Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են դատի տվել Բարձրագույն որակավորման կոմիտեին

Փետրվար 05,2020 13:22

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում արձագանքելով մամուլի հրապարակումներին` արդյոք տեղափոխվելու է Գիտության պետական կոմիտե, նշեց. «Այդպիսի առաջարկ երկու անգամ եղել է, բայց մերժել եմ, որովհետեւ ԲՈԿ-ում իմ անելիքը պետք է անեմ, եւ ոչ մի նպատակ չունեմ տեղափոխվելու, այնտեղ նախագահը Սարգիս Հայոցյանն է, իրեն արդյունավետ աշխատանք եմ մաղթում, կփորձենք երկուսով գիտությունն ավելի լավ վիճակի բերել»:

Ինչ վերաբերում է 2019թ արված աշխատանքին, Սմբատ Գոգյանը նշեց, որ անցյալ տարի հաստատել են 223 գիտական աստիճան, որոնցից 6-ը դոկտորական է, 217-ը` թեկնածուական:

«Վարչապետը Կապանի իր մամուլի ասուլիսի ժամանակ եւս նշել էր, որ թիվը կրճատվել է, անցյալ տարի 38 տոկոսով քիչ են եղել հաստատված վկայագրերը, 2018թ եղել է 356 վկայագիր, որոնցից 42-ը դոկտորական, 314-ը թեկնածուական»,-ասաց ԲՈԿ նախագահը: Շեշտեց, որ կիսով չափ պակասել են նաեւ տնտեսագիտության ոլորտում պաշտպանված ատենախոսությունները: Ընդգծեց, որ 2019-ին ամենաշատ ատենախոսություններ եղել են տեխնիկական գիտությունների ոլորտում: Հավելեց, որ բոլոր բնագավառներում եղել է ատենախոսությունների պաշտպանությունների թվի անկում, բացառությամբ դեղագործությունը:

Սմբատ Գոգյանն ասաց նաեւ, որ բյուջեի թերածախս են ունեցել եւ 18 մլն դրամ վերադարձրել են բյուջե: Խոսեց պետական կարեւորության արխիվից, որը անվտանգության հետ կապված խնդիրներ ունի, այնտեղ վերջին 5 տարվա բոլոր կարեւոր պաշտպանությունների հետ կապված փաստաթղթերն են: «Կփորձենք այս տարի այդ խնդիրը լուծել»,-ասաց ԲՈԿ նախագահը:

«Կարողացել ենք որոշ վատ գործերի դեմն առնել, բայց սա ինստիտուցիոնալ պայքար չէ, այլ մարդկային գործոնի շնորհիվ ստացված արդյունք»,-ընդգծեց Գոգյանը` խոսելով անորակ աշխատանքների մասին: Անդրադարձավ աստիճանաշնորհման նոր համակարգին, գիտական նոր պորտալի ստեղծմանը եւ պաշտպանությունների առցանց հեռարձակմանը, որի միջոցով սփյուռքահայ գիտնականներին էլ հնարավոր կլինի ներգրավել աստիճանաշնորհման գործընթացներում:

Սմբատ Գոգյանը խոսեց նաեւ իր դեմ բողոքներից, դատական գործերից նաեւ որոշ օրինակներ բերեց. «Տնտեսագիտական համալսարանում գաղտնի քվեարկության ժամանակ հայցորդը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, սակայն մասնագիտական խորհուրդը սխալ որոշում է կայացրել եւ հաստատել է , որ ԲՈԿ-ը նրան հանձնի աստիճանաշնորհման աստիճանը հավաստող վկայագիր: Մենք, բնականաբար, մերժել ենք այն, եւ գործը դատարանում է, մարտի 18-ին կլինի նիստը»: Նա անուններ չտվեց, միայն ասաց, որ առաջին դեպքն էլ առնչվում է ԵՊՀ-ի մանկավարժական խորհրդին, որը փակվել է շղթայական արտագրությունների դեպքից հետո:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829