Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյան. «Այս պահին Տավուշում հրդեհ են հանգցնում. Արտակարգ դեպքերն ավելացել են»

Փետրվար 05,2020 12:35

Արտակարգ իրավիճակների նախարարության ծախսերն այս տարի նախորդ տարվա համեմատ ավելացել են. 2019-ին հատկացվել է 2 մլրդ 632 մլն դրամ, իսկ այս տարի՝ 15 մլրդ 300 մլն դրամ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ծախսերի աճն, ըստ նախարարի, կապված է պարգեւատրումների ֆոնդի ավելացմամբ եւ աշխատավարձերի բարձրացմամբ:

Նախարարության օպտիմալացման գործընթացի ավարտից հետո ՊՈԱԿ-ները չեն գործի, ինչպես ասաց նախարարը, գործընթացը սկսված է, օրենքի նախագիծը պատրաստ է, քննարկվում է:

Ցոլակյանը վստահեցրեց՝ այս գործընթացում կրճատումներ շատ չեն լինի, փրկարարների հաստիքները չեն կրճատվի, պարզապես պաշտոնների կրճատումներ են լինելու. «Կենտրոնական ապարատում եղած շատ հաստիքներ գնացել են դեպի ներքեւի օղակներ»:

Սեյսմիկ ռիսկերի գնահատման 108 եզրակացություն է տրվել, 40-ը՝ դպրոցի, 24-ը՝ մանկապարտեզի, 80-ը՝ բնակելի շենքերի:

«Անցյալ տարին արտակարգ դեպքերի քանակով աննախադեպ էր, օրինակ՝ անցյալ տարի 10 237 հրդեհ է եղել, իսկ 2018 թվականին՝ 6500: Ընդհանրապես, անցյալ տարի աճել են բոլոր տեսակի արտակարգ դեպքերը՝ պայթյուններ, փլուզումներ, քարաթափում եւ այլն»,-ասաց Ցոլակյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ անցյալ տարի մեկ հրշեջ է զոհվել՝ աշխատանքի ընթացքում, մեկն էլ ծանր վիրավորվել. «Երիտասարդի կորուստը ցավալի էր, դաս քաղելով՝ ղեկավար անձնակազմին պահանջ ենք դրել արդարացված ռիսկի պայմաններում աշխատել եւ կարողանալ զերծ պահել մեր փրկարարներին եւ հրշեջներին ավելորդ ռիսկերից: Նրանք անընդհատ վտանգի պայմաններում են աշխատում»:

Նախարարն անդրադառնալով հրդեհներին եւ հրդեհաշիջման աշխատանքներին՝ ասաց, որ անցյալ տարի դրանց քանակը շատ էր. «Հենց հիմա մեր տղաները հրդեհ են հանգցնում, Տավուշի մարզում: Պատճառն ինչն է. մեկն ինձ պատմում էր՝ ես խոտը վառում եմ՝ չի վառվում, որովհետեւ խոնավությունը շատ է, բայց դա ցածր աճած խոտի մասին է, բարձր աճածը վառվում է: Իսկ այնտեղ, որտեղ չի հնձվել խոտը, անասունները չեն արածել, այդ տեղերում բարձր է խոտը, այրվում է ու տանում անտառ»:

Ցոլակյանն ասաց՝ անընդհատ նախազգուշացնում են, բայց մի բան էլ ԱԻՆ-ին ծաղրում են, թե ձմռանը հրդեհ են մարում. «Այո, ձմռանն ունենք շատ քանակությամբ հրդեհներ, տարին սկսել ենք Լոռու եւ Տավուշի մարզերում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829