Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Մկրտչյանի շապիկի այն մասերը, որից ենթադրաբար ստացել է հրազենային վնասվածքներ, կտրված են մկրատով. Զարուհի Փոստանջյանը՝ սպանված ոստիկանի մասին

Փետրվար 05,2020 17:08

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Պետրոս Մակյան) փետրվարի 5-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ դատաքննությունը լրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել հետազոտել տուժող, սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի հիվանդության պատմագիրը: Ըստ նրա՝ իրարամերժ ցուցմունքների պարագայում ճիշտ է, որ այդ պատմագիրն ուսումնասիրվի:

Նա այս առիթով ասաց. «Վիրավորումից հետո Գագիկ Մկրտչյանը եղել է գիտակից վիճակում, թե ոչ հնարավոր է պարզել նրա հիվանդության պատմագրով: 2016-ի հուլիսի 17-ին վիրավորված և օգոստոսի 13-ին մահացած Գագիկ Մկրտչյանի հիվանդության պատմագիրը ՀՔԾ-ում է: Միջնորդում եմ պահանջել ՀՔԾ-ից նրա հիվանդության պատմագիրը: Նշեց, որ հարցումներ է կատարել և պարզել, որ այն գտնվում է ՀՔԾ-ում»:

Ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ ասաց, որ միանում է այս միջնորդությանը և ցանկանում, որ պարզվի՝ ինչ հանգամանքներում է այդ ամենը կատարվել: Նշենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար:

Զարուհի Փոստանջյանը նաև միջնորդություն ներկայացրեց, թե նույն գործով կայացվել է համալիր փորձաքննություն, որոնց մասնակցել են 4 փորձագետներ և դրանում նույնպես կան այնպիսի հիմնավորումներ, որոնք մեկը մյուսին հակասում են, և այս պարագայում ըստ Զարուհի Փոստանջյանի՝ հակասությունները բավականին շատ են ու նշեց. «Բայց ես գտնում եմ, որպեսզի դատաքննությունը լրացնենք, անհրաժեշտ է այս փորձաքննության եզրակացություն կազմող փորձագետները հրավիրվեն դատարան հարցաքննության»:

Զարուհի Փոստանջյանը դատարանում հայտարարեց, որ դատարանում Գագիկ Մկրտչյանի շապիկն ուսումնասիրվել է ու պատմեց. «Դատարանում Գագիկ Մկրտչյանի շապիկն ուսումնասիրվել է, որ տեսնենք, թե հրազենային վնասվածքները որ ուղղությամբ են տեղի ունեցել: Ինքներս տեսանք, որ այն մասերը, որտեղից ենթադրաբար ստացել է հրազենային վնասվածքներ, կտրված էին մկրատով: Երբ հայտարարությամբ հանդես եկանք, դատարանը արձանագրեց, որ դրանք ուղղակի կտրվել են: Եթե կտրվում են, պետք է կտրվի մի փոքր նմուշ, այլ ոչ ողջ տարածությունը: Այս ուղղությամբ փորձաքննության եզրակացության մեջ չկա որևէ նշում, թե ինչ եղանակով է վերցվել այդ հյուսվածքը, որը փորձագետը ենթարկել է փորձաքննության: Ինչո՞ւ ամբողջ շապիկը կտրեց, այլ ոչ թե մի փոքր մասնիկ: Այդ մասով մենք չունենք պարզաբանում: Հետևաբար` այդ փորձագետին հարցեր ունենք հղելու: Հետևաբար միջնորդում եմ նրան հրավիրել դատարան»:

Զարուհի Փոստանջյանը կասկածի տակ դրեց այն՝ արդյոք մեկ գնդակի հետևանքո՞վ է Գագիկ Մկրտչյանը ստացել երեք վնասվածքները՝ արմունկի և որովայնի շրջանի երկու վնասվածքները:

Պավել Մանուկյանն այս առիթով հայտարարեց. «Մենք հայազգի ոստիկան ենք կորցրել և նրա մահվան պատճառները, հանգամանքները պիտի դատարանում լուսաբանենք: Բայց որ Գագիկ Մկրտչյանին վիրավորում հասցրած անձը՝ մեկ կրակոցից, Բիլյան Արմենը չէ, բոլորն են փաստում»:

Դատավորը մերժեց Զարուհի Փոստանջյանի այս միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ փորձագիտական եզրակացությունից ակնհայտ է, որ գործողությունների մանրամասները նկարագրվել են, և այս առումով դատարանի մոտ որևէ կասկած չի առաջանում:

Դատարանը բավարարեց Զարուհի Փոստանջյանի՝ ՀՔԾ-ից Գագիկ Մկրտչյանի հիվանդության պատմագիրը ստանալու մասին միջնորդությունը, ինչպես նաև բժիշկներին հարցաքննելու միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 11.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829