Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրս ինձ միշտ ասել է՝ չկոտրվես ոչնչից»

Փետրվար 05,2020 13:00

«Ազգային երգիչ» հեռուստանախագծից հայտնի Արթուր Խաչենցը՝ իր ձեռքբերումների, դժվարությունների ու երազանքների մասին։

– Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում ես երգով։ Ինչպիսի՞ն էին առաջին քայլերդ։

– Երեւի թե 5-6 տարեկանից սկսած, ինչ դպրոց եմ հաճախել։ Փոքր ժամանակ լացկան էի շատ. անընդհատ լացում էի, չէին կարողանում ինձ հանգստացնել։ Մայրս էլ կատակով ասում է, որ ես այդպես անընդհատ ձայնային վարժություններ էի անում։ Այնուհետեւ հաճախել եմ երաժշտական դպրոց ու հասկացել, որ երաժշտական դպրոցի դասընթացներն ինձ ավելի շատ են գրավում, քան դպրոցական առարկաները։ Սկսեցի անլուրջ վերաբերվել մնացած առարկաներին, թեպետ ունեի այլ երազանքներ՝ գրականություն էի շատ սիրում, որովհետեւ չկա մի գրող, ում կյանքն ու ստեղծագործությունները չիմանամ։ Գրականագետ կդառնայի, կամ հոգեբան… Բայց կարծում եմ՝ երգը այնպես եմ ընտրել, որ մեջը գրականություն կա, ինչպես նաեւ հոգեբանություն……երգը պետք է այնպես օգտագործես, որ չվնասես մարդկանց հոգիները։

– Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «Ազգային երգիչ» հեռուստանախագծին։

– Երեք տարի ընկերուհուս հետ շփվում էի, եւ երբ բաժանվեցինք՝ առօրյաս լցնելու տարբերակ էի փնտրում, որպեսզի այդ բացակայությունը ինձ չտանջեր։ Եվ որոշեցի ժամանակս լցնել, որպեսզի ժամանակ չունենայի կարոտելու, տխրելու… Դրա համար էլ լրացրեցի հայտը։ Մինչեւ դա՝ ինձ Հումորի լիգայով էին ճանաչում, ու սխալ էին ճանաչում՝ որպես պարող, չնայած նրան, որ ես պարի հետ ընդհանրապես կապ չունեի։ Ու ասացի՝ ինչի՞ չէ, գոնե մի քիչ իմ մասնագիտությամբ ինձ ճանաչեն։

– Կուռքեր ունե՞ս.

– Հիշում եմ, փոքր ժամանակ կային մարդիկ, որոնց երկրպագում էի, մինչեւ չկարդացի Գարեգին Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատությունը ու հասկացա, որ կուռքեր երբեք պետք չէ ունենալ։ Ուղղակի պետք է ունենալ իդեալներ, ում պետք է փորձել ամբողջ կյանքում ձգտել, հասնել, օրինակ վերցնել ու դաս քաղելով անցնել առաջ։ Ինձ համար մինչեւ այժմ էլ կան մարդիկ, որոնց ես հավանում եմ եւ երկրպագուն եմ ինձ համարում։ Հայաստանում միակը երեւի թե Արթուր Մեսչյանն է։ Չե Գեւարային եմ շատ երկրպագում, կապ չունի՝ տվյալ մարդը ողջ է, թե չէ, Նժդեհին եմ ամբողջ ազգային գաղափարախոսությամբ ընկղմված հավակնում։ Ինձ ավելի շատ համարում եմ ցեղակրոն, ազգայնամոլ, քան ուղղակի հայրենասեր՝ զուտ խոսքերով… Ու դերասանական, երաժշտական ասպարեզում էլ՝ Ջոնի Դեփ, Քոլին Ֆերեր, Ցոյ, Բասկա եւ այլն…

– Կնշե՞ս խոսքեր, կարծիքներ երկրպագուներիդ կողմից, որ ամենից շատն են տպավորվել։

– Ուրախ եմ, որ իրենց մոտ հայ տղայի կերպարը մի քիչ իմ կողմն է թեքվում։ Որովհետեւ ես մինչեւ բանակ գնալս մտածում էի, որ եթե ես բանակ չգնամ, չծառայեմ՝ ոչ մի ընտանիք ինձ աղջիկ չի տա։ Ուրախ եմ, որ աղջիկներին ձգում է բանակը, ամուր տղաները, քան այն  տղաներ, որ ուղղակի առօրյա քաղաքական կյանքով, ճոխություններով են ապրում։ Իմ երկրպագուները ինձ շատ են ոգեշնչում, ու կապ չունի, թե քանի տարեկան են։ Ուրախալին այն է, որ անգամ աշխատանքի ժամանակ մոտենում են ցածր տարիքի երեխաներ ու ասում են՝ բարեւ, Արթուր Խաչենց, ես քեզ սիրում եմ, սիրում եմ էն ամեն ինչը, ինչը դու անում ես բեմի վրա։

– Ինչպիսի՞ ձեռքբերումներ ես ունեցել կյանքում եւ ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումդ։

– Կյանքում ամենամեծ ձեռքբերումս նախ եւ առաջ այն է, որ հայ եմ ծնվել։ Երկրորդ ձեռքբերումս, որ ծնվել եմ բնության գրկում, ունեցել եմ հրաշք ծնողներ։ Մյուս ձեռքբերումս այն է, որ կարողացել եմ ծառայել հայոց բանակում, առաջնագծում, կարողացել եմ զոհված հորեղբորս առաքելությունները շարունակել ու մինչեւ օրս էլ… Բայց վերջերս ամենամեծ ձեռքբերումս իմ առաջնեկ որդին էր՝ «Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում» երգի մասին է խոսքը։ Երգն իմ ապրումների, անցած ճանապարհի խտացումից առաջացած ստեղծագործություն է։

– Ո՞րն է եղել կյանքիդ ամենամեծ դժվարությունը, որ հաղթահարել ես։

– Չեմ մտածում, թե նման դժվարություն է եղել իմ կյանքում։ Հուսամ, որ շատ ուշ կլինի։ Չեմ ուզում, որ գա այդպիսի մի օր այս աշխարհում, որ երկնքի տակ հայր եւ մայր չունենամ։ Դա կլինի իմ կյանքի ամենաաղետալի պահը, որից կուզենամ դուրս գամ…

– Ունե՞ս կարգախոս կյանքում։

– Չհանձնվել՝ անկախ ամեն ինչից… Հայրս ինձ միշտ ասել է՝ չկոտրվես ոչնչից, քանի դեռ ես քո կողքին եմ։ Եթե մինչեւ անգամ քո կողքին չլինեմ՝ թույլ չտաս, որ ինչ-որ բան այս կյանքում քեզ կոտրի։ Միշտ պայքարի՝ անկախ ամեն ինչից։ Եվ կարծում եմ՝ իմ անպարտելիությունը հենց դրանում է կայանում։

– Ի՞նչն է մոտիվացնում քեզ։

– Մոտիվացնել կարող են այն գրքերը, որոնք ես կարդում եմ։ Մոտիվացնել կարող են անմահ մարդկանց կյանքերը, գործունեությունը (Չե Գեւարա, Նժդեհ…)։ Մոտվիացնել կարող է ծնողներիս ներդրումը իմ կյանքի համար, մինչեւ հիմա ինձ թեւ ու թիկունք լինելը։ Մոտիվացնում է այն, որ ես հիմա ճիշտ ճանապարհի վրա եմ։ Մոտիվացնում է իմ «առաջնեկը»…

– Նկարագրիր քեզ 3 բառով։

– Պայքարող, սիրող, նվիրվող…

– «Կյանքն անիմաստ կլիներ, եթե…»

– Եթե չլիներ երաժշտությունը, եթե չլինեին այն մարդիկ, որոնցով մենք ապրում ենք, ոգեշնչվում, պայքարում ենք։ Կյանքն անիմաստ կլիներ, եթե մարդը լիներ միայնակ ու չունենար կորցնելու ոչինչ։

– Ինչպիսի՞ երազանքներ, նպատակներ ունես։

– Երազանքներս թողնում եմ երազանք էլ մնան։ Բայց եթե հասկանում եմ, որ թեկուզ մի փոքր հնարավորություն ունեմ այն իրականացնելու՝ դարձնում եմ նպատակ, իսկ որպես իրական երազանք մնացել է տիեզերագնաց դառնալս, իսկ մնացածը հերթականությամբ իրագործում եմ։ Նպատակս այն է, որ ես ապրեմ ու աշխատեմ էն ամեն ինչով, ինչը ես սիրում եմ. երաժշտություն, երգ, պոեզիա, դերասանական արվեստ, մշակույթ։

– Ինչպիսի՞ն ես քեզ պատկերացնում 10 տարի անց։

– 10 տարի հետո կուզենայի ունենալ ընտանիք, սեփական տուն՝ իմ գրասենյակով,  կուզենայի ունենալ երեխաներ… Աստված տա, որ այդ ընթացքում ինձանից իմ ծնողներն ու հարազատները չբացակայեն, որովհետեւ ես ուրախանում եմ, երբ որ իմ հաջողությունները միայնակ չեմ տոնում։ Ու կուզեմ, որ վաղն էլ իմ երեխաները ապրեն նրա համար, որ ինձ անընդհատ հպարտանալու տեղիք տան…

Հարցազրույցը՝ ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829