Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովն ունի բացարձակ մենաշնորհային իրավազորություն Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցում

Փետրվար 05,2020 14:00

Լեւոն Յոլյանի կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը Սահմանադրության պահանջների խախտմամբ զբաղեցնելու խնդրին բազմիցս լրատվամիջոցներն անդրադարձել են` հրապարակելով այդ առնչությամբ իմ ներկայացրած բոլոր իրավական հիմնավորումներն ու փաստարկված վերլուծությունները:

Չկրկնվելու նպատակով` ընդամենը հավելեմ, որ գոյություն չունի որեւէ իրավական ակտ, նորմ, դրույթ կամ կարգավորում, որով նախատեսված է Վերահսկիչ պալատի նախագահի` որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ պաշտոնավարումը մեխանիկորեն շարունակելու ընթացակարգ:

Հետեւաբար, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը դե յուրե թափուր է եւ Ազգային ժողովում, իրավական առումով, պետք է տեղի ունենա Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրություն: Այս առնչությամբ ես դիմել եմ նաեւ օրենսդիր մարմնին, ուստի ակնկալում եմ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների իրավաչափ արձագանքը:

Մասնավորապես 2019 թվականի սեպտեմբերի 13-ից մեկնարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի հերթական անդամի ընտրության համար ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների կողմից թեկնածություններ առաջադրելու գործընթացը, իսկ հիմք ընդունելով իմ ներկայացրած իրավական հիմնավորումները՝ Ազգային ժողովում կարող է տեղի ունենալ միանգամից Հաշվեքննիչ պալատի լեգիտիմ նախագահի ընտրություն, ով օրենքի ուժով կլինի նաեւ Հաշվեքննիչ պալատի յոթ անդամներից մեկը:

Իսկ Լեւոն Յոլյանը, կրկին անգամ հիմք ընդունելով այդ հիմնավորումները, կարող է շարունակել պաշտոնավարել որպես ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ: Եվ այն հանգամանքը, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ դեռեւս չի ընտրվել, վկայում է այն մասին, որ իրադարձությունները կզարգանան հենց այդպես:

Հարկ է հատուկ ընդգծել, որ ոչ լեգիտիմ նախագահ ունենալը կամ նախագահ չընտրված անձի կողմից այդ պաշտոնը զբաղեցնելը հեղինակազրկում է Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը:  «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածն ամրագրում է, որ Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ հանրությանը ժամանակին, մասնագիտական ու անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է:

Ընդհանրապես հրապարակայնությունը Հաշվեքննիչ պալատի գործունեության կարեւորագույն սկզբունքն է, ինչի մասին նշված է ինչպես «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում, այնպես էլ` Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) հիմնարար փաստաթղթերում: Իսկ այդ սկզբունքը կյանքի կոչելու առումով վերջին ժամանակաշրջանում հրապարակայնորեն չի բարձրաձայնվում ո՛չ ՀՀ հաշվեքննիչ պալատի  ո՛չ էլ` պալատի կատարած հաշվեքննությունների արդյունքում որեւէ աղմկահարույց բացահայտման կամ բյուջե վերականգնված գումարի մասին:. Տպավորություն է ստեղծվում, որ եթե չլինեն իմ այս պարբերական հրապարակումները, ապա Հաշվեքննիչ պալատն ի սպառ մոռացության կմատնվի: Եվ այս ամենը ձեռնատու է միայն Լեւոն Յոլյանին, քանզի նա որդեգրել է պասիվ, չեզոք կամ որեւէ բանի չխառնվելու քաղաքականություն, ինչի նպատակն ակնհայտ է, որ ժամանակ շահելն ու ձգելն է, որպեսզի, ստվերում լինելով, առավելագույնս երկար հնարավոր լինի մնալ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում:

Ես բազմիցս նշել եմ եւ մեկ անգամ եւս պետք է բարձրաձայնեմ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատում են աշխատում հանրապետության լավագույն աուդիտորները, որոնց կարողությունների չնչին մասն է ավաղ օգտագործվում: Ուստի, ցանկանում եմ փաստել, որ Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը Լեւոն Յոլյանից օր առաջ ձերբազատելը եւ ՀՀ հաշվեքննիչ պալատի լեգիտիմ նախագահ ընտրելը անհամեմատ կբարձրացնի Հաշվեքննիչ պալատի աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաեւ կվերականգնի սահմանադրական այդ կարեւորագույն մարմնի հեղինակությունը:

Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը Սահմանադրության պահանջների խախտմամբ զբաղեցնելու վերաբերյալ իմ հայտարարությունները հաճախ թյուրիմացաբար նմանեցվում են Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված հանրահայտ քննարկումների, մասնավորապես` «դատավոր» եւ «անդամ» տերմինների իրավական կիրառելիության հետ, մինչդեռ դա ամենեւին այդպես չէ: Ես բարձրաձայնում եմ կոնկրետ անձի կողմից Սահմանադրության պահանջների խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու փաստի մասին: Ավելին` սկզբունքորեն տարբերվում է նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի եւ Սահմանադրական դատարանի նախագահների ընտրության իրավական մեխանիզմը: Այսպես, եթե Սահմանադրական դատարանի նախագահին Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի կարգավորումների համաձայն ընտրում են Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց կազմից, ապա ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահն ընտրվում է Սահմանադրության 199-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` անմիջապես ՀՀ Ազգային ժողովի կողմից: Այսինքն, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության, ինչպես նաեւ վերջինիս լիազորությունների դադարեցման հարցերում Ազգային ժողովն ունի բացարձակ մենաշնորհային իրավազորություն` առանց ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամների որեւէ մասնակցության կամ միջամտության, ինչը կարող է իրականացնել ցանկացած պահի…

Անդրադառնալով դատական գործերի ընթացքին` պետք է նշել, որ 2020 թվականն, ինչպես խոստացել էի, մեկնարկել է բավականին բուռն հագեցած դատական նիստերով: Ընդհանուր առմամբ առկա է արդեն թվով ինը դատական գործ: Վարչական գործերով մեծամասամբ դեռեւս տեղի են ունենում նախնական դատական նիստեր որոնց ընթացքում, որպես կանոն, ճշգրտվում են հայցապահանջները: Որոշ դեպքերում դատարանն արդեն անցել է դատաքննության եւ վկաներից ցուցմունքներ վերցնելու, ինչպես նաեւ նրանց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հարցաքննելու փուլերին: Դատարաններում որպես վկա հանդես են գալու հիմնականում ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամները, որոնցից ակնկալվում է արժանահավատ եւ անկողմնակալ տեղեկատվության տրամադրում: Դատական քննությանն են հանձնված նաեւ Լեւոն Յոլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հանցակազմի հատկանիշներով քրեական գործեր հարուցելուն վերաբերող թվով երեք բողոքներ: Վարչական գործերի շրջանակներում մեկ դրվագով էլ պատրաստվում ենք դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, փաստաթղթերը գտնվում են մշակման փուլում: Դատական գործերով, ինձնից բացի, նաեւ զբաղվում է նեղ մասնագիտական փաստաբանական խումբ:

Եզրափակելով խոսքս` ցանկանում եմ հերթական անգամ հավաստիացնել, որ պատրաստակամ եմ ու հետամուտ եմ լինելու արդարության վերականգնման, ինչպես նաեւ անօրինականությունների հեղինակին եւ մեղավորին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու հարցերում` անկախ գործընթացի երկարատեւ կամ աշխատատար լինելու հանգամանքներից:

Արամ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

ՀՀ հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829