Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոբացիայի ծառայությունից պետք է օգտվեր 4000 մարդ, բայց օգտվել է 3000-ը. Սարգիս Նասիբյան

Փետրվար 05,2020 15:01

 Պրոբացիայի ծառայություններից 2019 թվականին պետք է օգտվեր 4000 մարդ, սակայն փաստացի օգտվել է մոտ 3000, այսինքն՝ հազար մարդով տարբերություն է եղել: Այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հանրային ֆինանսների գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը: Նա ներկայացրեց արդարադատության նախարարության 2019 թվականի 9 ամիսների կատարողականը:

Նույն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց՝ եթե անցնում ենք ծրագրային բյուջետավորման, ապա պետք է լուրջ ուշադրություն դարձնել ինչպիսի արդյունքային ցուցանիշներ կան. «Ծրագրային բյուջետավորման գաղափարախոսությունն այն է, որ դրա միջոցով հնարավոր լինի գնահատել՝ այդ գումարների ծախսն ինչպիսի՞ արդյունք տվեց, որպեսզի ծախսը տեսնելով, քաղաքացին, քաղաքական գործիչը, լրագրողը ասեն՝ այսքան գումար ծախսվեց եւ փռվեց այսքան ասֆալտ. ի՞նչ որակի էր, ի՞նչ տվեց դա, արդյոք այդքա՞ն պետք է ծախսվեր, արդյոք պետք էր հենց ա՞յդ ճանապարհը վերանորոգել, թե՞ մեկ այլ, ավելի կարեւոր ճանապարհ: Այս հարցերը նախկինում հնարավոր չէր տալ»:

Թե որքանով է նախարարությունը ծրագրային բյուջետավորումը հաջողությամբ կատարել՝ Սարգիս Նասիբյանը «Անձնական տվյալների պաշտպանության իրականացում» միջոցառմամբ ներկայացրեց: Այս միջոցառման շրջանակներում տրամադրված խորհրդատվությունների թիվն 9-ը ամիսների համար պետք է լիներ 150 հատ, բայց փաստացին կազմում է 194, այսինքն՝ 44-ով ավելի:

Նասիբյանի դիտարկմամբ, քանակական այս ցուցանիշները միգուցե շատ լավ է հաշվետվություն տալու համար, սակայն այսպիսի ցուցանիշը չի կարող որակ ներկայացնել եւ տալ պատկերացում տվյալ ծրագրի վերաբերյալ: Նրա համոզմամբ՝ «Եթե հասարակությունը պահանջատեր լինի եւ Ազգային ժողովը կարողանա այնքան կամք դրսեւորի, որ կառավարությանը ստիպի ստանալ ակնկալվող արդյունքը, ծրագրային բյուջետավորումը ավելի արդյունավետ կներդրվի Հայաստանում»:

Վարուժան Հոկտանյանն էլ նկատեց. «Եթե մենք անցնում ենք ծրագրային բյուջետավորման, մենք պետք է ունենանք շատ լուրջ տվյալների համակարգ, որը հնարավորություն կտա քաղաքացիական հասարակությանը, կուսակցություններին եւ լրատվամիջոցներին հասկանալ, թե այդ ցուցանիշի կատարում, չկատարումը ինչ է նշանակում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829