Չնայած բնապահպանների դիմադրությանը, անտառներում պետք է ճանապարհներ բացվել, դրա համար պետք է ծառեր հատվեն: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա ասաց, որ հրդեհաշիջման աշխատանքներում մեծ խնդիր է անտառներում ճանապարհների բացակայությունը, մեքենաները չեն կարողանում մուտք գործել անտառ ու հասնել օջախին, հրշեջները ստիպված են լինում ասենք՝ չորս ժամ քայլել, ձեռքի գործիքներով մարել հրդեհը, անգամ ձեռքի ջրցանը լիցքավորելու համար մեքենայի ճանապարհ չկա:
Նախարարն ասաց՝ անտառներում այդ ճանապարհները հարկավոր են հրդեհները հնարավորինս արագ մարելու համար, բայց մի խնդիր էլ կա. «Երբ Խոսրովի արգելոցի տնօրենի հետ էի խոսում, ասացի՝ գիշերով ճանապարհը բացելու ենք: Ասավ՝ որսագողերի համար է նաեւ բացվելու այդ ճանապարհը: Բայց դրա համար էլ այդքան աշխատողներ կան, արգելանոց է, մուտքն արգելված է, կան հազար ու մի միջոցներ դրա դեմ պայքարելու: Դրանով չպիտի խանգարեն մեր գործին, դրանով մենք ավելի շատ բան ենք փրկելու, քան վնասելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ