Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքարի շուկայում մենաշնորհային դիրք ոչ մեկը չունի, ունենք գերիշխող դիրք. ՏՄՊՊՀ նախագահ. «Հրապարակ»

Փետրվար 05,2020 13:05

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը շաքարի շուկայում իր ուսումնասիրությունների արդյունքում որոշել է վարչական վարույթ հարուցել մի քանի ընկերությունների նկատմամբ, որոնցից առնվազն երկուսը պատկանում են բոլոր իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին։ Դրանցից են «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունները, որոնք կապվում են հենց Ալեքսանյանի հետ, «Արմեն-Համիկ Հ/Ձ»-ն, «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաշիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս Էյ-Էմ» եւ «Սաս Գրուպ» սուպերմարկետները։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը հարցին, թե ինչն է առիթ հանդիսացել նման ուսումնասիրության, որեւէ մեկը բողո՞ք է գրել, ինչպես եղավ ջրերի շուկայի դեպքում, ասաց. «Մենք այս ուսումնասիրությունն անցյալ տարի ենք արել, արդեն 6-7 ամիս է, եւ եթե հիշում եք, ասել ենք, որ 5 շուկաներում ուսումնասիրություն էինք անում՝ բենզինի, կարագի, շաքարի, դիզելի, սեղմված գազի։ Ուսումնասիրության նպատակն է՝ ոլորտում պատկերացում կազմել, կենտրոնացվածություն որոշել, որոշել հնարավոր գերիշխող դիրք, հայտնաբերել խնդրահարույց կետեր, որոնք կարող են առնչվել օրենքի հնարավոր խախտման հետ։ Հիմա այդ ուսումնասիրության հիման վրա տեսել ենք խնդրահարույց կետեր, դրա համար վարույթ ենք սկսել»։

– Իսկ  ի՞նչ  խնդիրներ  եք հայտնաբերել, որ վարույթ եք հարուցել։

– Դե, գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հիմքով ենք սկսել վարույթը։

– Իսկ այդ ընկերություններից ո՞րը որի հետ է հակամրցակցային համաձայնության մեջ գտնվել։

– Չեմ կարող ասել, հենց դրա համար էլ վարույթ ենք հարուցել, որ իմանանք։ Բոլոր մատնանշված ընկերությունների մեջ էլ էդ երկու խնդիրը դիտարկել ենք, էս պահին ասել, որ կա հակամրցակցային համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում, չեմ կարող, դա հնարավոր չէ, քանի որ վարույթի արդյունքում պիտի պարզվի։ Կարող է պարզվի, որ չկա, կարող է պարզվի, որ կա 1-2 ընկերության կամ բոլորի միջեւ։ Դա հիմնականում կապված է տվյալ շուկայում գների վարած քաղաքականության հետ։

– Հիմա  ձեր  նախնական ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տվել, Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններն ունե՞ն մոնոպոլ կամ գերիշխող դիրք շաքարի շուկայում։

– Մոնոպոլ դիրք ոչ մեկը չունի, ունենք գերիշխող դիրք, այո, մեր ուսումնասիրության մեջ մենք դա հստակ նշել ենք, թե ով ինչ գերիշխող դիրք ունի, ընդ որում տարբեր շուկաներում՝ իրացման շուկայում, ներկրման շուկայում։

– Տեղեկություն կա, որ Սամվել Ալեքսանյանը կարող է դուրս մղվել շաքարավազի շուկայից, որովհետեւ իշխանությունները կարծես թե որոշել են տեղ բացել այլ ընկերությունների համար։

– Ես չգիտեմ նման բան, բայց կարող եմ մի բան 100 տոկոսով ասել, որ մեր մարմինը որեւէ քաղաքական կոնտեքստում որեւէ գործողություն չի անում, մենք անում ենք հստակ մեր գործը։ Էս տարի էլ եւս 5 նոր շուկաներ ենք մտել, այսինքն՝ մեր ամեն մի շուկա մտնելը չի կարելի կապել անձի հետ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829