«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ անել եւ օգնել բանկերի արտաբալանսում եղած անհուսալի ճանաչված վարկերը ներվեն: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Թանդիլյանն ասաց, որ անգամ այն դեպքում, երբ բանկերը կամ վարկային կազմակերպություններն ուզում են ներել անհուսալի վարկերը, շրջհարկ է գանձվում, եթե ֆիզիկական անձ է, նաեւ եկամտահարկ է պահվում ու այնպես է ստացվում, որ այդ հարկերն ամբողջությամբ ավելի մեծ ծախս են դառնում, քան բուն գումարը, որը ներում են: Նա նշեց, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օբյեկտիվ չափանիշներով անհուսալի ճանաչված վարկերի դեպքում պետք է վերահաշվարկ արվի, հնարավորություն տան, որ գոնե վարկի մի մասը մարի ու վարկային պատմությունը որոշակի մաքրվի, հարկերն էլ չգանձվեն, բայց սա կիրառելու համար փոխառուն պետք է սնանկ ճանաչված լինի, լուծարված, գույքը դատական կարգով բռնագանձված եւ այլն:
«Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասաց, որ ֆիզիկական անձանց դեպքում աջակցելը հասկանալի է, բայց իրավաբանական անձինք սովորաբար վարկ են վերցնում բիզնեսը զարգացնելու, կոնկրետ նպատակների համար ու ոչ բանկին, ոչ էլ իրավաբանական անձանց չպետք է աջակցել. «Չեմ կարծում, որ պետությունը պետք է իրավաբանական անձի եւ բանկերի հարաբերության մեջ մտնի»:
Պատգամավորները հետաքրքրվեցին՝ սա չի՞ խաթարում բարեխիղճ եւ անբարեխիղճ վարկառուների միջեւ հավասարությունը, հնարավոր չէ՞ կեղծ սնանկացման գնան ու ազատվեն հարկերից: «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանն այդ մտահոգություններին պատասխանեց՝ ասելով, որ եթե կեղծ սնանկացման գնան, դա ՔրՕրով նախատեսված արարք է, իսկ անհավասար պայմաններ ստեղծելու հետ կապված նա ասաց, որ խոսքը չճարահատված վարկառուներին նոր հնարավորություն տալու մասին է: Խոսքը այն վարկառուների մասին է, որոնց տույժն ու տուգանքները մի քանի անգամ գերազանցում են վարկով վերցրած մայր գումարի չափը: Նա ասաց, որ պետությունը այսպես թե այնպես զրկվելու էր այդ գումարներից, որովհետեւ դրանք անհուսալի վարկեր էին, իսկ սա հնարավորություն կտա, որ վարկային կազմակերպությունները աշխուժանան:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքները ներվեցին օրենքով: Այս նախագծին կառավարությունը դեմ է, քանի որ Հարկային օրենսգրքով արդեն իսկ սահմանված է, որ որոշ դեպքերում, երբ իրավաբանական անձինք լուծարվում են, ԿԲ-ի եւ ֆինանսական մարմնի համատեղ մշակած կարգով վարկային կազմակերպությունները կարող են դուրս գրել այսպես ասած «անորակ ակտիվները». «Այստեղ կան անարդարության տարրեր, որովհետեւ ստացվում է, որ մենք խրախուսում ենք ֆինանսական առումով ոչ կարգապահ վարկառուներին: Նաեւ ստացվում է, որ մենք սրանով բանկերին հնարավորություն ենք տալիս ձեւավորել հարկային վնասներ»:
Կարդացեք նաև
«Իմ քայլից» Հովիկ Աղազարյանը դեմ էր նախագծին: Ըստ նրա, դա բանկի ռիսկն է, գերշահույթներ են ստանում, պետք է տեղավորվեն:
Քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց Կենտրոնական բանկի բանկային համակարգի կարգավորման բաժնից Մարիամ Եղիազարյանը: Նա հայտարարեց. «Այն ֆիզիկական անձինք, որոնք 2018-ի օրենսդրական փոփոխություններից օգտվել են եւ իրենց վարկային պարտավորությունները զիջվել են, այսօր իրենց վարկային վարքագիծը 2 անգամ ավելի վատն է, քան միջին վիճակագրական վարկառուինը բոլոր ցուցանիշներով՝ ե՛ւ չվճարված վարկերի, ե՛ւ ուշացրած օրերի: Մենք տեսնում ենք նրանց վատ վարքագիծը նախկին փորձի արդյունքում»:
Թունյանը ճշտեց՝ այսինքն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ քայլը խթանել է վարկային անպարտաճանաչությո՞ւնը: Եղիազարյանը հաստատեց. «Այո, այն հաճախորդները, որոնք մեկ անգամ օգտվել են այս հնարավորությունից, այսօր իրենց պահում են ավելի վատ»:
Բաբկեն Թունյանը ԿԲ ներկայացուցչին հորդորեց իր խոսքերը հավաստող տեղեկանք ուղարկել ԱԺ:
Նախագիծը բացասական եզրակացություն ստացավ, իմքայլականները քվեարկեցին ձեռնպահ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ