Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքը վախեցած է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սրընթաց նվազումից. Դավիթ Շահնազարյան

Փետրվար 05,2020 15:37

«Եթե Արցախի հանրապետությունում, նախագահականը ընտրությունների արդյունքում, այդ բարձր պաշտոնը զբաղեցնի որեւէ անձնավորություն, որը հլու-հնազանդ Փաշինյանի կամակատարն է լինելու, որն ուղղակիորեն պաշտպանելու է այն ամենը եւ այն բոլոր ճակատագրական սխալները, որոնք որ անում է Հայաստանի իշխանությունը եւ կառավարության ղեկավարը, ապա վտանգները շատ մեծ են լինելու»,- այս մասին իր մտահոգություններն այսօր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած` «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին. արտաքին եւ ներքին անվտանգություն» թեմայով քննարկման ժամանակ, հնչեցրեց 1992-1995 թթ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը։

Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների դիրքորոշումները, թե ընդհանրապես, թե հակամարտության կարգավորման հարցում, նույնական են: Այդ դեպքում, ըստ բանախոսի, խիստ հակասություն է առաջանում. «Եթե նույնական են, ինչո՞ւ ես ուզում Արցախի իշխանություններին տանել բանակցային սեղան»: Բայց, իր համոզմամբ, դրանք չեն կարող նույնական լինել, եթե ՀՀ-ն եւ Արցախը տարբեր քաղաքական սուբյեկտներ են: Դավիթ Շահնազարյանը նկատում է`նույնիսկ աշխարահաքաղաքական ամենամոտ դաշնակիցների դիրքորոշումները չեն կարող նույնական լինել, նույնիսկ Հայաստանի երկու մարզերի ղեկավարների դիրքորոշումները, ասենք տնտեսական զարգացումների վերաբերյալ, չեն կարող լինել նույնական. «Բայց երբ սա ասվում է, սա հարվածում է Արցախի հանրապետության սուբյեկտայնությանը»:

Եթե Արցախի նախագահական ընտրություններում ընտրվի ՀՀ իշխանություններին կամակատար թեկնածու, Դավիթ Շահնազարյանը համոզված է` Արցախն ինքնամեկուսացվելու է բանակցային գործընթացից. «Եվ չեմ բացառում, որ Արցախի նախագահի եւ ԼՂՀ ադրբեջանական համայնքի միջեւ սկսվեն ուղղակի պաշտոնական շփումներ, որովհետեւ ամեն ինչ գնում է դրան։ Այն ինչ Արցախում տեղի է ունենում, փորձ է արվում ստեղծել այն իրավիճակը, որը կար Հայաստանում 2018 թվականին: ՀՀ իշխանությունը նպատակաուղղած տարանջատում է մտցնում Արցախի հասարակության մեջ։ Սա քաղաքականություն է, սա Փաշինյանի քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է: Այս իշխանությունը «նոր Հայաստան» ասելով`շատ բաղադրիչներից բացի բերում է նոր բարոյականություն, դա իրենց «բարոյականությունն է», որը փորձ է արվում ներմուծել նաեւ Արցախում»:

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ`«Փաշինյանը քլունգն առած քանդում է Արցախի միասնությունը», քանի որ Արցախի հասարակությունը տարանջատված է`ինչպես երբեք:

Անդրադառնալով Արցախի հարցի բանակցային գործընթացն էլ, Դավիթ Շահնազարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացը նկատելիորեն ակտիվացել է: Սա նա պայմանավորում է աշխարհաքաղաքական զարգացումներով: Գործոններից մյուսն էլ, բանախոսի համոզմամբ, Արևմուտքի վախն է՝ Փաշինյանի վարկանիշի սրընթաց նվազելու առնչությամբ։

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829