Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը հիշեց` ինչպես Ռոբերտ Քոչարյանին «շանտաժով բերեցին եւ նշանակեցին ՀՀ վարչապետ»

Փետրվար 05,2020 14:57

Հայաստանի քաղաքական դաշտը կարոտ է լուրջ բանավեճերի, քանի որ կարեւոր հանգրվանի ենք հասել. այս կարծիքին է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Այսօր, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած` «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին. արտաքին եւ ներքին անվտանգություն», թեմայով քննարկման ժամանակ բանախոսը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իշխող ուժի ներկայացուցիչներն են խուսափում բանավեճերից:

Անդրադառնալով բուն թեմային, Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ 2018-ի, մայիսի 10-ին, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախը հակամարտության կողմ է, մինչդեռ 1992 թվականից մեր դիվանագիտությունը պայքարել է դրա դեմ, Ադրբեջանն էլ ցանկացել է այդ հարթություն հարցը տանել`իբր ցույց տալու համար, որ Հայաստանն իրենից հողային պահանջ ունի: Թեեւ Նիկոլ Փաշինյանը հետագայում այդ ձեւակերպմանը չանդրադարձավ, բայց բանախոսի համոզմամբ, Թուրքիան եւ Ադրբեջանը դա լավագույնս օգտագործեցին: Ապա նա ուղղակի իմիջիայլոց, հիշեց, որ 1997- ին, երբ, իր ձեւակերպմամբ`Ռոբերտ Քոչարյանին «շանտաժով բերեցին եւ նշանակեցին ՀՀ վարչապետ`ներիշխանական ինչ-որ հարցի հետ կապված», թուրք-ադրբեջանական մամուլը դա փորձում էր հայերի խորամանկություն ներկայացնել, քանի որ իրենց իսկ հայտարարած անկախ պետության ղեկավարին մեկ այլ անկախ պետության վարչապետ են դարձնում: Ասաց`սա այլ հարց է, առանձին կանդրադառնանք:

«Առաջին անգամ Դուշանբեում մենք տեսանք, որ մեր իշխանությունն Ադրբեջանի իշխանության հետ պայմանավորվեց, որպեսզի նրանք օգնեն, որպեսզի եղած իշխանությունն իր դիրքերն ամրապնդի»,- իր հետագա վերլուծություններում նշեց բանախոսը`նկատելով, որ մի ընթացք առաջնագծում համեմատաբար խաղաղ իրավիճակ ապահովելով, Ադրբեջանը կարողացավ բանակցություններից դուրս բերել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների պարտադիր կատարումը, ամրապնդեց իր դիրքերը`Նախիջեւանում 10 հազար հեկտար վերցնել իր հսկողության տակ:

Ռուբեն Հակոբյանի համոզմամբ, Դավոսում ու Դուշանբեում բանավոր պայմանավորվածություններում Հայաստանը շատ լուրջ պարտություններ է կրել։

Նա համամիտ է Կարեն Բեքարյանի հետ, որ ՀՀ իշխանությունը խաբել է իր հասարակությանն`ասելով, որ բովանդակային բանակցություններ չեն ընթանում Արցախի հարցի շուրջ: «Ադրբեջանն իր ժողովրդի նկատմամբ շատ ավելի անկեղծ է, բոլոր հանդիպումներից հետո ասում էր, որ բանակցություններ են տեղի ունեցել ու ինչի մասին»,- ասաց նա`հավելելով, որ մինչ հայկական պատվիրակությունը Վիեննա էր մեկնում`ասելով, որ որեւէ օրակարգ չունենք, Ադրբեջանը երկու հստակ հարց էր առաջադրում`որեւէ լուծում չի կարող լինել Արցախի տարածքային ամբողջականության հաշվին, այսինքն, Արցախի որեւէ կարգավիճակ չի տրվելու եւ երկրորդ`բացառվում է, որ Արցախը մաս կազմի բանակցային գործընթացի:

«Եթե բանակցություններին օրակարգ չես տանում, ապա քննարկվում է այն օրակարգը, ինչ դրվում է սեղանին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը`հավելելով, որ մի քանի անգամ եղել է հնարավորություն քննարկել այն օրակարգը, ինչ դրել է ադրբեջանական կողմը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829