքցնում է յուրայինների մասին տեղեկատվությունը»:
Անցած շաբաթ հրապարակվեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ-ի) հերթական, մրցակցության տեսանկյունից ոչինչ չասող «Կարագի» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա հայտարարվում է, թե իբր կարագի շուկայում մրցակցային միջավայրը բարելավվել է։ Նման լավատեսական եզրահանգման եկել են այն հիմնավորմամբ, որ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում կարագ ներկրողների թիվը նվազել է 4-ով (40-ից հասնելով 36-ի), 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել մոտ 2 727 տոննա կարագ, ի դեպ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումը 9 տոկոսով կրճատվել է։ 2018 թվական ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել է 58 ընկերություն, ընդ որում՝ կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 79 տոկոս։ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել են 56 ընկերություններ՝ նախորդ տարվա համեմատ 2-ով քիչ, ընդ որում, կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 69 տոկոս։ 2019 թվականի նույն ժամանակահատվածում կարագի իրացման ծավալները նվազել են 15 տոկոսով (3573,5 տոննայից հասնելով 3297,9 տոննայի)։ Սա այն դեպքում, երբ կարագը ներառված է նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների ցանկում, որի հիման վրա գնահատվում է մեր ազգաբնակչության կենսամակարդակը։ Այստեղ տրամաբանական հարց է ծագում, այդ ինչպե՞ս է արտագաղթի կրճատման և տուրիստների թվի երկնիշ աճի պայմաններում 2019 թվականի ընթացքում նվազել կարագի ներկրման և սպառման ծավալները։ Ըստ երևույթին, կամ պաշտոնատար անձանց հրապարակած թվերն են կեղծ, կամ մեկ տարվա ընթացքում մարդիկ կտրուկ նվազեցրել են իրենց կարագի սպառումը։
ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության մեջ նշված է, որ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ի հայտ են եկել նոր 8 կարագ ներկրողներ, որոնք ներմուծել են 127,74 տոննա կարագ, որը կազմում է ներքին շուկայի 3,9 տոկոսը (127,74/3297,9*100)։ Ի դեպ, ուսումնասիրության մեջ նշված է միայն կարագի շուկայում իրացման ծավալներով առաջին տեղում գտնվող «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի մասին (կամ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի մասին) առանց նշելու նրա կոնկրետ մասնաբաժինը և դրա դինամիկան շուկայում։ Աշխատանքային կարգով փորձեցինք պարզել, որո՞նք են 2019 թվականի ընթացքում կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունները, և որքա՞ն է նրանց մասնաբաժինը շուկայում։ Անտրամաբանական պատասխան ստացանք, որ դա առևտրային գաղտնիք է, այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ի վառելիքի և շաքարավազի շուկաների ուսումնասիրությունների դեպքում հրապարակված է նմանատիպ տեղեկատվությունը։ Այս երկակի մոտեցումը անհասկանալի է, և կարելի է ենթադրել, որ ՏՄՊՊՀ-ն փորձում է ուղղակիորեն թաքցնել կարագի շուկայում գործող և նոր ի հայտ եկող ընկերությունների մասին տեղեկատվությունը, քանի որ կան ողջամիտ կասկածներ, որ այդ նոր ընկերությունները (ինչպես դիզելային վառելիքի շուկայի՝ «Գազօիլ» ընկերության դեպքում) ուղղակի կապեր ունեն գործող իշխանությունների հետ։ Ինչի արդյունքում հնարավոր է պարզենք՝ իրականում կարագի շուկայում համակենտրոնացման մակարդակը ոչ թե նվազել է 10 տոկոսով (79-ից հասնելով 69-ի), այլ խոշոր ներկրողների հետ պայմանավորվածության արդյունքում տեղի է ունեցել կարագի շուկայի արհեստական վերաբաշխում յուրայիների միջև։
Ուսումնասիրության շրջանակում ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված խնդիրները երկրորդական նշանակություն ունեն կարագի շուկայի մրցակային միջավայրի բարելավման տեսանկյունից։ Կարագի շուկայի հիմնական խնդիրը՝ մեծածախ-մանրածախ շղթայում՝ «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի (կամ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի) գործունեությունն է և նրա շուկայական իշխանությունը։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապվող ընկերությունները զբաղվում են կարագի ներմուծմամբ և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցով դրանց մանրածախ վաճառքով։ Մեծածախ և մանրածախ առևտրի շղթայի վերահսկման բացասական հետևանքների և լուծումների մասին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը անդրադարձել է իր «Կարագի գնի բարձրացման պատճառները: Մենաշնորհներ ի դեմ պայքարի մեխանիզմները» թեմայով վերլուծության մեջ, որը հրապարակվել էր 2017 թվականի դեկտեմբերին՝ նախորդ իշխանության օրոք։ Այդ խնդիրը կա նաև ներկայումս, որին խուսափել է անդրադառնալ ՏՄՊՊՀ-ն։
Կարդացեք նաև
Մենք փորձեցին մեր հպանցիկ ուսումնասիրությունը անել կարագի մեծածախ և մանրածախ շուկայում։ Այսպես՝ «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի «X» խանութին 1 կգ նորզելանդական կարագը մեծածախ վաճառել է 3437 ՀՀ դրամ (85920/25), երբ Երևան քաղաքի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում այդ նույն կարագը վաճառվում է 3540 ՀՀ դրամով, այսինքն՝ իր մեծածախ գնից ավել 103 ՀՀ դրամ (3540-3437) կամ 3 տոկոս ((3540/3437*100)-100) վերադիրով: Սուպերմարկետների այս գնային քաղաքականության պայմաններում ոչ մի խանութ չի կարող մրցակցության մեջ դիմակայել։ Նույնիսկ շրջանառության հարկի դաշտում գործող փոքր և միջին բիզնեսը իր շրջանառության նվազագույնը 1,5 տոկոսը հարկ է տալիս, իսկ ԱԱՀ վճարող խանութը՝ մի քանի անգամ ավել։ Այդ նույն «X» խանութը նորզելանդական կարագը փաստացի վաճառում է 3900 ՀՀ դրամ, այսինքն՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի գնից ավել 360 ՀՀ դրամով (3900-3540) կամ 10,2 տոկոս ((3900/3540*100)-100)։ Կարագը հանդիսանում է ամենօրյա և առաջին անհրաժեշտության ապրանք, խոշոր սուպերմարկետային ցանցերը, ցածր գին սահմանելով կարագի համար, խթանում են նաև մյուս իրենց ապրանքների առևտուրը, քանի որ սպառողը կարագը ձեռքբերելիս միաժամանակ կգնի նաև մյուս ապրանքները։ Եվ պատահական չէ, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն արձանագրում է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին խանութների մասնաբաժինը մանրածախ առևտրի 79,8 տոկոսն է կազմում, որի առյուծի բաժինն են ընկնում 50 և ավել աշխատակիցներ ունեցող խանութները՝ սուպերմարկետները։
Կարագի շուկայում առկա է նաև մեկ այլ կարևոր խնդիր, ինչի մասին նշում է նաև ՏՄՊՊՀ-ն։ Խանութներում կարագը և սփրեդը հաճախ դրվում է իրար կողք, ինչը կարող է մոլորեցնել սպառողին։ Անշուշտ, անբարեխիղճ մրցակցության դեմ պետք է պայքարի նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։
Առկա է նաև մեկ այլ մտահոգիչ երևույթ. մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ վերջին ամիսների ընթացքում հանրությանը հայտնի օլիգարխներից մեկը ազատ մուտք ու ելք է անում ՏՄՊՊՀ, այն դեպքում, երբ առկա չէր ՏՄՊՊՀ-ի վարույթում գործ, ավելին` այդ օլիգարխը որևէ իրավական կապ չունի գերիշխող դիրք ունեցող ընկերությունների հետ։ Հերթական այցի մասին տեսանյութ կա նաև համացանցում։ Բիզնեսի և պետական մարմիների միջև ոչ պաշտոնական և անվերահսկելի հարաբերությունները առաջին հերթին պետք է հետաքրքրի քաղաքական մեծամասնությանը։
Ինչպես նախորդ, այնպես էլ գործող իշխանությունները չհասկացան, որ օլիգարխներից ստացվող նվիրատվությունները (հայտնի կամազները) չեն գոյացել ազնիվ և արդար տնտեսական մրցակցության արդյունքում, այդ գումարները հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերին վնասելու հետևանքով են կուտակվել»:
ՏՄՊՊՀ-ն այսօր պատասխանել է Սուրեն Պարսյանի մեկ այլ վերլուծության, որը վերաբերում է բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում հանձնաժողովի ուսումնասիրությանը:
«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի կողմից արտահայտված մի շարք պնդումներ, որոնք օրերս տեղ էին գտել մամուլում, պարզաբանման անհրաժեշտություն ունեն:
Այսպես՝
1. Հեղինակը նշում է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ միջնորդավորված ձևով ապրանքի ձեռքբերումն ավելի էժան է, քան արտադրողից և եզրակացնում, որ ներկրվող վառելիքի զգալի մասը «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից ներկրելու հանգամանքը «մեծագույն բացահայտում» է ներկայացվել և առավելապես քաղաքական ենթատեքստ ունի:
Նշենք, որ ուսումնասիրության մեջ հաշվի են առնված վառելիքի միջնորդավորված ձեռքբերման արդյունքում առաջացող հնարավոր բոլոր ռիսկերը։ Մասնավորապես վառելիքի ձեռքբերման գործընթացը բաղկացած է որոշակի գործողությունների շղթայից (օրինակ՝ տեղափոխումը նավահանգիստ, բեռնաթափումը, պահեստավորումը, բեռնումը, տեղափոխումը երկաթուղային ճանապարհով և այլն), որոնց իրականացումը հաճախ մատակարար կազմակերպությունների կողմից պատվիրակվում է այլ սուբյեկտների, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ ապրանքի վերջնական գնի ձևավորման վրա։ Ինչ վերաբերում է «սեղմված գազ» ապրանքային շուկայի հետ հեղինակի կողմից իրականացված համեմատությանը, ապա նմանօրինակ զուգահեռ անցկացնելը տեղին չէ, քանի որ տվյալ դեպքերը բացարձակապես համադրելի չեն, և յուրաքանչուր դեպքում առկա են էական առանձնահատկություններ։
Հեղինակը նշում է նաև, որ ո՛չ «Ֆլեշ»-ի, ո՛չ «Սիփիէս օիլ»-ի եւ ո՛չ էլ այլ հայկական ընկերությունների համար մեծ խնդիր չէ՝ նավթավերամշակող գործարանն իրենց հետ աշխատում է միջնորդավորված, թե ուղղակի վաճառքի եղանակով: Վերոնշյալի հետ կապված հարկ ենք համարում ընդգծել, որ Հանձնաժողովն առաջնորդվում է՝ ելնելով ոչ թե ընկերությունների, այլ հանրային շահից: «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներն ունեն իրենց առանձնահատկությունները և համադրելի չեն մի շարք այլ ապրանքային շուկաների հետ։ Չեն կարող լինել օրինակներ (առավել ևս «բազմաթիվ») այն մասին, որ ՌԴ-ից ներկրվող վառելիքը միջնորդավորված եղանակով առավել ցածր արժեքով է ձեռք բերվում, քան արտադրողից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ն ՀՀ-ին տրամադրում է քվոտավորված (արտոնյալ պայմաններով) վառելիք։ «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերության և մատակարարման գործընթացում ներգրավված այլ միջնորդ ծառայություններ մատուցող ընկերությունների առկայությունը էական ազդեցություն կարող է թողնել վերջնական գնի ձևավորման վրա (այդ մասին վկայում են նաև ՏՄՊՊՀ-ի տնօրինության ներքո գտնվող մի շարք տեղեկություններ, որոնք համարվում են առևտրային գաղտնիք և հրապարակման ենթակա չեն), իսկ որևէ քաղաքական ենթատեքստի առկայության մասին պնդումներն առարկայազուրկ են։ Միաժամանակ նկատենք, որ վառելիքի մատակարարման շղթայում մի շարք գործընթացներ տեղի են ունենում ՀՀ սահմաններից դուրս, իսկ միջնորդավորված ծառայությունները հաճախ պատվիրակվում են ոչ թե ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների, այլ հիմնական մատակարարի կողմից, ուստի օբյեկտիվ հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել այդ գործընթացների հիմնավորվածությունը, ինչի մասին արդեն իսկ նշվել է ուսումնասիրության մեջ։
Ընդգծենք, որ այս կապակցությամբ լրացուցիչ աշխատանքներ են իրականացվում միջազգային գործընկերների, մասնավորապես Վրաստանի հետ, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել ենք։
2. Հեղինակը նշում է, որ երկար ճանապարհ տեղափոխելիս վառելիքում ծծմբի պարունակությունը զգալիորեն ավելանում է, և հիմնականում դա է պատճառը, որ օրինակ՝ իրանական վառելիքի որոշ խմբաքանակներ չեն համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին: Այնուհետև հարց է հնչեցնում՝ ենթադրենք, մեկ այլ մասնավոր ընկերություն տալիս է իրացման ժամանակ վառելիքի որակական հատկանիշների վերաբերյալ եզրակացություն, մի՞թե դրանով լուծվում է տեղափոխելիս վառելիքի մեջ ծծմբի գերազանցման նորմատիվի հարցը, թե՞ այլընտրանքային ներմուծման հնարավորություն է բացվում։
Հարց է ծագում՝ ինչի վրա է հիմնված հեղինակի այն պնդումը, որ վառելիքում ծծմբի պարունակությունը կարող է փոխվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծման դեպքում, իսկ մյուս երկրների դեպքում նման խնդիր չի առաջանում: Հավելենք, որ կան օրենսդրությամբ սահմանված հստակ պահանջներ ներկրվող վառելիքի նկատմամբ, ինչպես նաև հետագայում շուկայում շրջանառվող վառելիքի որակական հատկանիշների նկատմամբ: Հանձնաժողովը չի զբաղվում վառելիքի տեխնոլոգիական գործընթացների կարգավորմամբ և վերահսկմամբ, իսկ որակի վերաբերյալ բացահայտված հնարավոր խնդիրները ներկայացվել են լիազոր մարմին:
3. Հեղինակի կողմից ներկայացված տեղեկատվությունն առ այն, որ խոշոր ընկերություններին պատկանում է բենզալցակայանների շուրջ 30%-ը, չի համապատասխանում իրականությանը։ Ուսումնասիրության շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն՝ նրանց ունեցած բենզալցակայանների թիվը շատ ավելի փոքր է, քան 30%-ը: Միաժամանակ հանձնաժողովն առաջ է քաշել բենզալցակայանների համար սահմանված պահանջներին վերաբերող որոշ խնդիրներ, ինչի մասին նշվել է նաև տեղեկանքում, և նախատեսվում է լիազոր մարմինների հետ համատեղ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ: Հանձնաժողովն ուսումնասիրության շրջանակում օգտվում է տեղեկատվության բազմաթիվ թույլատրելի աղբյուրներից, այդ թվում՝ պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակած տեղեկատվությունից: Բենզալցակայանների թիվը վերցված է ՀՀ ԿԵ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, քանի որ այն որպես վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին տիրապետում է փաստացի գործող բենզալցակայանների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությանը: Սուրեն Պարսյանի մեկ այլ պնդման առնչությամբ, թե ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված ուսումնասիրությունը չի կարող լիարժեք համարվել, եթե չկա անդրադարձ հանձնաժողովի կողմից նախկին որոշումների կատարման ընթացքին՝ մասնավորապես հիշատակելով «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին 100 միլիոն ՀՀ դրամով տուգանելու մասին որոշումը, տեղեկացնում ենք, որ վերոնշյալ որոշումը 2012 թվականին անվավեր է ճանաչվել:
4. Սուրեն Պարսյանը նշում է, որ 2019 թվականին արհեստականորեն է կրճատվել այս շուկայում «համակենտրոնացումը» (հավանաբար նկատի ունենալով կենտրոնացվածությունը) հօգուտ նոր ընկերության, քանի որ «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 4779 տոննա դիզելային վառելիք, որը դիզելային վառելիքի շուկայի 4 տոկոսն է կազմում:
Պնդումը հիմնազուրկ է, հեղինակի կողմից փաստերի սխալ ընկալման և վերլուծության հետևանք: ՀՀ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը ներառում է 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը, «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր ամսին ներմուծել է պայմանագրով նախատեսված 4779 տոննայից էականորեն պակաս ծավալով վառելիք, այնինչ հեղինակը հաշվարկել է, որ տվյալ ծավալի վառելիքը հաշվետու ժամանակահատվածում շուկայի ընդհանուր ծավալի շուրջ 4%-ն է կազմում և հենց դրանով է պայմանավորված խոշոր ընկերության մասնաբաժնի կրճատումը։
5. Ինչ վերաբերում է շուկայում չհիմնավորված գնի կիրառմանը, ապա այն հնարավոր է փաստել միայն հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարչական վարույթի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում, այլ ոչ թե ապրանքային շուկայի ուսումնասիրության։ Ապրանքային շուկայի ուսումնասիրության դեպքում հնարավոր է արձանագրվեն որոշակի խնդրահարույց երևույթներ, վարքագծի դրսևորումներ, որոնք հետագայում կարող են հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար։
6. Տեղեկացնենք նաև, որ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները չեն ներկրում վառելիք «տարբեր երկրներից տարբեր պայմաններով», ավելին՝ ձեռքբերման աղբյուրն առավելապես նույնն է բոլորի դեպքում: Տնտեսագետը նաև նշում է, որ 2019 թվականի ընթացքում համաշխարհային շուկայում նավթի գների զգալի տատանումներ գրանցվեցին, ինչպես նաև հայկական դրամն արժևորվեց մոտ 3 տոկոսի չափով, ինչը մրցակցային միջավայրի պայմաններում պետք է նպաստեր գների իջեցման, բայց մեզ մոտ այդ ամիսներին տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Այս առնչությամբ ընդգծենք, որ նավթի միջազգային գինը և դրամի արժևորումը վառելիքի գնի ձևավորման ընդամենը մի մասն են կազմում։ Նավթի միջազգային գնից և դրամի արժևորումից բացի կան մի շարք այլ գործոններ, որոնք էական ազդեցություն ունեն գնի ձևավորման վրա, ուստի ներկայացված գործոնների փոփոխությունը չի ենթադրում գնի ուղղակի փոփոխություն։
Միաժամանակ ընդգծենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն ինքնավար մարմին է և անկախ է պետական այլ մարմիններից և գործունեության քաղաքականացման ցանկացած փորձ հիմնազուրկ է: Միաժամանակ պատրաստակամ ենք քննարկել տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն և ապահովել դրա ընթացքը օրենքով սահմանված կարգով»: