Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հեղափոխությունը սկսվում է Շահումյանի շրջանից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Փետրվար 05,2020 12:46

«Սուր քննադատություն կա երկրի ներսում, բավական մեծ է տարբեր գործիչների ցանկությունը`դառնալ երկրի նախագահ եւ որպես արդյունք, նաեւ պառակտումը հասարակության մեջ օրըստօրե բարձրանում է»,- սա Արցախից երեկ վերադարձած «Ոսկանապատ» կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի տպավորություններն են նախընտրական Արցախից:

Այսօր կենտրոնի կազմակերպած «Արցախը`մեծ փոփոխությունների նախաշեմին. արտաքին եւ ներքին անվտանգություն», թեմայով քննարկման ժամանակ ներկայացնելով իր մտահոգությունները, բանախոսը մասնավորաբար նկատեց, որ ամենավտանգավորն Արցախում այն է, որ առաջին անգամ սկսել են կիրառվել տարբեր տեխնոլոգիաներ, որոնք յուրահատուկ էին այն տարածաշրջաններին, որտեղ, մեղմ ասած, իրականացվում էր ոչ ժողովրդավարական կամ իշխանության ոչ տրամաբանական փոփոխման գործընթացներ. «Խոսքս հեղափոխական սցենարների մասին է: Արցախում ստեղծվում է այն ամենն, ինչ մենք տեսել ենք Հայաստանում`2016-17 թվականների սկզբներին. կա այնտեղի «հաց բերողը», որը խնդիրներ է բարձրացնում եւ զոհի տեսքով է ներկայացվում հանրությանը, կան այնտեղի ծայրահեղական գնահատականներով հանդես եկող եւ նորաստեղծ կուսակցություններ, որոնք քննադատում են բոլորին`ամենավերջին վիրավորանքներով, անպատասխանատու ձեւերով եւ այլն: Կա երեխաների ներգրավում քաղաքական գործընթացների մեջ, կա հասարակությանը քայլերթի դուրս բերելու, ոտքով քայլելու`«Գյումրուց Երեւան գալու» սցենարներ եւ ամենակարեւորը` Հայաստանի բարձրաստիճան, ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածություն`այդ գործընթացները կառավարելու գործում: Ընդ որում, հետաքրքիր է, որ նրանք էլ իրենց հերթին մրցակցում են`Արցախում իրենց թեկնածուներին նախագահ նշանակելու համար. մեկը դա անում է իր քաղաքական հեղինակության շնորհիվ, մյուսը`դա անում է իրենց քաղաքական շահերը սպասարկող ցանցերի եւ տեխնոլոգիաների միջոցով»:

Քաղաքագետը բացատրեց`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է Շահումյանի շրջան՝ Արցախ, պաշտոնական բացատրությամբ`երեխային տեսակցության, բայց չի զլանում, դուրս է գալիս, շփվում է տեղի բնակիչների հետ, ոգեւորում է`տարբեր քայլերի դիմելու տեսակետից` «Իշխանությունը ժողովրդինն է, դուք կարող եք լուծել», կոչով է հանդես գալիս: «Ըստ էության, Շահումյանի շրջանից սկսվում է Արցախը ճոճելու, հնարավոր է անգամ, մինչև նախագահական ընտրությունները Արցախում քաղաքական իրավիճակ փոխելու պրոցես»,- ասաց նա`հավելելով, որ գործընթացի շահառուներն են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ներկայիս ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն, որն ամենաշատն է շահագրգռված, որպեսզի գործընթացներն ընտրություններով չգնան, քանի որ ինքն արգելք ունի նախագահական ընտրություններին մասնակցության:

«Բայց կա նաև դիմադրության, մտահոգության լուրջ օջախներ, որոնցից ամենացայտուն երեւացող թեկնածուն Վիտալի Բալասանյանն է»,- ասաց քաղաքագետը`հավելելով, որ ակնհայտ է մի բան, որ նոր տեխնոլոգիաներն ընդդեմ Արցախի ավանդական քաղաքական գործընթացների, բախման լուրջ դաշտ է առկա եւ գործընթացներն առաջ են գնում վտանգավոր տեմպերով: Նա նաեւ ընդգծեց. «Տեսնում ենք, որ ամեն օր շոուներ են բեմադրվում ու տեսնում ենք, որ հանրությանը մեր կարևորագույն օրակարգի՝ Արցախի խնդրից շեղում են դեպի մանր-մունր, ոչնչով չհիմնավորված պրոցեսներ, որոնք ռազմավարական առումով իրենցից ոչինչ չեն ներկայացնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829