Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկու շուկայում խնդիր կա, քաղաքացին գնում է ոսկի գնելու ու 50/50 է՝ կա’մ կխաբեն իրեն, կա՛մ չեն խաբի». Թունյան

Փետրվար 05,2020 16:00

Տարիներ շարունակ թանկարժեք մետաղների, ոսկերչական իրերի, նմանատիպ ապրանքների շուկաներում նկատվում է, որ հաճախ հարգորոշման գործընթացում կեղծումներ են արվում, ցածր հարգի մետաղը հարգանշվում է ավելի բարձր:

ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն կատարել ու այս խնդիրը լուծել: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը հիմնական զեկուցողն էր, ասաց, որ պետությունը պետք է վերահսկում իրականացնի, ինչպես ՌԴ-ում եւ Ուկրաինայում: ԵԱՏՄ-ում ոսկերչական իրերի շուկաներ գրավելու հայտ է ներկայացրել Հայաստանը ու անթույլատրելի է, երբ, օրինակ, տուրիստը Հայաստանից ոսկի է գնում, վրան նշված է բարձր հարգ, իրականում այլ ապրանք են վաճառած լինում, ոսկու հետ պղինձ են խառնած լինում:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ իսկապես ոսկու շուկայում խնդիր կա, քաղաքացին գնում է ոսկի գնելու ու 50/50 է՝ կա’մ կխաբեն իրեն, կա՛մ չեն խաբի:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն ասաց, որ զարգացած երկրներում պետությունը նման գործառույթ չի վերցնում իր վրա վերահսկելու, Հայաստանում 8 կազմակերպություն կա, որոնք հարգորոշում են իրականացնում ու այդ կազմակերպությունները գործում են պետական վերահսկողության ներքո: Նա ասաց, որ մեր ոսկերչական ոլորտը միջազգային շուկայում մեծ թափով զարգանում է, նշանակում է՝ որակի չափանիշները պահպանվում են:

«Իմ քայլից» Գեւորգ Պապոյանն ասաց, որ իսկապես մարդիկ ոսկի գնելիս մտահոգություն են ունենում, նա առաջարկեց, որ պետությունը պատահական ստուգումներ անի, որ զգոն լինեն:

Մելքումյանն էլ նշեց. «Այնպես չի, որ մենք անընդհատ ոսկու շուկայում ենք, բայց երեւի այստեղ մարդ չկա, որ գոնե մի անգամ ոսկու շուկա գնացած չլինի նվերի համար: Վաճառողները հարգորոշողների հետ կապի մեջ են, ասում են՝ տանեմ ծանոթիս մոտ, կամ հարցնում են՝ իսկ ի՞նչ գին ես ուզում վրան գրենք: Ինչ գին ուզում ես՝ գրում է, կարող է խելքին մի քիչ մոտ, բայց գնից երկու անգամ ավելի գրեն: Ասում են՝ զարդ է սա: Երկրորդը՝ այս գումարը գնալու է պետբյուջե: Հիմա 400 մլրդ է, ոլորտը զարգանում է, հասնելու է 1 մլրդ-ի կարգի»:

Նախագիծը բացասական եզրակացություն ստացավ, բայց պատգամավորներն ընդունեցին, որ այդ շուկայում խնդիր կա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829