«Նման պահվածքն ընդունել չի կարելի, այն առաջին հերթին միտված էր մեր անվտանգության համակարգին»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երեկ ոստիկանություն բերման ենթարկված ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը՝ «մի օր ես եմ պառկեցնելու եւ ոտքերս մաքրելու իրանց վրա»:
«Նախ, ես չեմ տեսել, որ Ռուբեն Հայրապետյանին որեւէ մեկը պառկեցրել էր ասֆալտին: Հակառակը՝ իր բնակարանում առաջին գործողությունների ժամանակ նա իր թիկնապահների հետ ազատ պտտվում էր: Նաեւ հիմա որեւէ մեկը չի պառկեցրել, եւ նման խնդիր չկար: Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում ցանկացածին կարող է բերման ենթարկել: Ամեն օր էլ բերման ենթարկված մարդիկ կան, եւ նրանք վերին արտի ցորենը չեն»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/821688294923855/
Կարդացեք նաև
Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ ոստիկանությունը հսկայական անելիք ունի. «Չեմ հիշում, որ ոստիկանության պատերի տակ որեւէ մեկն իրեն նման արտահայտություն թույլ տար: Չեմ տեսնում, որ ոստիկանությունն իր լիազորություններն իրականացրել է: Հակառակ դեպքում նման արտահայտություն դժվար թե որեւէ մեկը կարողանար հնչեցնել: Ոստիկանությունը պետք է գիտակի, որ ուժային կառույց է, որի հետ անօրեն արտահայտություններով խոսել չի կարելի: Երեկ նկատեցի, որ ոստիկանությունը կաշկանդված էր, եւ ստացավ հարված, որը նաեւ լեգիտիմ իշխանությանն ուղղված հարված էր… ծափերը տեսա՞ք: ՀՀԿ-ականները գիտակցո՞ւմ էին, թե այդ ծափերով ինչն էին խրախուսում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ