ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքի իր էջում պատմել էր, որ կիրակի օրը Արցախի ռեստորաններից մեկում ընտանիքով ժամանակ անցկացնելուց եւ հաշիվը վճարելուց հետո տեսել են, որ ՀԴՄ կտրոն չեն տվել։ Երբ պահանջել են՝ պարզվել է, որ աշխատակիցները չեն կարողանամ տպել։ Պատճառը, ինչպես ներկայացվել է վարչապետին՝ ՀԴՄ սարքը նոր փոխելն է եղել։
Կոնկրետ այս դեպքի եւ Արցախում ՀԴՄ-ների վերահսկման գործընթացի վերաբերյալ հարցերին պատասխանել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը.
– Պարոն Մարտիրոսյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվություն է հրապարակել, որ Արցախի ռեստորաններից մեկում իրեն ՀԴՄ կտրոն չեն տրամադրել, որից հետո ռեստորանի տերը տուգանվել է: Կարո՞ղ եք ասել՝ որքա՞ն գումարի մասին է խոսքը։
– «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի համաձայն՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման համար կազմակերպությունը տուգանվել է յոթանասունհինգ հազար դրամի չափով։
Կարդացեք նաև
– Եթե ահազանգողը չլիներ Հայաստանի վարչապետը, այլ սովորական քաղաքացի, արդյո՞ք նույնկերպ ընթացք էր տրվելու ահազանգին Արցախի հարկային մարմինների կողմից։
– Միանշանակ։ Ասեմ ավելին, հարկային մարմնում գործում է թեժ գիծ (047-94-86-20), որով քաղաքացիները կարող են ահազանգել տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ։ Եվ, փաստացի, այդպիսի դեպքերը քիչ չեն, երբ քաղաքացիների ահազանգով կիրառվել են ինչպես հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման, այնպես էլ այլ իրավախախտումների համար տուգանքներ եւ այլն։
– Հայաստանում իրականացվող տնտեսական հեղափոխության շրջանակներում աստիճանաբար քաղաքացիների մոտ ՀԴՄ կտրոն պահանջելու մշակույթ է ձևավորվում։ Արդյո՞ք Արցախում քաղաքացիները նույնքան պահանջատեր են այս հարցում, ինչպիսի՞նն է տնտեսվարողների նկատմամբ քաղաքականությունը Արցախի իշխանությունների կողմից։
– Դեռեւս 2018 թվականի հուլիսի 30-ին ԱՀ կառավարությունը ընդունել է հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգ, որում ստվերային շրջանառությունների դեմ պայքարում առանձնացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումների դեպքերի բացահայտումն ու կանխումը։ Ըստ այդմ, ոլորտի պատասխանատու՝ ֆինանսների նախարարության կողմից պարբերաբար իրականացվում են կանխարգելիչ եւ հսկողական միջոցառումներ։
Հասարակության շրջանում եւս աշխատանքներ են տարվում ՀԴՄ կտրոն պահանջելու մշակույթի ձեւավորման ու ամրապնդման ուղղությամբ։ Այդ նպատակով զանգվածային լրատվամիջոցներով հեռարձակվում են տարբեր սոցիալական հոլովակներ։
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում