2020թ. հունվարին բարձր նորաձեւության աշխարհը մեծ հանդիսավորությամբ «թոշակի» ուղարկեց արդեն կես դար իր յուրատեսակ ձեռագրով առանձնացող աշխարհահռչակ դիզայներ Ժան Պոլ Գոտյեին:
Kulturologia.ru-ի փոխանցմամբ, նա մանկությունն ու երիտասարդությունն անցկացրել է Փարիզի մոտակայքում: Հետագայում աշխարհահռչակ դիզայները հարցազրույցներից մեկում պետք է հիշեր, թե երեխա ժամանակ ինչպես է «քուջուջ» արել տատիկի իրերի մեջ ու հայտնաբերել նրա կորսետը, որն անչափ գրավել է ուշադրությունը:
Ոգեշնչված դրանից՝ նա ստվարաթղթից պատրաստել է իր առաջին բյուստգալտերը՝ Թեդի արջուկի համար, քանի որ ծնողները չէին կատարում նրա խնդրանքը ու չէին ցանկանում տղա երեխային տիկնիկ նվիրել:
Ժան Պոլ Գոտյեն մասնագիտական կրթություն չի ստացել: Երիտասարդ տարիքում նա պատրաստում է իր էսքիզների առաջին հավաքածուն եւ ուղարկում Նորաձեւության տարբեր տների, սակայն դրանց մեծ մասը վանում է նորեկին, իսկ Սեն-Լորանը քաղաքավարի մերժում է: Եվ միայն Պիեռ Կարդենից է հարցազրույցի հրավեր ստանում:
Կարդացեք նաև
Պիեռին շատ են դուր գալիս նրա աշխատանքները եւ Գոտյեին նշանակում է ավագ օգնական։ Կարդենի նորաձեւության տանը տիրում էր կատարյալ ազատություն, ինչի շնորհիվ Ժան Պոլը կատարելագործվում էր։ Տասնութ տարեկանում նա սկսում է իր կարիերան ֆեշն -ինդուստրիայում:
Դրանից վեց տարի անց նա ներկայացնում է իր առաջին հավաքածուն, իսկ ութսունականներին Ժան Պոլ Գոտյեն արդեն հայտնի էր որպես դիզայներ, որը գիտեր՝ ինչ ասել եւ ինչ ցուցադրել: Էպատաժը Գոտյեի համար ինքնանպատակ չէր, պարզապես նա աշխատանքի բերումով պետք է շփվեր հենց էպատաժային կերպարների հետ: Գոտյեի հանրահայտ հաճախորդներից էին Մադոննան, Մերիլին Մենսոնը, Լեդի Գագան, Շերը, Ռիհաննան, Քայլի Մինոուգը, Նիկոլ Քիդմանը։ 2012 թ. Haute Couture հավաքածուն նա նվիրել է Էմի Ուայնհաուսի հիշատակին։ Կարել է հագուստներ «Հինգերորդ տարրը», «Սեւ կարապ», «Կիկա», «Մաշկը, որի մեջ ապրում եմ» ֆիլմերի գլխավոր հերոսների համար։
XX դ. վերջին նորաձեւությունը Գոտյեի համար միայն գեղեցիկ հագնվելը չէր. 1985թ. նա տղամարդկանց հագուստների հավաքածու ստեղծեց, որտեղ մոդելները կիսաշրջազգեստներով էին, իսկ 2003թ. ցուցադրության ժամանակ մանեքենուհիները, ոչ ավել, ոչ պակաս, կախիչների դեր էին կատարում, հագուստներն ուղղակի ամրացված էին նրանց մարմինների վրա: Գոտյեի սրածայր բյուստգալտերն առաջին անգամ կրել է Մադոննան իր համաշխարհային համերգաշարի ժամանակ: Ըստ որոշ լուրերի, Գոտյեն երեք անգամ խնդրել է Մադոննայի ձեռքը ու երեք անգամ էլ մերժվել, նաեւ դրանով է պայմանավորված նրա մեծ հիացումը երգչուհու հանդեպ եւ յուրօրինակ զգեստների ստեղծումը՝ հատուկ Մադոննայի համար:
Գոտյեի վերջին ցուցադրությունն, ինչպես արդեն նշեցինք, կայացավ այս տարվա հունվարի 22-ին՝ «Նորաձեւություն՝ ամբողջ կյանքի համար» խորագրով: Շուրջ քառասունհինգ րոպե պոդիումի վրա խորհրդանշական կերպարներ էին, որոնք խորհրդանշում էին նորաձեւության մահն ու վերածնունդը: Շոուից հետո երեկոն վերածվեց դիսկոտեկի, որը ձգվեց մինչեւ առավոտ, եւ սա մեծ դիազայների ցանկությունն էր: «Եկել է ժամանակը ոչ թե հանգստի անցնելու, այլ մեկ ուրիշ բանով զբաղվելու»,-ասել է Գոտյեն իր վերջին ցուցադրության ժամանակ: Թե ինչ է նկատի ունեցել, նա առայժմ չի մանրամասնել:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ Kulturologia.ru կայքից:
«Առավոտ» օրաթերթ
04.02.2020