ԱԻՆ 911 ծառայությանը տարօրինակ զանգեր շատ են լինում, հաճախ երեխաներ են զանգում, զանգում՝ խոսում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Անցյալ տարի 911-ը ստացել է 1 մլն 817 զանգ, որից 16413 զանգերի հիման վրա մարտական հաշվարկ է դուրս եկել:
«Լինում է` մեկ հրդեհի համար հարյուր զանգ ենք ստանում: Ենթադրենք՝ Սարալանջի փողոցում հրդեհ է, ասում է՝ մեծ հրդեհ չէ, պարոն նախարար, ընդամենը երկու զանգ է եղել»,-պատմեց նախարարը:
Նա նաեւ նշեց, որ լինում են դեպքեր, երբ մեծ հրդեհներ են լինում՝ կամ չեն զանգում, կամ շատ ուշ են զանգում. «Երեկոյան պատգամավորներից մեկը զանգում է ինձ ու ասում՝ էս ինչ տեղով անցնում եմ, մեծ հրդեհ է, վառվում է ամբողջ սարը: Էդ սարի տակը գյուղ կա, հարց տվեցի՝ նայի, տես, ժողովուրդ կա՞: Ասում է՝ ինչի՞: Ասի՝ ահազանգ չի եղել: Եղել է դեպք, որ անասնագոմ է վառվել մեծ թվով անասուններով, ահազանգը քառասուն րոպե հետո է եղել»:
Կարդացեք նաև
Ցոլակյանն ասաց, որ զավեշտալի ահազանգեր էլ են ունենում. «Զանգում՝ չեն խոսում, զանգում՝ շնչում են, արտաշնչում են: Մի աղջիկ զանգել էր, ասում էր՝ բանանը ձեռքիցս ընկել է 3-րդ հարկ, եկեք հանեք: Մեկը զանգել էր՝ կատուս ելել է ծառը, եկեք իջեցրեք»:
Նախարարն ասաց, որ երբ զանգում, չեն խոսում՝ աշխատակիցներն առավել զգոն են լինում, որովհետեւ հնարավոր է՝ զանգողը վատ է զգում իրեն, չի կարողանում խոսել. ««Սոս սիսթեմս»-ը պետք է տարածենք, իմ հեռախոսի վրա կա տեղադրված, երբ զանգում են 911, արդեն տեղը գիտեն, գիտեն խնդիրները: Սա պետք է մասսայականացնենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ