Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանից Հայաստան ներկրվող աղի դեմ պայքարելու իր տարբերակն է գտել Ավանի աղի կոմբինատը. «Ժողովուրդ»

Փետրվար 05,2020 13:16

Հայաստանում աղի միակ արտադրող ընկերությունը նախազգուշացում է ստացել։ Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառող մարմինը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ընդդեմ Ավանի աղի կոմբինատի, դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին հանձնաժողով է դիմել «Սոլտեքս» ընկերությունը։ Ի դեպ, նշված ընկերությունը արդեն մի քանի ամիս է, ինչ Իրանից Հայաստան է ներկրում կերակրի աղ, որն արդեն ՀՀ-ում փաթեթավորվում է, ստանում է սպառողական տեսք եւ իրացվում։

Դեռ ավելին, ընկերությունը պատրաստվում է ավելացնել ներկրման ծավալները։ Սակայն, մյուս կողմից, աղի տեղական արտադրող «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը պնդում է, որ իրենց ընկերության գործունեությունը այս ամենի արդյունքում տուժում է, քանի որ «Սոլտեքս»-ը մեծ քանակությամբ աղ է ներկրում, ինչի արդյունքում տեղական արտադրության աղի վաճառքի ծավալները բավականին նվազել են։ Պարզվում է՝ ներկրվող աղի դեմ պայքարելու իր տարբերակն է գտել Ավանի աղի կոմբինատը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն իր ֆեյսբուքյան էջին «Սոլտեքս» ընկերության կողմից ներկրված եւ փաթեթավորված կերակրի աղի լուսանկարն է տեղադրել եւ հետեւյալ բովանդակությամբ հայտարարություն գրել. «Եվս մեկ զգուշացում մեր քաղաքացիներին!!! Զգուշացեք այս գրառմամբ աղերի օգտագործումից, քանի որ E 536-ը կալիումի ֆերոցիանիդն է (թունավոր նյութ), որը արգելված է մի շարք երկրներում, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ- ում։ «Հայկական աղ»-ը չի պարունակում այդ նյութը»։ Սա, ըստ «Սոլտեքս»-ի, համարվում է անբարեխիղճ։

Ավելին, «Սոլտեքս»-ից հայտնում են, որ Ավանի աղի կոմբինատի այս քայլը մանիպուլացնում է սպառողների ընկալումը տվյալ նյութի պարունակությամբ կերակրի աղի վտանգավորության մասին՝ նպատակ ունենալով «Սոլտեքս»-ի արտադրանքի վարկաբեկման միջոցով ազդել սպառողի ընտրության վրա։

Իսկ, ահա, ըստ Ավանի աղի կոմբինատի տնօրեն Արեգ Ղուկասյանի՝ Իրանից ՀՀ է ներկրվում մեծ քանակությամբ (տարեկան շուրջ 5000 տոննա) արդյունաբերական աղ, որը հետագայում վաճառվում է սնունդ արտադրող ձեռնարկություններին որպես կերակրի աղ, ինչը մեծ վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար։ Ավանի աղի կոմբինատի տնօրենի խոսքերով՝ արդյունաբերական աղը, որը ներկրվում է Հայաստան, սահմանը հատելիս չի անցնում ոչ մի ստուգում կերակրի համար պիտանելիության տեսանկյունից, այն չունի համապատասխան մակնշում եւ մաքսազերծվում է շատ ցածր ինվոյսային արժեքով։ Տեղական արտադրողը պնդում է՝ այդ աղը նախատեսված է արդյունաբերական տարբեր ճյուղերում օգտագործելու համար՝ թղթի, լվացքի փոշու արտադրության, կաթսաների մաքրում, ջրի փափկեցում, ձմռանը ճանապարհների սառույցը հալեցնելու համար եւ այլն։ Բայց, արի ու տես, ներմուծվելուց հետո այն վաճառվում է հաշվիչ դրամարկղային մեքենաներով տարբեր մանրածախ ու մեծածախ առեւտրի կետերում:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829