Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի եւ նրա եղբոր գործում նոր զարգացումներ կան

Փետրվար 05,2020 13:30

Անդամ պետություններին ուղղված «Եվրոպական բանտային կանոնների մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2006)2 հանձնարարականը, որն ընդունվել է 2006 թվականի հունվարի 11-ին, սահմանում է, որ բանտարկյալներին պետք է թույլատրվի հնարավորինս հաճախ նամակով, հեռախոսով կամ հաղորդակցության այլ ձեւերով հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց եւ արտաքին կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ տեսակցել թվարկված անձանց հետ:

Հաղորդակցությունները եւ տեսակցությունները կարող են ենթարկվել սահմանափակումների եւ մշտադիտարկման, որն անհրաժեշտ է քրեական գործի քննությունը շարունակելու, կարգուկանոնի պահպանման, ապահովության եւ անվտանգության, հանցագործության կանխարգելման, հանցագործությունից տուժածներին պաշտպանելու համար, սակայն նման սահմանափակումները, ներառյալ դատական մարմինների որոշումներով նախատեսված սահմանափակումները, ամեն պարագայում չպետք է բացառեն շփումների նվազագույն մակարդակը:

«AM» փաստաբանական գրասենյակի փաստաբան, պաշտպան Լեւոն Սահակյանի գնահատմամբ՝ «Ինձ հայտնի հանգամանքների, ինչպես նաեւ վերոգրյալ նորմերի համատեղ վերլուծության արդյունքում կարելի է գալ եզրահանգման, որ մեղադրյալների տեսակցություններն (առավել եւս ընտանիքի անդամների հետ, ովքեր որեւէ առնչություն չունեն սույն քրեական գործին) ու հեռախոսային խոսակցություններն անհարկի արգելելը, գոնե այսօր արդեն, չի նպաստում գործի առավել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը, այլ կարող է թողնել հակառակ արդյունքը»:

«Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի՝ Հարություն Գրիգորյանի եւ իր եղբոր՝ Զավեն Գրիգորյանի իրավունքների խախտումները հերթով վերացնելու գործընթացը սկսվեց: Չնայած քննչական մարմնի ու դատախազության համառ ջանքերին՝ հունվարի 30-ին դատական կարգով վերականգնվեց իրենց ծնողների հետ տեսակցություն ունենալու մեղադրյալների տարրական իրավունքը: Դատարանը եկավ եզրահանգման, որ սահմանափակման աստիճանը՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցման ամբողջական բացառումը, այդ թվում ծնողի հետ հաղորդակցման մասով, համաչափ չէ հետապնդվող նպատակին: Արդյունքում՝ դատարանն այդ մասով բավարարեց մեր բողոքը ու որոշեց պարտավորեցնել վարույթ իրականացնող մարմնին վերացնել մեղադրյալների իրավունքների նշված խախտումը»,-«Առավոտին» երեկ տեղեկացրեց Գրիգորյանների պաշտպանը՝ Լեւոն Սահակյանը:

Փաստաբանը դիմելով դատարան՝ հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մնոյանի վարույթում գտնվող թիվ 37157219 քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել մեղադրյալներ Հարություն եւ Զավեն Գրիգորյանների տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին:

Այդ որոշումները սահմանված կարգով բողոքարկվել էր հսկողություն իրականացնող դատախազին: Անցյալ տարվա  դեկտեմբերի 16-ին դատախազն իր որոշմամբ մերժել էր փաստաբանի բողոքը:

«Կարող եմ ենթադրել, որ որեւէ հիմք առկա չէ մեղադրյալների տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները սահմանափակելու առումով»,-ասում է փաստաբանը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, համաձայն որի. «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք»:

ՀՀ գործող սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն էլ՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք:

ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են:

ՀՀ սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության իրավունք:

Իրավական հիմնավորումների մեջ փաստաբան Սահակյանը հղում էր կատարել նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձնաց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ եւ 17-րդ հոդվածներին, որոնց համաձայն՝ «Կալանավորված անձին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու կարճատեւ տեսակցություն` մինչեւ երեք ժամ տեւողությամբ: Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերը կալանավորված անձանց կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ ապահովելու համար ստեղծում են համապատասխան պայմաններ»:

Ի դեպ, ՀՀ սահմանադրական դատարանի 05.02.2019թ. որոշմամբ, որը վերաբերում է տեսակցությունների իրավունքին, արձանագրել է. «Տեսակցությունների իրավունքը նրա ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի էական մասն է, ինչն ապահովում են պետական մարմինները, որոնք անհրաժեշտության դեպքում օժանդակում են, որ դատապարտյալը կարողանա կապ պահպանել ընտանիքի անդամների հետ։ Միաժամանակ, պետք է նշել, որ պայմանավորված կալանավորի անհատական որոշակի բնութագրերով, նրա կապն արտաքին աշխարհի հետ կարող է սահմանափակվել՝ ներառյալ ընտանիքի հետ տեսակցությունների քանակի կրճատումը, այդ տեսակցությունների նկատմամբ հսկողությունը, եթե այդ սահմանափակումները ողջամտորեն անհրաժեշտ են իրավաչափ նպատակին հասնելու համար»։

Ըստ փաստաբանի, վարույթ իրականացնող մարմնի նման վարքագծով վտանգվում է նաեւ պետության հատուկ պաշտպանության ու հովանավորության ներքո գտնվող Հարություն Գրիգորյանի նորաստեղծ ընտանիքի ամրությունը. «Հարությունը փաստացի ամուսնացել էր բոլորովին վերջերս եւ ազատությունից զրկվելուց մինչ օրս հնարավորություն չի ունեցել շփվել իր կնոջ հետ, քննարկել իրենց հետագա համատեղ կյանքը»:

ՀՀ սահմանադրությունը երաշխավորել է մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաեւ հեռախոսային խոսակցությունների ազատության իրավունք, եւ ըստ բողոքաբերի, դրանց անհարկի սահմանափակումը կարող է հանգեցնել նրանց մոտ հոգեբանական ընկճվածության, ինչի արդյունքում նրանք չեն կարող լիարժեք իրականացնել իրենց պաշտպանության իրավունքը, որն էլ կհանգեցնի սույն գործով նրանց արդար դատաքննության իրավունքի խախտման:

Հիշեցնեմ, որ նախկին մարզպետի օգնականն ու եղբայրը մեղադրվում են անցյալ տարվա սեպտեմբերին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ վիճաբանելու, նրան մարմնական վնասվածքներ հասցնելու գործով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829