2018 թվականին փրկարար ծառայությունում դրամական խրախուսում է ստացել 618 մարդ, անցյալ տարի՝ 3400: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Մենք խնդիր ենք ունեցել, որ մի քիչ հավասարաչափ է բաշխվել խրախուսման ֆոնդը եւ մենք գնացել ենք այլ ճանապարհով՝ հենց հիմա մշակում ենք բալային համակարգ, որի միջոցով լավ աշխատողը կարողանա ստանալ շատ, վատը՝ քիչ կամ չստանա»:
Ցոլակյանն ասաց՝ այս բալային համակարգով, այո, կլինեն աշխատակիցներ, որոնք դրամական խրախուսում չեն ստանա, բայց չստացողներն արդեն անելիք չեն ունենա ԱԻՆ-ում. «Երեկ տարվա ամփոփման ժամանակ 10 աշխատակցի տվել ենք 500 հազարական դրամ պարգեւատրում, այսպիսի բան չի եղել: Տվել ենք, որպեսզի հասկանան՝ աշխատողը կստանա: Տեսեք ինչ էր կատարվում՝ շատերը մտածում էին՝ եթե կառավարությունը տվել է պարգեւատրման ֆոնդ, դա պետք է հավասար բոլոր աշխատակիցների միջեւ բաժանվի՝ որպես աշխատավարձի բարձրացում: Չէ, էդպես չի: Տրվել է պարգեւատրումների ֆոնդը, որպեսզի կարողանանք աշխատողին չաշխատողից տարանջատենք: Ստացվել էր այն ձեւի, որ մենք մոտ 30% բարձր աշխատավարձ էինք տալիս ամեն աշխատողին՝ պարգեւատրումը աշխատավարձի վրա էր ավելանում, ու մարդիկ հանգիստ իրանց գործին էին. մեկն աշխատում էր, մեկը չէր աշխատում, բաժնում հինգ հոգի են, երկուսն աշխատում են, այն երեքը… Հիմա մենք ասում ենք՝ չէ, այն երկուսը, որ աշխատում են բարձր կստանան, մյուսները՝ ցածր: Ու այսպես պարզ կդառնա՝ ով է լավ աշխատում»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ