ՀՀ կառավարությունը վերջերս մերժել էր «Իրավական ուղի» ՀԿ-ին աջակցություն ցուցաբերել` Արցախի Հանրապետությունում առաջիկայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին հանդես գալ դիտորդական առաքելությամբ: Կազմակերպությունը դիմել էր կառավարություն`ակնկալելով բյուջետային աջակցություն նույն պայմաններում, ինչ պայմաններով, որ ֆինանսավորվեցին «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը :
Հիշեցնենք, ՀՀ կառավարության 2019թ․ օգոստոսի 22-ի թիվ 1058-Ն որոշմամբ Արցախում 2019թ․ սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելության իրականացմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով, ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացվել է 33 միլիոն 680 հազար ՀՀ դրամ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին, համապատասխանաբար 16 միլիոն 200 հազար և 17 միլիոն 480 հազար ՀՀ դրամ տրամադրելու նպատակով։
Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» կազմակերպության հիմնադիր Ռուբեն Մելիքյանն այսօր «Ոսկանապատ» կենտրոնի կազմակերպած` «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին. արտաքին եւ ներքին անվտանգություն», թեմայով քննարկման ժամանակ իր տարակուսանքն արտահայտեց այդ առիթով`մտահոգություններ հայտնելով, որ ՀՀ կառավարության խտրական վերաբերմունքը պարզապես հուշում է, որ վերոնշյալ կազմակերպությունները ոչ թե դիտորդական առաքելությամբ էին Արցախում, այլ`վերահսկողական:
Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ Արցախի առաջիկա նախագահական ընտրություններում հայաստանյան քաղաքացիական հասարակությունը պետք է ակտիվորեն դիտորդություն իրականացնի, որպեսզի բոլորս համոզվենք`այս գործընթացը իրավաչափ է եւ չի նպաստում մենաշնորհ վերահսկողության`դիտորդության անվան տակ. «Սա երկու նպատակ է հետապնդում. նախ, որ Արցախն ունենա իրավական լուրջ հիմքեր, երկրորդ, որպեսզի ընտրությունները հայաստանյան ներքաղաքական լույսի ներքո չդառնան քաղաքական շահարկման հարց»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ