Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ճանապա՞րհն է բացում. Կարեն Բեքարյան

Փետրվար 05,2020 13:57

«Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպումն ի ցույց դրեց բավական երկար ժամանակահատված տեւած կեղծիքը, որ որեւէ կերպ բանակցություն չկա, որ սեղանին փաստաթուղթ չկա»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած`«Արցախը`մեծ փոփոխությունների նախաշեմին. արտաքին եւ ներքին անվտանգություն», թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Բանախոսը հիշեցնում է, որ երկօրյա հանդիպումների արդյունքում եղավ հնգակողմ հայտարարություն, եղավ նաեւ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, իսկ հայտարարության մեջ ուղղակիորեն քաղաքական գործընթացին հղում կա՝ սկզբունքների եւ տարրերի մասին. «Մենք լավ հիշում ենք, որ սկզբունքների եւ տարրերի բառակազմը մշտապես կիրառվել է Մադրիդյան սկզբունքների կամ նրա որեւէ վարիացիայի նկատմամբ: Այն, որ կա փաստաթուղթ եւ կա գործընթաց, անգամ դրա տակ եղավ ԱԳ նախարարի ստորագրությունը»: Քաղաքագետի դիտարկմամբ`մինչ այս եղած հայտարարությունները, թե բանակցությունների սեղանին որեւէ փաստաթուղթ չկա, ընդամենը սեփական հասարակությանը ապակողմնորոշելու համար էին:

«Երկրորդ տարրը բավական ճղճիմ բեմադրված թատրոնն էր, երբ Ժնեւի հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ Կապանի ասուլիսում վարչապետը հայտարարել էր, թե ի՞նչ ունեմ ստացած նախորդներից: Այդտեղ մենք իրավիճակի աբսուրդ ունենք: Խոսքը վերաբերում է երկրի գլխավոր բանակցողին՝ ի պաշտոնե այդ պարտականությունները կատարողին, եւ այդ մարդը նախկինների թողած ժառանգության հետ կապված վկայակոչում է ինչ-որ լրատվամիջոցի հրապարակումը: Սա աբսուրդի ժանրից է: Այսինքն` դու տեղյակ չես այդ ժառանգությանը փաստաթղթային իմաստով, եւ պետք է հենվես ինչ-որ լրատվամիջոցի հրապարակման վրա՞: Հետեւից էլ ասես, որ քանի որ այդ հրապարակմանը հերքում չի եղել, երեւի ես դա ընդունեմ որպես փաստ: Այսինքն` մենք այստեղ գործ ունենք մի փաստի հետ, որ սեփական հանրության նկատմամբ հարգանքի լիակատար բացակայություն կա: Միայն այդ պարագայում է հնարավոր հիմարի տեղ դնել բոլորին: Որքան շուտ մեր հանրությունը սա գիտակցի, այնքան ավելի շուտ կհասկանանք մարտահրավերները»,-շարունակեց բանախոսը:

Երրորդ տարն, ըստ նրա, այն է, որ հրապարակված հոդվածը վկայակոչելով՝ վարչապետն իբր բացահայտում է անում եւ այդ ամենի հասցեատերը մեր հանրության` «իր պատկերացմամբ ոչ գրաճանաչ» հատվածն է. «Բայց գրաճանաչ հատվածն առիթ ունեցել է ծանոթանալու, թե Ղարաբաղի հարցում միջնորդների մոտեցումը որն է. միջնորդների մոտեցումը` սկսած դեռեւս Լը Աքվիլայից, համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով գաղտնազերծվել է, որը պարունակում էր երեք սկզբունքներ եւ 6 տարրեր: Չի բացահայտվել ամբողջությամբ, բայց այն, ինչ ինքը ներկայացնում էր Կապանում, տարիներ ի վեր գաղտնազերծված է»:

Կապանի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումը`Արցախում նախագահի թեկնածուներին` ասելով՝ տվեք ձեր կարծիքը, եւ եթե դուք նման փաստաթղթի շուրջ համաձայն եք, որ բանակցենք, ես խնդիր չունեմ, կբանակցեմ եւ շատ արագ դա կհայտնվի սեղանին, Կարեն Բեքարյանը էժանագին քայլ է որակում: Նաեւ նկատում է. «Ոչ բոլոր թեկնածուները արձագանքեցին, իսկ արձագանքածները մրցավազքի մեջ մտան՝ հայտարարելով, որ իհարկե, համաձայն չենք դրան: Ստացվում է, որ գործընթացին չմասնակից սուբյեկտը, այս դեպքում թեկնածուն, տալիս է արձագանք մի բանի վերաբերյալ, որի ամբողջական պատկերը չունի: Բայց այստեղ տեղի է ունենում ամենաունիկալը: ՀՀ ԱԳ նախարարը Ժնեւում, թքած ունենալով վարչապետի տված հարցմանը, Արցախից եկած պատասխանների վրա, քննարկում է այն փաստաթուղթը, որն իբրեւ թե բացահայտում էր վարչապետը եւ հարցնում Արցախի նախագահի թեկնածուների կարծիքը: Այստեղից հարց. եթե ԱԳ նախարարը շրջանցել է վարչապետի հրահանգները, մենք դա պետք է տեսնեինք: Եթե չի շրջանցել, ապա ո՞ւմ համար էր այս թատրոնը, ո՞րն էր այս թատրոնի նպատակը: Այս գործընթացը տրանսֆորմացվել ու տարածվել է միջազգային հանրության վրա, եւ ՄԱԿ-ի ԱԽ երեք անդամ երկրի վրա՞: Չկա որեւէ տրամաբանություն այս ընթացքի մեջ»:

Անդրադառնալով Ժնեւի հանդիպումից հետո Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, որտեղ նշվում է, որ ճիշտ կլինի, որպեսզի բանակցային գործընթացին հնարավորինս շուտ մասնակցեն Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչները, Կարեն Բեքարյանը նկատեց. «Սա արտահայտություն էր` ֆիքսած նախադասության մեկ հատվածից, 1992 թվականի դեռեւս ԵԱՀԽ արձանագրությունից, որտեղ նշվում էր Մինսկի կոնֆերանսի պատրաստման ժամանակ մասնակից կողմերին: Այդ շարքում դնում էր այդ արտահայտությունը՝ հետեւյալ տարբերությամբ` «Արցախի ժողովրդի ընտրյալ եւ այլ մասնակիցները»: Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձել է հիմնվել ԵԱՀԿ-ի հենց այս արտահայտության վրա, որպեսզի բանակցային գործընթացին ներգրավի ադրբեջանական համայնքը, նրան տեղավորելով այդ «այլ»-ի մեջ: Սա տարիների ընթացքում եղել է Ադրբեջանի հիմնական կռվաններից մեկը, որ Ղարաբաղի ժողովրդի մեջ մտնում է նաեւ ադրբեջանական համայնքը: Մենք գործ ունենք տգիտության կամ ծրագրավորված դավադրության հետ: Եթե մեր ԱԳՆ-ի նպատակը ֆորմալ փաստաթղթային հիշեցումն էր, որ կա հիմք Արցախը բանակցային սեղան բերելու, նա առնվազն ուներ հնարավորություն`հենվելու 1994-ի Բուդապեշտի գագաթաժողովի վրա, որտեղ նշված էր, որ հակամարտության կողմերը հրադադարը ստորագրած կողմերն են»:

Կարեն Բեքարյանը նաեւ կարծում է, որ ժնեւյան բանակցությունների նույն օրը համանախագահներից մեկը լեգիտիմացնում է «Արցախի ադրբեջանական համայնք» կոչեցյալին `հանդիպելով այդ համայնքի ներկայացուցչի հետ: Հիշեցնենք, խոսքը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի մասին է: Բանախոսն էլ հիշեցնում է, որ այդ մասին մինչ այդ, բաց տեքստով խոսել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հետո, օրերի տարբերությամբ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ հանդիպել էր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը: «Մեր ԱԳՆ-ն այդ համայնքի ճանապարհն է բացո՞ւմ»,- հարց է տալիս Կարեն Բեքարյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    <>
    Գոնե դուք սեփական հանրության նկատմամբ հարգանքի բացակայությունից մի խոսեք, դուք և ձեր ղեկավարը ոչ միայն չէիք հարգում, այլև թքած ունեիք սեփական հանրության վրա, որի պատճառով էլ այդ հանրության օգնությամբ հայտնվեցիք համապատասխան տեղում:
    Հ.Գ. հիմա էլ ձեզանից ինչ որ մեկը ցանկանումԱ կոշիկները մաքրել այդ հանրության վրա: ՈՒ խոսում են ատելության մթնոլորտի մասին: Հիմա, որ դրան թողնեն առանց կոշիկ ասելու եք քաղաքական հետապնդում է: Ռուսական ասացվածք՝ ում կովը մռնչա, գոնե ձերը պետք է սուս մնա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829